Թրամփը ստանձնեց Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը և ստորագրեց առաջին գործադիր հրամանագրերը

Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի երդումը նշանավորեց նրա ուշագրավ վերադարձը Սպիտակ տուն

Նախագահ Թրամփը երկուշաբթի իր երդմնակալության ելույթում հայտարարեց «ողջախոհության հեղափոխության» մասին: Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի երդումը նշանավորեց նրա ուշագրավ վերադարձը իշխանություն այն բանից հետո, երբ 2020 թվականին նա պարտվեց Ջո Բայդենին իր երկրորդ ժամկետի համար:

Մայրաքաղաք Վաշինգտոնում կայացավ Դոնալդ Թրամփի երդմանկալության արարողությունը, որից հետո վերջինս ստանձնեց Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնը։

Նա խոստացավ կատարել նախընտրական խոստումները և կոչ արեց «առողջ բանականության հեղափոխություն» սկսել, ներառյալ անօրինական ներգաղթը ճնշելու համար:

«Մեր հարավային սահմանին համազգային արտակարգ դրություն եմ հայտարարելու// Մենք կսկսենք միլիոնավոր հանցագործ օտարների վերադարձի գործընթացը այն վայրեր, որտեղից նրանք եկել են: // Ես զորք կուղարկեմ հարավային սահման՝ հետ մղելու մեր երկրի դեմ աղետալի ներխուժումը»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ինչպես 2017 թվականի իր երդմնակալության ուղերձում, Թրամփը քննադատեց նախորդի վարչակազմը: Նա խոստացավ կրճատել դաշնային բյուջեն և հետ կանչել տրանսգենդեր ամերիկացիների իրավական պաշտպանության համար նախատեսվող միջոցները:

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը ստորագրեց մի շարք գործադիր հրամանագրեր

«Այսօրվանից Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական քաղաքականությունն այսուհետ կլինի այն, որ կա միայն երկու սեռ՝ արական և իգական»,- հայտարարեց Թրամփը:

Նա իշխանության է գալիս Ուկրաինայում շարունակվող հակամարտությունների և Գազայի հատվածում փխրուն հրադադարի ֆոնին։

«Մենք մեր հաջողությունը կչափենք ոչ միայն այն ճակատամարտերով, որում հաղթելու ենք, այլ նաև պատերազմներով, որոնք կդադարեցնենք, և, թերևս, ամենակարևորը, պատերազմներով, որոնց մեջ երբեք չենք ներքաշվի»,- ասել է նա:

Թրամփը կրկնել է Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու իր մտադրությունը։

«Չինաստանը շահագործում է Պանամայի ջրանցքը: Իսկ մենք այն չենք տվել Չինաստանին։ Մենք այն տվել ենք Պանամային, և մենք այն հետ ենք վերցնելու»,- նշել է նա:

Երդմնակալության ընթացքում ամերիկացի երգչուհի Քերի Անդերվուդը կատարեց «Ամերիկա, Ամերիկա» երգը:

Երդմնակալությանը ներկա էին բոլոր նախորդ նախագահները, ինչպես նաև օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներ Արգենտինայից, Չինաստանից և Իտալիայից, ինչպես նաև միլիարդատերեր և Թրամփի դոնորներ Ջեֆ Բեզոսը, Իլոն Մասքը և Մարկ Ցուկերբերգը:

Երդմնակալության արարողությունը եղանակային պայմանների պատճառով այն կայացավ ԱՄՆ Կոնգրեսի ներսում։ Ցուրտ եղանակի պատճառով էլ երդմնակալությանը հաջորդող ավանդական շքերթը, որը սովորաբար անցկացվում է մայրաքաղաքի Փենսիլվանիա պողոտայում, ևս կայացավ մոտակա մարզադահլիճում՝ Capital One Arena-ում: Սակայն սահմանափակ տեղերի պատճառով Թրամփի ոչ բոլոր կողմնակիցներին հաջողեց դիտել իր երդմնակալությունը Capital One մարզադահլիճից: Նորընտիր նախագահի կողմնակիցները սակայն մեծ ակնկալիքներ ունեն վերջինից:

«Ազատությունը, անվտանգությունը, փակ սահմանները և խաղաղությունը վերադառնում են մեր երկիր աշխարհում հզորության միջոցով»,- ասում է Թրամփի կողմնակիցներից մեկը։

Երկուշաբթի ավելի վաղ, հեռացող նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հյուրընկալել էր Թրամփին առավոտյան թեյ խմելու համար, չնայած երկու գործիչների նախկինում լարված հարաբերությունների: Դա իշխանության փոխանցման բազմաթիվ ավանդույթներից մեկն է:

Թրամփը նախազգուշացրել է հատուցման մասին, և պաշտոնը լքելուց րոպեներ առաջ Բայդենը ներում է շնորհել իր վարչակազմի առանցքային դեմքերին և ընտանիքի անդամներին։

Բայդենը Թրամփին համարել է սպառնալիք ժողովրդավարության համար։ 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիումի շենք՝ Բայդենի 2020 թվականի հաղթանակը չեղարկելու համար: Թրամփը խոստացել է ներում շնորհել այս գործով դատապարտվածներից մի քանիսին։

«Պետության հսկայական ուժն այլևս երբեք չի օգտագործվի քաղաքական հակառակորդներին հետապնդելու համար»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Նաև ավանդույթի համաձայն՝ Թրամփը և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մասնակցել են Կոնգրեսի անդամների հետ ճաշկերույթին: Նա պաշտոնի է անցնում իր հանրապետական կուսակցության հետ, որը մեծամասնություն ունի ինչպես Սենատում, այնպես էլ Ներկայացուցիչների պալատում:

Երդմնակալության արարողությունից հետո Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը Վաշինգտոնի Capital One Arena մարզադահլիճում դիմել է իր հազարավոր կողմնակիցներին և ստորագրել մի շարք գործադիր հրամաններ:

Նախագահ Թրամփը զգւշացրել է, որ չեղարկելու է նախորդ վարչակազմի կողմից ընդունված գրեթե 80 գործադիր հրամանագրեր, ժամանակավորապես սառեցնելու է դաշնային աշխատանքի ընդունման գործընթացը և պահանջելու է դաշնային կառավարության բոլոր աշխատակիցների վերադառձը գրասենյակներ՝ վերացնելով հեռավար աշխատանքը:

Թրամփը ստորագրել է գործադիր հրամաններ, որով ԱՄՆ-ը դուրս է գալիս կլիմայի մասին փարիզյան համաձայնագրից։ Այնուհետև նա նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպությանը՝ տեղեկացնելով գլոբալ մարմնին 2015 թվականի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի մտադրության մասին, որի նպատակն էր կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, որոնք առաջացնում են կլիմայի փոփոխություն:

Թրամփը նաև գործադիր հրաման է ստորագրել՝ վերջ դնելու կառավարության կողմից խոսքի ազատության գրաքննությանը: Նա հրահանգել է նաև յուրաքանչյուր դաշնային գործակալությանը պահպանել նախորդ վարչակազմի օրոք քաղաքական հետապնդումների հետ կապված բոլոր գրառումները: