ԱՄՆ «սահմանային ցարը» դժգոհ է միգրանտների ձերբակալությունների տեմպից

Border Czar Homan speaks at the White House in Washington

Border Czar Homan speaks at the White House in Washington

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «սահմանային ցարը»՝ երկրի Ներգաղթի և մաքսային ծառայության ղեկավարը կիրակի հայտարարել է, որ «դժգոհ է» իր գլխացորած գերատեսչության գործակալների կողմից ձերբակալված և իրենց հայրենիք արտաքսված անօրինական միգրանտների թվից:

CNN-ի State of the Union հեռուստահաղորդմանը հյուրընկալվելիս Թոմ Հոմանը նշել է, որ հունվարի 20-ին Թրամփի երդմնակալության արարողությունից հետո 14,000 միգրանտ է ձերբակալվել, սակայն հավելել է, որ «պետք է շատ ավելին անել»:

Ձերբակալվածներից շատերը կա՛մ արտաքսվել են հայրենի երկրները, կա՛մ ուղարկվել են Կուբայում՝ Գուանտանամո ծովածոցում գտնվող ԱՄՆ ռազմածովային բազայի բանտ: Ոմանք ազատ են արձակվել՝ թույլտվություն ստանալով ապրել Միացյալ Նահանգներում մինչև դատական գործընթացները:

Ըստ գնահատականի՝ ԱՄՆ-ում ապրում են մոտ 11 միլիոն ապօրինի միգրանտներ:

Թրամփն իր նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր գտնել և արտաքսել «միլիոնավոր» միգրանտների: Պաշտոնյաներն ասում են, որ առաջին ձերբակալություններն ուղղված էին այն միգրանտների դեմ, որոնք ԱՄՆ-ում

դատապարտված են եղել հանցագործությունների համար, սակայն այժմ ցանկացած անձ, որը երկրում ապրում է առանց համապատասխան փաստաթղթերի, կարող է թիրախ դառնալ:

Ըստ Հոմանի, արտաքսվածների թիվը «շատ ավելի մեծ է», քան նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք էր: Նա նշել է, որ «պետք է բարձրացնել ցուցանիշները, ծանր աշխատանք է»։

Թրամփի վարչակազմի առաջին օրերին օրական հարյուրավոր միգրանտների էին ձերբակալում: Այժմ այդ թիվը ցածր է:

ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը հունվարի վերջին հաղորդեց օրական միջինը մոտ 800 ձերբակալությունների մասին: Հունվարի 26-ին եղել է 1,179 ձերբակալություն: Փետրվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում այդ թիվն օրական 600-ից քիչ էր:

Թրամփի վարչակազմի նպատակն է օրական ձերբակալել 1,200-ից 1,500 ապօրինի միգրանտի: