Ազատ արձակված իսրայելցի պատանդները երկարատև վերականգնման կարիք ունեն

Պատանդների վերադարձ

Պատանդների վերադարձ

Մասնագետների ներկայացմամբ՝ «Համասի» ձեռքում եղած պատանդների տրավմաները բուժելու համար ժամանակ կպահանջվի: Իսրայելի ու պաղեստինյան խմբավորման միջև հրադադարի համաձայնագրի արդյունքում ազատ արձակված երեք իսրայելցի կանայք վերականգնման երկար ճանապարհ են անցնելու:

Գազայում 471 օր գերությունից հետո ազատ արձակված երեք իսրայելցի պատանդներն անմիջապես տեղափոխվել են իսրայելական հիվանդանոց:

Երիտասարդ կանայք, կարծես, համեմատաբար լավ վիճակում էին։ Գոնե՝ արտաքուստ: Սակայն իսրայելական առողջպահական ծառայությունների ներկայացուցիչների խոսքով՝ ազատված պատանդները և բոլոր նրանք, ովքեր դեռ գերության մեջ են, չեն կարող չունենալ ֆիզիկական և հոգեկան տրավմաներ:

Իսրայելական կողմի կարծիքով, պատանդների մարմինները, ամենայն հավանականությամբ, ախտահարվում են Գազայի ստորգետնյա թունելներում՝ ամիսներ շարունակ այնտեղ անցկացնելու ընթացքում, ուր թթվածինը, լույսը և սնունդը խիստ սահմանափակ են:

Your browser doesn’t support HTML5

Ազատ արձակված իսրայելցի պատանդները երկարատև վերականգնման կարիք ունեն

Պատանդների և անհետ կորած ընտանիքների ֆորումի կամավորական խմբի անդամ, վնասվածքաբան Ամիր Բլումենֆելդն ասում է. «Այսքան երկար ժամանակ՝ 15 ամիս անց, սպասում ենք, որ [պատանդներից] յուրաքանչյուրը ֆիզիկական ու հոգեական տրավմայով կլինի: Կարևոր չէ, թե նա նախկինում ով էր, ինչ կազմվածք և առողջական վիճակ ուներ»:

Վերականգնողական հոգեբաններն ասում են, որ երաշխավորված են նաև հոգեբանական տրավմաները:

«Կլինեն ախտանիշներ, ինչպիսիք են՝ ապակողմնորոշումը, հուզական դյուրագրգռությունը, ժամանակի և վայրի ապակողմնորոշումը, ուրիշների հետ կապվելու դժվարությունը, զգացմունքները ցույց տալու դժվարությունը»,- նշում է հոգեբան Էյնաթ Յեհենեն:

Ե՛վ հոգեբանները, և՛ ազատ արձակված պատանդների ընտանիքները դեռ սովորում են, թե ինչպես արձագանքել պատանդների կրած տրավմաներին:

Ինբար Գոլդշտեյնի զարմուհին և քույրը ազատ են արձակվել 2023 թվականի նոյեմբերի պայմանավորվածության արդյունքում:

«Մենք սովորել ենք նրան տարածք տալ: Դա առաջին բանն է. տարածք տվեք նրանց և թողեք, որ նրանք առաջ անցնեն: Վերադարձրեք նրանց իրենց կյանքի կառավարումը, իրենց պատմությունը»,- ասում է Ինբար Գոլդշտեյնը:

Վերադարձած պատանդների մյուս հարազատներն ասում են, որ երբեք չեն մոռանա տեղի ունեցածը, բայց հուսով են, որ կսովորեն հաղթահարել տրավմաները:

Ավիչայ Բրոդուտչի կնոջն ու երեք անչափահաս երեխաներին առևանգել են հոկտեմբերի 7-ին և ազատ արձակել 2023 թվականի նոյեմբերի պայմանավորվածության արդյունքում. «Ցավոք, դա մեր կյանքի, իմ և իմ ընտանիքի կյանքի մի մասն է: Բայց ամեն օր շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ: Ես հրաշքով եմ ապրել»:

Մնացած բազմաթիվ այլ պատանդների ընտանիքներից ոմանք դեռ չգիտեն՝ իրենց հարազատները ո՞ղջ են, կամ երբևէ կվերադառնա՞ն: Ասում են՝ իրենք էլ հրաշքի են սպասում: