Եվրոպան պետք է պաշտպանի իրեն. Ֆրիդրիխ Մերց 

Գերմանիայի, Ուկրաինայի և ԵՄ դրոշները

Ֆրիդրիխ Մերցը, ով, ամենայն հավանականությամբ, գլխավորելու է Գերմանիայի հաջորդ կառավարությունը, զգուշացրել է՝ Միացյալ Նահանգներին «այլևս չի հետաքրքրում» Եվրոպայի ճակատագիրը և կոչ է արել մայրցամաքին իր ձեռքը վերցնել սեփական պաշտպանությունը։ 

Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասը, որը Սառը պատերազմի ժամանակ բաժանված քաղաքի արևելյան ու արևմտյան հատվածների միջև սահման էր ծառայում, երկուշաբթի լուսավորվել է կապույտ և դեղին գույներով՝ ի նշան Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման երրորդ տարելիցի:

Կիրակի կայացած Գերմանիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ամենից շատ ձայները շահած աջ-կենտրոնամետ քրիստոնեա-դեմոկրատների համար ուկրաիանական հարցը առաջնային է՝ Մոսկվայից բխող սպառնալիքի պատճառով:

«Հուսով եմ, որ նոր կառավարությունը կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային և կաշխատի եվրոպական երկրների հետ՝ Ռուսաստանին, իսկ այժմ նաև Թրամփին հակակշիռ ստեղծելու համար»,- ասում է Բրանդենբուրգի դարպասի դիմաց կայացած ցույցի մասնակիցներից Յուրգեն Հարկեն:

Հայտնի է՝ Ուկրաինայի հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է Վաշինգտոնի մոտեցումը՝ վերջերս անգամ մեղադրելով Կիևին պատերազմ սկսելու մեջ: Բացի այդ, ԱՄՆ-ն, ըստ էության, հայտարարել է, թե եվրոպական անվտանգությունն իր համար այլևս առաջնահերթություն չէ:

Ըստ էության, այս ամենն է հիմք տվել գերմանական քրիստոնեա-դեմոկրատների առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին ասել, որ Թրամփի վարչակազմին այլևս չի մտահոգում Եվրոպայի ճակատագիրը:

«Հասկանալի է, որ մենք՝ եվրոպացիներս, այժմ պետք է կարողանանք շատ արագ գործել, շատ արագ կազմակերպել մեր պաշտպանությունը»,- ասել է Մերցը:

Գերմանացի գործիչը հաճախ է հանդես եկել անդրատլանտյան ամուր կապերի օգտին, ուստի նրա խոսքերը նման էին երկրաշարժի՝ ասում է վերլուծաբան Մատիա Նելեսը:

«Մենք՝ Գերմանիան, ցնցված և բացարձակապես անպատրաստ ենք Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Ամերիկայի դերակատարության ավարտին: Դժվարին վիճակում ենք՝ [պետք է կարողանանք] կազմակերպել ոչ միայն Ուկրաինայի, այլ սեփական պաշտպանությունը։ Բայց Մերցն ասել է, որ պատրաստ է առաջնորդել այդ հարցում, և եկեք տեսնենք, թե արդյոք կկարողանանք առաջ գնալ»,- նշում է Նելեսը:

Կարո՞ղ է Եվրոպան իրեն թույլ տալ վճարել սեփական պաշտպանության համար:

Մերցը ստիպված կլինի փոխել իր դիրքորոշումը ֆինանսական շատ հարցերում՝ հավելում է վերլուծաբան Լիանա Ֆիքսը:

«Նա կարող է համաձայնել եվրոպական մակարդակով պարտք վերցնելուն, ինչին պահպանողականները միշտ դեմ էին: Նա կարող է համաձայնել ռուսական սառեցված [պետական] ակտիվների բռնագրավմանը, ինչը մինչ այժմ չի արվել, բայց պետք է շուտով արվի»,- ասում է Ֆիքսը:

Սակայն քրիստոնեա-դեմոկրատներն ինքուրույն չեն կարող կառավարություն կազմել, քանզի խորհրդարանում մեծամասնություն չեն: Մերցը բացառել է կոալիցիան ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հետ, որը կիրակնօրյա քվեարկության արդյունքներով երկրորդն է՝ հավաքելով իր համար ռեկորդային՝ 20,8%:

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության Ալիս Վայդելը հայտարարել է. «Մեզ հետ կոլաիցիա չկազմելու այս մոտեցումը համարում ենք ոչ ժողովրդավարական։ Չեք կարող անտեսել միլիոնավոր ընտրողների ձայները»:

Փոխարենը՝ Մերցը, ըստ ամենայնի, կոալիցիա կազմելու բանակցություններ կսկսի հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցի սոցիալ-դեմոկրատների հետ:

Պաշտպանական ծախսերից բացի, միգրացիայի կրճատումն ու Գերմանիայի տնտեսության խթանումն են լինելու գերիշխողը առաջիկա քննարկումներում: