Նավալնիի մահվան տարելիցն է

Ռուսաստանցի հանգուցյալ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին՝ «Երբեք մի հանձնվիր» վերտառությամբ կոլաժի ֆոնին։

Ռուսաստանցի հանգուցյալ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին՝ «Երբեք մի հանձնվիր» վերտառությամբ կոլաժի ֆոնին։

Ռուսաստանյան հայտնի «Բևեռային գայլեր» քրեակատարողական գաղութում Ալեքսեյ Նավալնիի մահվան առաջին տարելիցին աշխարհի 18 երկրներ դիմել են Ռուսաստանի կառավարությանը՝ պահանջելով ազատ արձակել երկրի բոլոր քաղբանտարկյալներին։

Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կայքը։

Հայտարարությամբ այդ երկրների իշխանությունները, փաստորեն, մեղադրել են Կրեմլին՝ Պուտինի ամենից հայտնի քննադատի մահվան մեջ։ Փաստաթղթում նշված է, որ նախորդ 12 ամիսների ընթացքում Ռուսաստանում մարդու իրավունքների վիճակը էականորեն վատթարացել է, և քաղաքացիները բանտարկվել են Ուկրաինայում ռուսական ագրեսիայի դեմ սոսկ իրենց ձայնը բարձրացնելու համար:

Ռուսաստանի իշխանություններին ուղղված կոչի հեղինակները հավաստիացնում են, որ շարունակելու են աջակցել Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և իրավապաշտպաններին։

Փետրվարի 16-ին` Նավալնիի մահվան օրը Ռուսաստանի տարբեր քաղաքներում իրավապահները ձերբակալել են ռուսաստանցի հանգուցայլ ընդդիմադիր գործչի հիշատակին նվիրված միջոցառումների մասնակիցներին։

Աշխարհի բազմաթիվ երկրներում նմանատիպ հավաքներն անցել են, բնականաբար, առանց միջադեպերի:

Ալեքսեյ Նավալնիի գերեզմանը Մոսկվայի Բորիսովյան գերեզմանատանը։ Փետրվարի 16, 2025թ․։

Ալեքսեյ Նավալնիի գերեզմանը Մոսկվայի Բորիսովյան գերեզմանատանը։ Փետրվարի 16, 2025թ․։


«Հիանալի էր տեսնել, թե ինչպես են ավստրալացիները միանում մեզ»

Ավստրալիայում «Նավալնիի թիմի» ներկայացուցիչ Պետր Կուզմինը հայտնել է, որ Մելբուռնում բացվել է լուսանկարիչ Եվգենի Ֆելդմանի «Սա Նավալնին է» ցուցահանդեսը։ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Պետրը պատմել է, որ միջոցառումը գերազանցել է իր բոլոր սպասելիքները։

«Մարդկանց մեծ բազմություն կար, որոնց մեծ մասը ավստրալացիներ էին, և նրանք եկել էին ցուցահանդեսի բացմանը: Տեղի ունեցավ պաշտոնական հատված, ելույթ ունեցան ցուցահանդեսի համադրողները։ Խոսք վերցրեց Ավստրալիայի խորհրդարանի անդամ Սառա Հենդերսոնը, ով Ալեքսեյին անվանեց ուժեղ անհատականություն և մարդու օրինակ, ով պայքարում էր իր համոզմունքների համար՝ չնայած դժվարություններին։ Ես էլ ելույթ ունեցա՝ նշելով, որ Ալեքսեյ Նավալնիի սպանությունը մեզ համար հսկայական կորուստ է, քանի որ նա մեզ համար ոգեշնչման աղբյուր էր նույնիսկ բանտից։ Նաև ասացի, որ այն, թե ինչպես են հիշում Ալեքսեյին ողջ աշխարհում, [նման մոտեցումը], իրոք, աջակցում է մեզ»,- պատմել է Պետր Կուզմինը:

Կուզմինը հավաքվածներին ներկայացրեց Նավալնիի ինքնակենսագրականը՝ «Հայրենասեր» գիրքը և «Նավալնի» վավերագրական ֆիլմը։ Ապա, մեկ րոպե լռությամբ մարդիկ հարգեցին Ալեքսեյի հիշատակը։

«Եվ ես ուրախ էի տեսնել, որ ավստրալացիները միացան մեր արշավին: Բացմանը ռուսների մոտ մեկ քառորդն էր, և նրանց մեջ մի աղջիկ էր՝ «Ես/մենք Ալեքսեյ Նավալնին ենք» գրությամբ շապիկով։ Այդ շապիկները պատարստել էինք անցած տարի [Ռուսաստանի] նախագահական ընտրությունների համար», - նշել է քաղաքացիական ակտիվիստը։

Սիդնեյում Նավալնիի թիմի անդամ և Svoboda Alliance NSW հասարակական կազմակերպության քարտուղար Գալինա Սերեդինան հայտնեց, որ Ավստրալիայի մեծությամբ երկրորդ քաղաքում Ալեքսեյ Նավալնիի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել տեղի Թագավորական բուսաբանական այգում: Մի քանի ամիս առաջ այստեղ հուշատախտակ է տեղադրվել Պավել Շպիլևի ջանքերով, ով դրամահավաք է արել և բանակցել այգու տնօրինության հետ։

«Մի քանի տասնյակ մարդիկ հավաքվել էին ծաղիկներով, դիմանկարներով, շատ սրտառուչ ելույթներ պատրաստեցինք։ Մենք հատուկ մեծ ծրագիր չենք ունեցել, մենք փոքրիկ հիշատակի երեկո ենք կազմակերպել նրանց համար, ովքեր մտածում են, ովքեր ցանկանում են ասել, թե ով էր Ալեքսեյ Նավալնին մեզանից յուրաքանչյուրի և Ռուսաստանի համար և ինչպես ապրեցինք այս տարի։ Մենք կարդացինք հատվածներ «Հայրենասեր» գրքից և նրա 2024 թվականի վերջին խոսքերից, իսկ վերջում մեր բերած ծաղիկները թողեցինք հուշատախտակի մոտ»,- «Ամերիկայի ձայնին» փոխանցել է Գալինան։

Ըստ նրա՝ Թագավորական բուսաբանական այգի եկածների կազմը խառն էր՝ տեղի բնակիչներ և Սիդնեյ տեղափոխված ռուսաստանցիներ։ «Նրանք բոլորն էլ հասկանում են Ալեքսեյ Նավալնիի անձի մասշտաբները թե՛ Ռուսաստանի, թե՛ չարիքի ու բռնապետության դեմ համաշխարհային դիմադրության համար»,- եզրափակել է Գալինա Սերեդինան։


«Թիմի դիրքորոշումն այն է, որ առանց արդար դատարանների ոչինչ հնարավոր չի լինի փոխել»

Լիտվայի մայրաքաղաքում՝ Բորիս Նեմցովի պուրակում, Ռուսաստանի դեսպանատան մոտ մեկ տարի առաջ է հայտնվել Նավալնիին նվիրված հուշարձանը։ Սա պատահական չէ. Նեմցովիին և Նավալնիին դիտարկում էին որպես պուտինյան ռեժիմի գլխավոր հակառակորդներ և նրա զոհերը:

Առնվազն հարյուր մարդ փետրվարի 16-ին հավաքվել էր հրապարակում՝ «Պուտինը սպանեց Նավալնիին» պաստառի մոտ։ Չնայած ցրտաշունչ եղանակին, նրանցից շատերը եկել էին հուշարձան տանող կամրջի ճաղաշարին տեղադրելու Նավալնիի դիմանկարներն ու պաստառներ՝ «Ոչ թե մահ, այլ սպանություն» գրությամբ, նաև վառելու մոմեր։

Հավաքի մասնակիցները նշեցին, որ ստիպված են Վիլնյուում հիշատակել Ալեքսեյ Նավալնիի մահը, քանի որ չեն կարող հավաքվել Մոսկվայում՝ Բորիսովյան գերեզմանատանը, ուր հողին է հանձնված Ալեքսեյը։

Երեկոյան Վիլնյուսի հայտնի Ուժուպիս թաղամասում գտնվող Reforum Space հաստատությունում տեղի ունեցավ ռուսաստանցի ռելոկանտների հավաք։ Ցուցադրվեցին Նավալնիի թիմի հեղինակած հետաքննություններ։ Մասնակիցները քննարկեցին անցած տարի Ռուսաստանում և նրա շուրջ տեղի ունեցած զարգացումները:

Լիտվայում Նավալնիի թիմի համակարգող Օլգա Ռամնուսը ասել է․ «[Մարդիկ] հիշում են Ալեքսեյի արժանիքները այս կառավարությանը մերկացնելու և նրա հանցագործությունները բացահայտելու գործում։ Կարծում եմ, շատերին գրավել է այն, որ նա շատ բացահայտ խոսում էր պատերազմի մասին, թեև արդեն բանտում էր։ Թեև շատ ռուսաստանցիների համար դժվար էր այդ հասկանալ։ Նավալնին իսկական ազգային հերոս է, և մարդիկ դա գիտեն, գնահատում և հիշում են», - պատմել է նա «Ամերիկայի ձայնին»։

Ալեքսեյ Նավալնիին նվիրված հիշատակի արարողություն Պրահայում Ռուսաստանի դեսպանատան դիմաց։ Փետրվարի 16, 2025թ․։


«Մարդիկ ասում էին, որ Ալեքսեյի նկատմամբ հետաքննությունները օգնել են իրենց հասկանալ, թե, իրականում, ինչ է կատարվում Ռուսաստանում»։

Մեծ Բրիտանիայի FreeNavalny շարժման համակարգող Մարիա Մալիշևան հայտնել է, որ Լոնդոնում Նավալնիի հիշատակին մի քանի միջոցառումներ են տեղի ունեցել։

«Կոստանդնուպոլսի պատրիարքարանի եկեղեցում հոգեհանգստի արարողություն եղավ։ Հետո ցույց եղավ Ռուսաստանի դեսպանատան դիմաց։ Հետո՝ ռուսաստանցի քաղբանտարկյալների նամակների երեկո»,- փոխանցել է նա «Ամերիկայի ձայնին»։

Ըստ Մարիայի՝ նամակների երեկոյին մասնակցել է մոտ հարյուր մարդ։ «Հատուկ խոսնակներ չունեինք։ Մենք կարդում էինք Նավալնիի մասին նամակները, որոնք մեզ ուղարկել էին Ռուսաստանի կալանավայրերից, կարդում էինք սովորական մարդկանց նամակները», - նշել է նա։

Լոնդոնում կայացած բողոքի ակցիաներին մասնակիցների զգալի մասը այնտեղ բնակվող ռուսաստանցիներն էին։


Անդրեյ Զուբով. «Նավալնիի համար ճշմարտությունը դարձել էր գոյության իմաստը»

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ և պատմաբան Անդրեյ Զուբովը հիշում է՝ կենդանության օրոք Նավալնիի կշիռը ռուսական հանրության շրջանում անշեղորեն աճում էր։

«Մենք հանդիպեցինք Ալեքսեյ Անատոլևիչի հետ, ընդհանուր ծրագրեր ունեինք։ Բայց հիմա ուզում եմ խոսել նրա մասին ոչ թե որպես քաղաքական գործչի, այլ ցանկանում եմ արտահայտվել պատմաբանի դիրքերից։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի [պատմության տեսանկյունից] Նավալնիի [գործունեության] գագաթնակետը նրա ձերբակալությունն էր, 2021 թվականից հետո տեղի ունեցած դատավարությունները և, իհարկե, նրա ողբերգական մահը, ավելի ճիշտ՝ սպանությունը։ Գրեթե համոզված եմ, որ դա Պուտինի կողմից արտոնված սպանություն էր»,- «Ամերիկայի ձայնին» փոխանցել է Զուբովը։

Ալեքսեյ Նավալնիին նվիրված հիշատակի արարողություն Վիլնյուսում։ Փետրվարի 16, 2025թ․։


Սերգեյ Դավիդիս. «Նավալնին կարևոր նշանակություն ուներ Ռուսաստանի համար»

Ալեքսեյ Նավալնին աչքի էր ընկնում իր քաղաքական հեռատեսությամբ՝ ասում է «Աջակցություն քաղբանտարկյալներին» իրավապաշտպան անկախ նախագծի ղեկավար Սերգեյ Դավիդիսը։

«Հասկանալի է, որ այդ ամենը նկատելի է դառնում հեռվից։ Իհարկե, ողբերգական մահը ամբողջացրեց Ալեքսեյի դիմանկարը։ Յուրահատուկ անձնավորություն էր. ոչ միայն որպես մարդ, ում անձամբ ճանաչում էի, այլև որպես քաղաքական գործիչ։ Թեև, իհարկե, այսօր դժվար է մեկը մյուսից առանձնացնել»,- «Ամերիկայի ձայնին» ասել է Դավիդիսը։

Մեր զրուցակցի խոսքով, ցավոք, այսօրվա Ռուսաստանում պարզապես անհնար է Ալեքսեյի մահվան հանգամանքների օբյեկտիվ հետաքննությունը։

«Որովհետև այն մարդիկ, ովքեր իրավասու են նման հետաքննություն իրականացնել, հենց նրանք են սպանել։ Իշխանությունները կոծկում և պարգևատրում են Նավալնիի մարդասպաններին։ Պետությունը միտումնավոր թաքցնում է տեղեկատվությունը...։ Իհարկե, Պուտինի ռեժիմն անխուսափելիորեն տապալվելու է։ Դժվար է ասել, թե երբ, բայց դա անպայման տեղի կունենա։ Այնուհետև, համոզված եմ, կիրականացվի ամբողջական քննություն, և մեղավորները կստանան իրենց արդար պատիժները», եզրափակել է իրավապաշտպանը։