Վաշինգտոնն ու Մինսկը բանակցում են Բելառուսում քաղբանտարկյալների ազատման շուրջ

Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկո

Հաղորդվում է, որ Վաշինգտոնն ու Մինսկը բանակցություններ են վարում Բելառուսում զգալի թվով քաղբանտարկյալների ազատ արձակման շուրջ: Փոխարենը ԱՄՆ-ն կարող է մեղմել Ռուսաստանի դաշնակցի նկատմամբ սահմանված որոշ պատժամիջոցներ:

Օրերս պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, թե Բելառուսի կառավարությունը համաձայնել է ազատ արձակել երեք քաղբանտարկյալների, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության լրագրող Անդրեյ Կուզնեչիկին և 56-ամյա ԱՄՆ քաղաքացի Նիկոլայ Շուգաևին։

Ազատ արձակումից հետո ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Քրիստոֆեր Սմիթն ասել է, թե Վաշինգտոնն աշխատում է ավելի շատ քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ:

Բելառուսում ԱՄՆ նախկին դեսպան Քենեթ Յալովիցը, սակայն, այդքան էլ լավատես չէ, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը շոշափելի փոփոխություն կբերի բելառուսական քաղաքականությունում:

«Մարդասիրական առումով ողջունելի է տեսնել Բելառուսի բանտերից յուրաքանչյուր քաղբանտարկյալի ազատ արձակումը։ Քայլ առաջ է: Բայց Բելառուսում հազարից ավելի քաղբանտարկյալներ կան: Ավտորիտար բռնապետությունը մնում է շատ ամուր»,- պնդում է Յալովիցը:

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ն ու Բելառուսը քննարկում են բելառուս քաղբանտարկյալների ազատման հարցը

Նրա խոսքով՝ Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոյի որոշումները գլխավորապես կապված են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, և Մինսկը արձագանքում է Ուկրաինայի շուրջ և ամերիկա-ռուսական հարաբերություններում ընթացող զարգացումներին։

The New York Times-ի հաղորդմամբ՝ Թրամփի վարչակազմը բաց է համաձայնության կայացմանը՝ առաջարկելով մեղմել մարդու իրավունքների խախտումների պատճառով Մինսկի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները:

Բելառուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Մոջեյկոյի կարծիքով՝ ԱՄՆ և Բելառուսի միջև հնարավոր գործարքը բխում է պատժամիջոցների տրամաբանությունից։

«Կարծում եմ՝ սա հստակ ցույց է տալիս, թե ինչպես են գործում պատժամիջոցները: Եթե Մինսկը պատրաստ է զիջումների գնալ, քաղբանտարկյալներին ազատ արձակել՝ պատժամիջոցների թուլացման դիմաց, հաջող ճնշման արդյունք է»,- ասում է Մոջեյկոն:

Պատմաբան և քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ֆրիդմանը համաձայն է, որ պատժամիջոցներն արդյունավետ են եղել, բայց կասկածում է, թե ԱՄՆ հետ ցանկացած գործարք կարող է Բելառուսին ավելի մոտեցնել Արևմուտքին:

«Լուկաշենկոն ընդհանրապես դեմ չէր լինի ԱՄՆ-ի հետ գործարքի գնալ: Բայց, իհարկե, կա ռուսական գործոնը. նույնիսկ եթե Լուկաշենկոն ցանկանա համաձայնության գալ ԱՄՆ հետ, արդյո՞ք Ռուսաստանը թույլ կտա նրան այդ անել»,- ասում է Ֆրիդմանը:

Բելառուս լրագրող և նախկին քաղբանտարկյալ Օլգա Լոյկոյի ներկայացմամբ՝ անշուշտ, ուրախ է, որ քաղբանտարկյալները կարող են ազատ արձակվել, բայց մտավախություններ ունի:

«Բոլորս գիտենք, որ Լուկաշենկոն վարպետ է պայմանավորվածությունները չկատարելու հարցում: Ի վերջո, բոլորին ազատելու պայմանավորվածությունը կփոխցի ու կդառնա պայմանավորվածություն ոչ բոլորի, ապա ոչ մեկի մասին։ Եվ հետո բռնաճնշումները կշարունակվեն, և ոչինչ չի փոխվի»,- նշում է Լոյկոն:

Նոբելյան մրցանակակիրների մի խումբ վերջերս դիմել է ԱՄՆ նախագահին և ԵՄ առաջնորդներին՝ խնդրելով նրանց «հրատապ և վճռական գործողություններ ձեռնարկել»՝ Բելառուսի բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար: