Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Վաշինգտոնը ձգտում է Ուկրաինայի հակամարտության «արդար» և «մնայուն» լուծման։ Կողմերը պայմանավորվել են համագործակցել մի քանի ուղղություններով։
Առաջինը՝ վերականգնել երկկողմ դիվանագիտական ներկայացուցչությունների լիարժեք աշխատանքը։
Երկրորդ՝ ստեղծել բարձր մակարդակի բանակցային թիմ՝ Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու նպատակով։
Երրորդ՝ սկսել քննարկումներ աշխարհաքաղաքական և տնտեսական համագործակցության շուրջ։
Միացյալ Նահանգների պետքարտուղարն ընդգծել է՝ պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ հետագայում նորից չբռնկվի։ Բանակցությունները ներառելու են տարածքային հարցերին և անվտանգության երաշխիքներին վերաբերող կետերը։
Ըստ Ռուբիոյի՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր նպատակն է «դադարեցնել սպանություններն ու ավերածությունները»։
«Կարևոր է հասկանալ, որ աշխարհում միակ առաջնորդը, ով կարող է այդ անել, ով կարող է մարդկանց համախմբել, որպեսզի սկսեն լրջորեն խոսել այս մասին, նախագահ Թրամփն է»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։
Իր հերթին՝ Մայք Ուոլցը նշել է, որ գրավյալ տարածքների հարցը կքննարկվի հետագայում։
Անդրադառնալով պատժամիջոցներին՝ Ռուբիոն նշել է, որ դրանք վերացնելու համար բոլոր կողմերը պետք է զիջումների գնան և ԵՄ-ն նույնպես պետք է մասնակցի բանակցություններին։
Ուոլցը տեղեկացրել է, որ ԱՄՆ կապի մեջ է նաև եվրոպական գործընկերների հետ։ Թրամփը խոսել է Մակրոնի հետ, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետը շուտով կայցելի Վաշինգտոն։
Թրամփի և Պուտինի հանդիպման ամսաթիվը դեռ չի հստակեցվել։
Սթիվ Ուիտկովն ընդգծել է, որ ԱՄՆ նպատակն է «երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը եվրոպական ղեկավարության ներքո»։
Վաշինգտոնի մերջավորարևելյան բանագնացը հիշեցրել է՝ ՆԱՏՕ-ի անդամների մեկ երրորդը դեռ չի հատկացնում սեփական ՀՆԱ-ի 2%-ը պաշտպանությանը, ինչը «անընդունելի է», և հույս է հայտնել, որ մինչև ալյանսի հունիսյան գագաթնաժողով այս ցուցանիշը կբարելավվի։
Գնահատելով Ուկրաինայի շուրջ բանակցությունների հեռանկարը՝ Ռուբիոն ասել է, որ ամեն ինչ կախված կլինի կողմերի պատրաստակամությունից՝ ոչ միայն ստանձնել պարտավորություններ, այլ դրանք ի կատար ածել։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամերիկյան ու ռուսական պատվիրակությունների անդամների հետ։ Էր-Ռիադ, փետրվարի 18, 2025թ․։
«Սա պարզ կդառնա առաջիկա շաբաթներին։ Բայց ուզում եմ կրկնել՝ նախագահ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ հստակ ասաց, որ այս հակամարտությունը պետք է ավարտվի: Նա աշխարհում միակ առաջնորդն է, ով կարողացավ սկսել այն գործընթացը, որն այսօր տեսնում ենք այստեղ, և այս գործընթացը շարունակվելու է։ Եվ եթե մենք ցանկանում ենք հակամարտության երկարաժամկետ և մնայուն ավարտ, նշանակում է, որ այն պետք է ընդունելի լինի բոլոր ներգրավված կողմերի համար։ Խոսքն ակնհայտորեն Ուկրաինայի, բայց նաև Եվրոպայում մեր գործընկերների, և, իհարկե, ռուսական կողմի մասին է»,- ասել է պետքարտուղարը։
Ըստ Ռուբիոյի, Մոսկվայում և Վաշինգտոնում դիվանագիտական ներկայացուցչությունների լիարժեք վերագործարկումից հետո բարձրաստիճան ներկայացուցիչների ու փորձագետների թիմը կսկսի քննարկել հակամարտության ավարտի պայմանները։
«Եվ այս ուղղությամբ, անշուշտ, բանակցություններ և խորհրդակցություններ կանցկացվեն Եվրոպայի ու այլ երկրների մեր գործընկերների հետ։ Բայց, ի վերջո, ռուսական կողմն անփոխարինելի կլինի այդ ջանքերում»,- նշել է Մարկո Ռուբիոն:
Հակամարտության ընդունելի ավարտի դեպքում, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, հնարավոր կլինի զարգացնել Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական և տնտեսական գործընկերությունը։
«Այսպիսով, բոլոր երեք ուղղությունների վրա աշխատանքները տարվելու են միաժամանակ։ Դիվանագիտական ճակատում մենք ձգտում ենք արագ առաջընթացի հասնել։ Հույս ունենք բավականին արագ առաջ գնալ, ինչը ենթադրում է մեր համապատասխան առաքելությունների աշխատանք։ Երկրորդ ուղղությունը դժվար է լինելու, այն է՝ Ուկրաինայի հարցը և այս հակամարտության ավարտը։ Բայց կարծում եմ, որ կարևոր է, որ երրորդ ուղին, ընդհանրապես, հնարավոր լինի, որպեսզի հնարավոր լինի համատեղ աշխատել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ աշխարհաքաղաքական հարցերի շուրջ, և, իհարկե, ներառյալ բավականին յուրահատուկ տնտեսական գործընկերությունը: Այնուամենայնիվ, այս հնարավորությունների դռները բացելու բանալին [ուկրաինական] հակամարտության դադարեցումն է»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը: