Լսենք, թե ինչ ասաց Ջեյ Դի Վենսը՝ Միացյալ Նահանգների փոխնախագահ ընտրվելուց ընդամենը րոպեներ անց։
«Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ քաղաքական վերադարձից հետո Դոնալդ Թրամփի առաջնորդությամբ իրականացնելու ենք պատմության մեջ ամենամեծ տնտեսական վերադարձը»։
Այդ հարթակը, ուր ելույթ էր ունենում Վենսը բավականին հեռու է Ամերիկայի այն վայրերից, որտեղ նա մեծացել է։ Թեև Քենթաքի նահանգի Ջեքսոն քաղաքը Ջեյ Դի Վենսի ծննդավայրը չէ, բայց հենց այս տեղն է նա համարում իր տունը։
«Երբ կնոջս ամուսնության առաջարկ արեցի, ասացի. «Սիրելիս, ես քեզ ոչ միայն ինձ եմ առաջարկում, այլև իրավաբանական դպրոցում ուսումնառության համար 120 հազար դոլար պարտքն ու արևելյան Քենթաքիում՝ լեռան լանջին գերեզմանատեղի հողատարածք»։
Վենսն իր տատիկին կոչում էր Մեմա։
«Մեման միշտ Վենսին իր հետ բերում էր այստեղ՝ ցույց տալու, թե ինչպիսին է կյանքը լեռներում, որը, ըստ երևույթին, հոգեհարազատ էր նրան»։
Վենսը ծնվել է Օհայո նահանգի Միդլթաուն քաղաքում։ Նրան հիմնականում մեծացրել է խիստ տատիկը, որը սիրում էր հայհոյել և տանը պահում էր 19 լիցքավորված ատրճանակ։
Ջեյ Դի Հեյմելը, որն այն ժամանակ իր խորթ հոր ազգանունն էր կրում, հաղթեց իր առաջին ընտրություններում՝ դառնալով Միդլթաունի ավագ դպրոցում իր դասարանի փոխնախագահը։ Նա ծառայել է ծովային հետևակում, ապա գերազանցությամբ ավարտել Օհայոյի պետական համալսարանը։
Այնուհետև ընդունվել է Յեյլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, որտեղ ծանոթացել է ապագա կնոջ՝ Ուշա Չիլուկուրիի հետ։
Վենսը հանրային ճանաչում ձեռք բերեց շնորհիվ 2016 թվականին բեսթսելեր դարձած «Գեղջուկի էլեգիան» գրքի, որը հետագայում էկրանավորվեց։ Այն պատմում է Ամերիկայում աշխատավոր դասակարգի կյանքի մասին։ Ֆիլմում Գլեն Քլոուզը մարմնավորել է երիտասարդ Ջեյ Դիի տատիկին։
«Քո որոշելիքն է՝ ուզո՞ւմ ես կյանքում ինչ-որ բանի հասնել, թե՞ ոչ»։
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ Ջեյ Դի Վենսը՝ Օհայոյից այդ տղան, որը սիրում է Քենթաքին, ընտրվեց սենատոր Օհայո նահանգից։ Եվ ընդամենը երկու տարի անց…
«Ջեյ Դի Վենսը Ամերիկայի Միացյալ Նահանգների հաջորդ փոխնախագահի թեկնածու է»։
Վենսի թեկնածությունը փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Թրամփը։ Սակայն նրանց հարաբերությունները հարթ չեն սկսվել։ Նախկինում Վենսը Թրամփին անվանել է «պարսավանքի արժանի» և հայտարարել, որ «երբեք չի աջակցի Թրամփին»։
Այժմ, որպես թեկնածու, Վենսի տեսակետներն արտացոլում են Թրամփի քաղաքականությունը։ Իսկ հարցին՝ «արդյո՞ք նախկին նախագահը պարտվել է 2020 թվականի ընտրություններում», պատասխանել է.
«Ոչ, կարծում եմ՝ 2020-ին լուրջ խնդիրներ են եղել։ Դոնալդ Թրամփը պարտվե՞ց ընտրություններում։ Ես այդպես չէի ձևակերպի»։
Վենսը կոշտ դիրքորոշում ունի Չինաստանի և Արևելյան Ասիայի հարցում, դեմ է Ուկրաինային ռազմական օգնությանը և…
«Տիկի՞ն»
Իսրայել – «Համաս» հակամարտության վերաբերյալ հարցին պատասխանել է …
«Քամալա Հարիսը մի կողմից ասում է, որ իրեն մտահոգում են զոհերը խաղաղ բնակչության շրջանում։ Եվ միևնույն ժամանակ հրաժարվում է Իսրայելին զենք տրամադրել, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել քաղաքացիական զոհերի թիվը»։
40-ամյա Վենսը ԱՄՆ պատմության մեջ երրորդ ամենաերիտասարդ փոխնախագահն է։