2024 թվականի դեկտեմբերի վերջին տեղի ունեցավ Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև Ֆիննական ծոցի հատակով անցնող Estlink 2 էլեկտրամալուխի խափանումը։ Այն նախորդած մեկ տարվա ընթացքում Բալթիկ ծովում տեղի ունեցած արդեն երրորդ նման միջադեպն էր։
Ինչպես հայտնել է ֆիննական Yle մեդիաընկերությունը, դեպքի վայրի մերձակայքում նկատվել է Հոնկոնգի դրոշի ներքո նավարկող Xin Xin Tiang 2 նավը։ Բացի այդ, Estlink 2 մալուխի անցման շրջանում նկատվել է նաև մեկ այլ նավ՝ Eagle S-ը՝ Կուկի կղզիների դրոշով, Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմից», որը Սանկտ Պետերբուրգից ուղևորվում էր Եգիպտոս։ Լցանավը նկատելիորեն նվազեցրել է արագությունը, երբ հայտնաբերվել են խափանումներ Estlink 2-ի աշխատանքում։
Միջադեպից հետո Էստոնիայի զինված ուժերը ծովում հատուկ գործողություն սկսեցին՝ պաշտպանելու Estlink 1 ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխը, որը նույնպես անցնում է Բալթիկ ծովի հատակով։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 8-ին 70 մետր խորության վրա վնասվել էր Ֆիննական ծոցի հատակով անցնող Elisa ընկերության ստորջրյա մալուխը։ Վթարը տեղի էր ունեցել Էստոնիան և Ֆինլանդիան կապող Balticconnector ստորջրյա գազատարի վրա։
Այս միջադեպից անմիջապես հետո Շվեդիայի կառավարությունը տեղեկացրեց, որ մոտավորապես նույն ժամանակահատվածում վնասվել է Շվեդիայի և Էստոնիայի միջև կապի մալուխը։ Մալուխի վնասման վայրը գտնվում է Էստոնիայի տնտեսական գոտում և տեղակայված է Հիյումաա կղզուց մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա՝ դեպի Շվեդիա։
Your browser doesn’t support HTML5
2023 թվականի նոյեմբերին Էստոնիայի անվտանգության ոստիկանության դեպարտամենտը Էստոնիայի և Շվեդիայի միջև կապի մալուխի վրա «արհեստական ծագում ունեցող» վնաս հայտնաբերեց։
2024 թվականի հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը անսարքություն էր հայտնաբերվել Էստոնիան և Ֆինլանդիան միացնող EstLink 2 էլեկտրահաղորդման մալուխի վրա։
«Ամերիկայի ձայնը» դիմել է տարածաշրջանային փորձագետներին՝ մեկնաբանելու Բալթիկ ծովում տեղի ունեցող այդ միջադեպերը և արևմտյան երկրների դեմ հիբրիդային պատերազմի նպատակը, որի հետևում ակնհայտորեն կանգնած է Ռուսաստանը։
«Ֆիննական անվտանգության ծառայությունները գործել են արդյունավետ, արագ, վճռական...»
Ֆինլանդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ռուսական ծրագրերի տնօրեն Արկադի Մոշեսը (Arkady Moshes, Programme Director Russia, EU’s Eastern Neighbourhood and Eurasia) հիշեցրել է Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ բոլոր մարդկանց նա բաժանում է երեք կատեգորիայի՝ ընկերներ, թշնամիներ և դավաճաններ։ Ակնհայտորեն՝ նա նույն կերպ վերաբերվում է նաև պետություններին։
«Նա կարող է հարգանքով վերաբերվել թշնամիներին, իսկ «դավաճանները» նրա համար առաջին կատեգորիան են, որոնք պետք է պատժվեն։ Այս թեման այնքան էլ չի արծարծվում, այնուամենայնիվ, հանրային տիրույթում ակնհայտ է, որ Պուտինի աչքում Ֆինլանդիան «դավաճան» է։ Նա տարիներ շարունակ հատուկ հարաբերություններ է ունեցել Ֆինլանդիայի ղեկավարության հետ, ֆիննական քաղաքականությունը շատ զգուշավոր էր և կտրուկ փոխվեց միայն 2021 թվականի վերջնագրից հետո (երբ Կրեմլը պահանջեց ՆԱՏՕ-ի վերադարձը 1997 թվականի սահմաններին, ծնթ. խմբ․)։ Այսինքն՝ Պուտինի համար Ֆինլանդիան ոչ այլ ինչ է, քան մի երկիր, որին պետք է դասել դավաճանների կատեգորիային։ Իսկ դավաճաններին, ինչպես հայտնի է, նա ցանկանում է ավելի ուժեղ և արագ պատժել»,- ասել է փորձագետը։
Մոշեսն ընդգծել է, որ այս տեսակետի շուրջ Ֆինլանդիայում բանավեճ կա, սակայն մտավախությունները, որ իրենց երկիրը գտնվում է հատուկ ռիսկային գոտում և կարող է ագրեսիայի ենթարկվել, կամ առնվազն Ռուսաստանի կողմից հիբրիդային հարձակումների թիրախ է, գիտակցում են Ֆինլանդիայի բազամթիվ քաղաքացիներ։
Նա հիշատակել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հայտարարությունն այն մասին, որ Արևմուտքի երկրները պետք է պայքարեն Ռուսաստանի «ստվերային նավատորմի» և դրանից բխող սպառնալիքների դեմ։ Իսկ ազգին ուղղված Ամանորյա ուղերձում Ստուբն ընդգծել էր, թե Ռուսաստանը եղել և մնում է անվտանգության ամենամեծ սպառնալիքը։
«Այն եղել է և, ցավոք, կմնա այդպիսին։ [Բայց] այլևս մենակ չենք։ Ուղիղ 30 տարի առաջ միացանք Եվրամիությանը։ Այսօր ռազմական դաշինքին մաս կազմող երկիր ենք՝ ՆԱՏՕ-ի անդամ։ Դաշնակիցների հետ միասին ավելի ուժեղ ենք»,- հայտարարել էր Ֆինլանդիայի նախագահը։
«Ամերիկայի ձայնի» զրուցակիցը վստահ էր, որ Ֆիննական ծոցում տեղի ունեցած միջադեպը չի ազդի Ֆինլանդիայի էներգամատակարարման, ինչպես նաև երկրում էլեկտրաէներգիայի գնի վրա։
«Ֆինլանդիայում էլեկտրաէներգիայի դեֆիցիտ չկա, և երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելցուկը փոխանցվում էր Էստոնիա, որտեղ, որքան հասկանում եմ, գները կբարձրանան»,- ասել է նա։
Սուոմիում՝ էլեկտրաէներգիայի բորսայական գինը պարբերաբար ընկնում է դրական ցուցանիշից ներքև։
«Դա հակասում է ողջամտությանը, բայց փաստ է։ Ֆինլանդիան երկար տարիներ էներգետիկ առումով գրեթե անկախ էր, իսկ այժմ վերածվել է լիովին ինքնաբավ երկրի։ Հողմային էներգիայի արտադրությունը գերազանցել է հիդրոէներգիայի արտադրությանը՝ չհաշված ատոմակայանները»,- փաստում է փորձագետը։
Արկադի Մոշեսը նկատի ունի «Լովիիսա» և «Օլկիլուոտո» ատոմային էլեկտրակայնները։ 2023 թվականի տվյալներով՝ այդ ատոմակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի մասնաբաժինը կազմել է երկրում էլեկտրաէներգիայի սպառման ընդհանուր ծավալի 41,96%-ը։
Ուստի, փորձագետի կարծիքով, առավելագույնը, որ կարող է երկրում տեղի ունենալ էներգետիկայի ոլորտում, կնվազեն էլեկտրաէներգիայի գները։
Գնահատելով Ֆիննական ծոցում տեղի ունեցած վերջին միջադեպը՝ Արկադի Մոշեսը կարծում է, որ Ֆինլանդիան պատրաստ է Ռուսաստանի կողմից նման սադրանքների։
«Ընդհանրապես, համարվում է, որ Բալթյան տարածաշրջանում մոնիթորինգի համակարգը լիովին կարգավորված է և հուսալի։ Պարզապես, երբ ինչ-որ բան է պատահում, պետք է համապատասխան քաղաքական որոշումներ կայացվեն»,- նշել է Ֆինլանդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ռուսական ծրագրերի տնօրենը։
Նրա կարծիքով՝ ռուսական «ստվերային նավատորմի» մասը կազմող Eagle S նավթատար նավի կալանավորման և խուզարկության հարցում ֆիննական անվտանգության ծառայությունները գործել են արդյունավետ, արագ, վճռական և իրավունքի միջազգային սկզբունքներին համապատասխան։
«Սակայն խնդիրն այն է, որ Ֆինլանդիայի գործընկերների և մասամբ նաև Ֆինլանդիայի առաջին արձագանքը այսպիսին էր՝ «Եկեք ավելի բարձրացնենք մշտադիտարկման մակարդակը Բալթյան տարածաշրջանում»։ Իսկ ինձ թվում է, որ Մոսկվան իրեն բավական հնարամիտ է դրսևորում։ Եթե հիմա հսկայական ջանքեր ուղղվեն այստեղ, Բալթիկայում հաստատ նման բան այլևս տեղի չի ունենա, բայց տեղի կունենա մեկ այլ վայրում։ Գրեթե վստահ եմ, որ համապատասխան կառույցները գնահատում են իրավիճակը և փորձում բացահայտել խնդիրների ծագման հնարավոր օջախները։ Այս մասին շատ չի խոսվում, բայց գործընթացներ տեղի ունենում են։ Պարզապես, չտիրապետելով տեղեկությունների, դժվար է ասել, թե ով ումից առաջ կանցնի»,- ասել է Արկադի Մոշեսը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեք եվրոպական կառույցները չի դիտարկել որպես համարժեք բանակցային գործընկեր։
«Այդպես էր դեռ Պուտինից առաջ, իսկ Պուտինի օրոք այդ տրամադրություններն ավելացել են։ Ինձ թվում է, որ Մոսկվան այնքան էլ չի հավատում Բրյուսելի՝ մոբիլիզացվելու և սպառնալիքների կանխարգելիչ չեզոքացման համակարգ կառուցելու կարողությանը։ Մոսկվան նայում է Հունգարիայի և Սլովակիայի վերջին ամիսների պահվածքին այնպես, ինչպես նախկինում Գերմանիային, որը նույնպես փորձում էր փոխզիջումներ գտնել և իսկապես չէր ցանկանում կոշտ քայլերի գնալ Ռուսաստանի դեմ։ Ուստի, կարծում եմ, որ Մոսկվան սովոր է անտեսել այն ամենը, ինչ ասվում է Բրյուսելում։ Այլ հարց է, թե ինչ է արվում, բայց, անկեղծ ասած, արվածն այդքան էլ շատ չէ կամ առնվազն բավարար չէ։ Այնպես որ Մոսկվան կշարունակի փորձարկել Եվրոպայի և ամբողջ եվրոպական համայնքի ուժը»,- եզրափակում է Արկադի Մոշեսը։
«Պատերազմ սկսվելու դեպքում հաղորդակցումների վնասումը կլինի քաոս սերմանելու լավագույն միջոցը»
Լիտվացի վերլուծաբան, անվտանգության հարցերով փորձագետ Մարյուս Լաուրինավիչյուսը (Marius Laurinavicius) կարծում է, որ Estlink 2 մալուխի վնասվելը Լիտվայի էներգամատակարարման հետ կապված որևէ խնդիր չի առաջացրել, սակայն սպառողների համար էլեկտրաէներգիայի գները բարձրացել են։
«Էստոնիա գնացող մալուխների նախկին վերանորոգումները ցույց են տալիս, որ դրա պատճառով գները աճում են»,- նշել է նա «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում։
Սակայն, ըստ Լաուրինավիչյուսի, գլխավոր խնդրին այն չէ, որ Կրեմլը չի հրաժարվում հասանելի բոլոր միջոցներով Բալթյան տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու փորձերից։
«Կարծում եմ՝ թե՛ Ֆիննական ծոցում տեղի ունեցածը, թե՛ Վիլնյուսի մերձակայքում DHL-ի ինքնաթիռի կործանումը, մեծ պատերազմի նախապատրաստություն է։ Իհարկե, դա չի նշանակում, որ իրական պատերազմը մոտ է, բայց նախապատրաստական աշխատանքները սկսվել են»,- ասել է նա։
Տեղի ունեցածը վկայում է, որ ԵՄ երկրներում գտնվող, այսպես կոչված, «կենսական նշանակության ենթակառուցվածքը» առաջինը հարձակման կենթարկվի Ռուսաստանի կողմից։ Ճի՛շտ այնպես, ինչպես Չինաստանը կգրոհի Թայվանի ենթակառուցվածքները, եթե փորձի ռազմական միջոցներով վերահսկողություն հաստատել այդ պետության նկատմամբ։
«Պատերազմ սկսվելու դեպքում հաղորդակցումների վնասումը կլինի քաոս սերմանելու և հակառակորդին թուլացնելու լավագույն միջոցը։ Ե՛վ Չինաստանը, և՛ հատկապես Ռուսաստանը պատրաստվում են դրան, ու Ռուսաստանի պարագայում ՆԱՏՕ-ի մի շարք հրամանատարներ այդ մասին հրապարակավ զգուշացրել են (2024 թվականի դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում լրագրողներին ասել է. «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաև Չինաստանը, փորձում են ապակայունացնել ՆԱՏՕ-ի երկրները սաբոտաժի, կիբեռհանցագործությունների և էներգետիկան որպես զենք օգտագործելու միջոցով», ծնթ. խմբ․)։ Այդ մասին սկսել են խոսել դեռ 2017 թվականին կամ նույնիսկ ավելի վաղ, քանի որ նրանք արդեն տեսնում էին վերահաս սպառնալիքը»,- հիշեցրել է Մարյուս Լաուրինավիչյուսը։
Առայժմ խոսքն անմիջականորեն ռազմական սպառնալիքի մասին չէ, բայց ռուսական նավատորմի հատուկ ստորաբաժանումներն արդեն հետախուզական գործողություններ են իրականացնում Բալթյան ջրերում։ Այդ գործողությունները պետք է դիտարկել որպես ռազմական հակամարտության նախապատրաստման քայլ։
«Ամերիկայի ձայնը» լիտըվացի փորձագետից հետաքրքրվել է, թե արդյոք Հյուսիսատլանտյան դաշինքի այն երկրները, որոնք սահմանակից են Բալթիկ ծովին, կկարողանան համատեղ ջանքերով նվազագույնի հասցնել Ռուսաստանից բխող սպառնալիքները։
«Դա կախված է քաղաքական կամքից։ Եթե այն չլինի, ինչպես մինչ օրս չկա ռուսական սաբոտաժին կամ հիբրիդային հարձակումներին դիմակայելու փորձերում, ոչինչ չի ստացվի։ Իսկ եթե քաղաքական կամք դրսևորվի, որևէ խնդիր չեմ տեսնում։ Դա կարելի է անել տարբեր ձևերով, բայց ամենակարևորը տվյալ դեպքում այն է, որ Ռուսաստանը պատասխան ստանա։ Եթե Ռուսաստանը համարժեք պատասխան չստանա, այդ ամենը կշարունակվի»,- վստահություն է հայտնել Մարյուս Լաուրինավիչյուսը։