Ասուլիսի սկզբնական հատվածում Պուտինն անդրադարձավ երկրի տնտեսությունում ստեղծված իրավիճակին՝ խոսելով աճի, բայց նաև՝ բարձր գնաճի մասին։
Կրեմլի ղեկավարը կրկին խոստացավ ազատագրել Կուրսկի մարզը՝ Ուկրաինայի զինված ուժերից, սակայն այս անգամ խուսափեց կոնկրետ ժամկետներ նշել։
Ուկրաինայի հետ բանակցությունների մասին Պուտինը ասաց, թե պատրաստ է փոխզիջումների, բայց «մյուս կողմը դեմ է դրան»։ Ընդգծեց՝ Մոսկվան նախապայմաններ չունի, սակայն միաժամանակ նշեց, որ բանակցությունները պետք է հիմնվեն Ստամբուլի պայմանավորվածությունների վրա և հաշվի առնեն փաստը, որ ռուսական կողմն արդեն ուկրաինական տարածքներ է գրավել։
Your browser doesn’t support HTML5
Այստեղ ներկայացնենք Ուկրաինայի արտգործնախարարության դիրքորոշումը, թե Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ որևէ համաձայնություն չի եղել, իսկ հետագա քննարկումներից հրաժարվելու պատճառը ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Բուչայում իրականացված ջարդն էր։
Ինչևէ, ասուլիսին ևս Պուտինը ընդգծեց, թե չի պատրաստվում բանակցել «ապօրինի» գործող Զելենսկու հետ, սակայն պատրաստակամ է խոսել Գերագույն Ռադայի նախագահի հետ։
Կրեմլի ղեկավարը նաև հանդես է եկել ուշագրավ առաջարկով, թե եկեք Կիևի տարածքում «տեխնոլոգիական մենամարտ» կազմակերպենք՝ ռուսական «Օրեշնիկ» հրթիռային համալիրի և արևմտյան ՀՕՊ համակարգերի միջև՝ հայտարարելով, որ Ռուսաստանը պատրաստ է փորձին։
Հրապարակախոս և սոցիոլոգ Իգոր Էյդմանի կարծիքով՝ ակնհայտ է, որ Պուտինի դիրքորոշումը թե՛ պատերազմի, թե՛ բանակցությունների հարցում չի փոխվել․ «[Փաստորեն,] նա շարունակում է պահանջել Ուկրաինայի կապիտուլյացիան։ Սակայն Թրամփի ներգրավածության պատճառով, ով կոչ է անում հրադադար հաստատել, Պուտինը փորձում է Ուկրաինային ներկայացնել որպես բանակցություններին դեմ հանդես եկող կողմ, որպեսզի Թրամփը դադարեցնի աջակցությունը Կիևին»։
Էյդմանի խոսքով՝ Պուտինի հայտարարությունները, թե իբր պատրաստ է բանակցել առանց նախապայմանների՝ միաժամանակ Զելենսկուն անվանելով «ոչ լեգիտիմ» ղեկավար, պարզապես «ջուր ծեծոցի են»․ «Այս ամենի նպատակն է՝ Թրամփի աչքերում ներկայանալ որպես բանակցություններին կողմ հանդես եկող»։
Էյդմանի գնահատմամբ՝ Պուտինի ելույթը մի քանի հասցեատեր ուներ․ «Խոսքը նախևառաջ ռուսական բյուրոկրատիայի և ուժային կառույցների մասին է՝ վստահեցնելու նրանց, թե Կրեմլը կպայքարի մինչև վերջ։ Երկրորդ՝ այն ուղղված էր Թրամփին, թե Մոսկվան իբր պատրաստ է բանակցությունների։ Իսկ ինչ վերաբերում է պարզ ռուսաստանցիներին, ապա նրանց մասին Պուտինը չէր մտածում»։
Իգոր Էյդմանը նկատեց՝ Պուտինն իրեն, մեղմ ասած, տարօրինակ էր պահում. «Եկեք իրերն իրենց անուններով կոչենք։ Ոչ մի խելամիտ մարդ չէր առաջարկի հրթիռային մենամարտ կազմակերպել միլիոնավոր բնակչություն ունեցող քաղաքում։ Սա ուղղակի անհեթեթություն է։ Եթե մենամարտ կազմակերպելու ցանկություն կա, ապա դա կարելի է անել Մոսկվայում՝ Կրեմլի մոտ՝ ամերիկյան միջմայրցամաքային հրթիռների և ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի միջև։ Կիևը Պուտինի իրավասության տակ չէ»։
Էյդմանը ուշադրություն հրավիրեց Պուտինի մեկ այլ խոսքի վրա, երբ Ռուսաստանի ղեկավարը, փաստորեն, պատերազմը «շարժում»՝ «движуха» անվանեց։
«Սա պատահական չէ։ Պուտինը այլևս ձանձրանում է՝ իշխանության 25 տարիներից հետո։ Նրա համար պատերազմը շարժիչ ուժ է դարձել։ Ներոնը, ըստ Սվետոնիուսի, Հռոմը այրեց ձանձրույթից։ Պուտինը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ՝ սպանելով հարյուր հազարավոր մարդկանց երկու կողմից»,- ասում է Իգոր Էյդմանը։
Պրահայում գործող վերլուծաբան Իվան Պրեոբրաժենսկու կարծիքով՝ Պուտինն, իրականում, չունի հստակ բանակցային դիրքորոշում, բայց փորձում է ցույց տալ, թե իբր պատրաստ է քննարկումների. «Պուտինը կիրառում է իր սովորական մեթոդը՝ մեղադրելով Ուկրաինային այն բանում, ինչ պատրաստվում է ինքն անել։ Նա մեղադրում է Կիևին, որ ուկրաինական իշխանությունները ձգտում են ընդամենը կարճաժամկետ հրադադարի։ Բայց դա հենց այն է, ինչին ձգտում է Ռուսաստանը»։
Պրեոբրաժենսկու գնահատմամբ՝ Պուտինը հույս ունի ներգրավել Թրամփին որպես գործընկեր. «Պուտինը շողոքորթությամբ փորձում է հասնել Թրամփի բարեհաճությանը։ Միաժամանակ ուղերձներ է հղում տարբեր լսարաններին՝ խոսելով ռուսական էլիտայի, բնակչության և Արևմուտքի հետ»։
Վերլուծաբանի խոսքով՝ հրթիռային մենամարտ կազմակերպելու Պուտինի առաջարկը ի ցույց է դնում նրա բնույթը. «Պուտինի նման պահվածքը հիշեցնում է խուլիգան պատանիների վարքը։ Սա բնորոշ է նաև նրա շրջապատին։ Հիշենք, թե Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը ինչպես էր բռունցքներով կռվի հրավիրում Նավալնիին։ Պուտինը փորձում է «մկաններ» ցուցադրել ռուսական հասարակությանը՝ կրկին անդրադառնալով «Օրեշնիկ» համալիրին»։