Ըստ կարգի՝ ԱՄՆ բոլոր՝ 50 նահանգներում ընտրությունների արդյունքների հաստատման համար պատասխանատու է Սենատի ղեկավարը, որն ի պաշտոնե ԱՄՆ փոխնախագահն է, իսկ այս պարագայում սա նշանակում է, որ Քամալա Հարիսը պետք է ևս մեկ անգամ հաստատի իր պարտությունը՝ Թրամփի հետ ընտրապայքարում։ Թեև օրենքի համաձայն այդ գործընթացում ԱՄՆ փոխնախագահի դերն արարողակարգային է։
Որևէ նահանգի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ցանկացած առարկություն կարող է քննվել ու քվեարկվել Կոնգրեսի նիստում, եթե այդ առարկությունը ներկայացվել է Ներկայացուցիչների տան ու Սենատի առնվազն մեկ հինգերորդի կողմից։ Նախկինում բավական էր, որ նման նախաձեռնությամբ հանդես գար Ներկայացուցիչների տան որևէ անդամ և առնվազն մեկ սենատոր։
Հիշեցնենք՝ ընտրություններից հետո հանրապետական Դոնակդ Թրամփի հաղթանակը ճանաչել են թե՛ ԱՄՆ ներկայիս նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը, թե՛ ընտրապայքարում Թրամփի մրցակից, ԱՄՆ ներկայիս փոխնախագահ, դեմոկրատ Քամալա Հարիսը։
Ոչ պաշտոնական արդյունքների համաձայն՝ Թրամփը ստացել է 312 ընտրիչների ձայն, Հարիսը՝ 226։
Ինչպես հայտնի է, ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատները՝ Ներկայացուցիչների տունն ու Սենատը Հանրապետական կուսակցությունը վերահսկողության ներքո են։ 435 հոգանոց Ներկայացուցիչների տանը հանրապետականներն ունեն 220 աթոռ, դեմոկրատները՝ 215։ Սենատում հանրապետական են 53-ը, իսկ դեմոկրատ՝ 47-ը։
Ըստ դիտորդների՝ նշվածը պետք է որ Թրամփին ազատություն տա անխոչընդոտ իրականացնել իր օրակարգը՝ նվազեցնել հարկերն ու լայնածավալ պայքար սկսել անօրինական ներգաղթի դեմ:
ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։