Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ երդմնակալության օրվա նախօրեին օրակարգը չափազանց հագեցած է: Այն ներառում է մասնակցություն Արլինգթոնի ազգային գերեզմանատան Անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակ դնելու արարողությանը, ինչպես նաև Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Capitol One Arena դահլիճում կազմակերպված հանրահավաքին: Նույն վայրում եղանակային ցուրտ պայմանների պատճառով երդմնակալությունից հետո նախատեսվում է անցկացնել երդմնակալության շքերթը:
Շաբաթ օրը ԱՄՆ-ի մայրաքաղաքում բողոքի ակցիաներ էին, բայց ընդհանուր առմամբ իշխանության փոխանցման անցումային այս շրջանում մթնոլորտը մնում է հանգիստ:
Թրամփի նախկին ստրատեգ Սթիվ Բենոնը ակնկալում է, որ նորընտիր նախագահը հաշտեցման խոսքեր կհնչեցնի երկուշաբթի օրը՝ պաշտոնավարման երկրորդ ժամկետի երդմնակալության ելույթում:
«Կարծում եմ, որ նա կանդրադառնա մարտահրավերներին, կներկայացնի, թե ինչպիսին է իր քաղաքականությունն ու առաջարկները, բայց ես կարծում եմ, որ դա կլինի երկիրը միավորելու և միասին առաջ գնալու մասին»,- ասում է Թրամփի նախկին ռազմավար Սթիվ Բենոնը:
Դեմոկրատները պատրաստ են աշխատել գալիք վարչակազմի հետ, ABC-ին ասել է դեմոկրատ սենատոր Ալեքս Պադիլլան:
«Եթե մենք ցանկանում ենք կառուցել վերջին չորս տարիների մեր առաջընթացը ռեկորդային աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման, ռեկորդային ցածր գործազրկության և մեր երկրի ենթակառուցվածքներում պատմական ներդրումների հիմքի վրա տնտեսական և անվտանգային տեսանկյունից, ապա դա հիանալի է»,- նշում է դեմոկրատ սենատոր Ալեքս Պադիլլան:
Նախագահ Ջո Բայդենը կիրակի կատարեց իր վերջին պաշտոնական այցը Չարլսթոն, Հարավային Կարոլինա, որտեղ նա նշեց քաղաքացիական իրավունքների առաջնորդ Մարտին Լյութեր Քինգ կրտսերի տոնը, որը նույնպես համընկել է երկուշաբթի օրվա երդմնակալության հետ:
Ակնկալվում է, որ երդմնակալության օրը անվտանգությունը կապահովեն առնվազն 25 հազար իրավապահներ: