Ֆլորիդայի նախկին գլխավոր դատախազը առաջադրվել է երկրի գլխավոր դատախազի պաշտոնի համար

Ֆլորիդայի նախկին գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Վաշինգտոն, օգոստոսի 25, 2020թ․։

ԱՄՆ Կոնգրեսում Փեմ Բոնդիին հարցեր են ուղղելու իր լոբբիստական գործունեության և Թրամփի հետ մտերմության մասին։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն, ըստ էության, ավարտել է իր ապագա կառավարության ձևավորումը՝ առնվազն հստակեցնելով, թե ովքեր են զբաղեցնելու երկրի առանցքային պաշտոնները։ Դիտորդների խոսքով՝ երկրի գլխավոր դատախազի կամ արդարադատության նախարարի պաշտոնում (ԱՄՆ-ում գլխավոր դատախազը Արդարադատության նախարարության ղեկավարն է) նրա թեկնածուն կարող է Կոնգրեսում բախվել կոշտ հարցերի:

«Մինչ Ֆլորիդայի գլխավոր դատախազ լինելը 18 տարի աշխատել եմ դատախազ»,- ասում է Փեմ Բոնդին:

Փեմ Բոնդին առավել հայտնի է որպես Ֆլորիդայի առաջին կին գլխավոր դատախազ՝ մի նահանգի, որտեղ Մար-ա-Լագո կեցավայրն է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի տունը:

Ահա թե ինչ էր ասում Բոնդին «Ամերիկայի ձայնին», երբ 2012 թվականին նրան առաջին անգամ ընտրեցին Ֆլորիդայի գլխավոր դատախազ։

«Այն, ինչ ցանկանում եմ, լինել գլխավոր դատախազ ու վերջ: Հենց դրա վրա եմ կենտրոնացած: Վճռական եմ, նպտակասլաց, դատախազ եմ»,- ասում էր Բոնդին։

Բոնդին ելույթ ունեցավ հանրապետականների համերկրային համագումարին՝ 2016 թվականին, երբ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի՝ Հանրապետական կուսակցության թեկնածուն էր՝ ընտրություններում առաջին անգամ հաղթելուց երեք ամիս առաջ:

«Ճանաչում եմ Դոնալդին և հպարտ եմ, որ ճանաչում եմ Դոնալդին»,- 2016 թվականի օգոստոսին ասում էր Փեմ Բոնդին։:

«Մեր ձայները [ցանկանում են] ճնշել»,- 2020 թվականին ասոմ էր Բոնդին։

Կանգնած մնալով Թրամփի կողքը՝ Փեմ Բոնդին ևս այն տեսակետին էր, թե Դոնալդ Թրամփն է հաղթել է 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում: Նա նաև Թրամփի փաստաբանական թիմում էր՝ նրան իմփիչմենթի ենթարկելու նպատակով բացված առաջին դատավարության ժամանակ:

«Ջո Բայդենը Ուկրաինայի գլխավոր մարդն էր»,- ասում է Բոնդին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆլորիդայի գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Վաշինգտոն, փետրվարի 22, 2018թ․։

Այլ հանրապետականների հետ միասին՝ Բոնդին ելույթ ունեցավ ի պաշտպանություն Թրամփի Նյու Յորքում ընթացող և կաշառելուն վերաբերող դատավարության ժամանակ, երբ Դոնալդ Թրամփը մեղավոր ճանաչվեց 34 կետերով:

«Ողջույն բոլորին: Հիանալի հանդիպում է։ Անհամբեր սպասում եմ տեսնել սենատոր Գրեհեմին»,- ասում էր Բոնդին:

Դեկտեմբերի սկզբին Բոնդին ԱՄՆ Կոնգրեսում էր՝ հանդիպելու օրենսդիրներին նախքան Միացյալ Նահանգների գլխավոր դատախազի պաշտոնում Սենատի կողմից հաստատվելը:

«Ցանկանում եմ համոզվել, որ մենք վերականգնում ենք այս գործակալությունների, նախարարությունների՝ Հետաքննություների դաշնային բյուրոյի, Արդարադատության նախարարության, հետախուզական հանրության հեղինակությունը՝ որպես ոչ քաղաքական ինստիտուտների»,- ասում է հանրապետական սենատոր Ջոն Քորնին։

Վերլուծաբանները նկատում են՝ Թրամփից Փեմ Բոնդիի կախվածությունը անհանգստության տեղիք է տալիս:

«Կգան ժամանակներ (կարծում եմ՝ այդպես է, հաշվի առնելով, թե Թրամփը ինչպես է փորձում դուրս գալ իրավական կարգավորումների սահմաններից), երբ օրենքին հավատարմության ու Թրամփին հավատարմության միջև լարվածություն կառաջանա, և դա փորձություն կլինի Փեմ Բոնդիի համար»,- ասում է Հոֆստրայի համալսարանի ներկայացուցիչ Ջեյմս Սեմփլը:

«Նրա հետ կապված խնդիրներից մեկն այն է, որ 2013 թվականին նրա գրասենյակը [Ֆլորիդայի գլխավոր դատախազությունը] որոշեց չհետաքննել Թրամփի համալսարանի հետ կապված խարդախության մասին պնդումները»,- ասում է Փենսիլվանիայի համալսարանի ներկայացուցիչ Քլեր Ֆինքըլսթեյնը։

Սակայն Ֆլորիդայի էթիկայի հանձնաժողովը այդ առումով որևէ խախտում չհայտնաբերեց:

«Ինչ-որ մեկը, ով միշտ եղել է այնտեղ, Ֆլորիդայի նախկին գլխավոր դատախազը… նա կարող էր ունենալ այն ամենը, ինչ ցանկանում էր, ի դեպ»,- 2020 թվականին ասում էր Դոնալդ Թրամփը:

Բոնդին ներկայում աշխատում է Ballard Partners-ում՝ Վաշինգտոնում գործող լոբբիստական ընկերությունում: Դիտորդների խոսքով՝ ԱՄՆ սենատորները անկասկած հարցեր կուղղեն նրան՝ ընկերության բարձրաստիճան հաճախորդների մասին, որոնք կարող են գործ ուեննալ Բոնդիի հետ, երբ նա նշանակցի ԱՄՆ գլխավոր դատախազ: