Իսրայելը շարունակում է հարվածները Սիրիայի ռազմական ենթակառուցվածքներին

Սիրիական նավահանգիստներից մեկում երկրի ռազմածովային նավերի մնացորդները` իսրայելական ավիահարվածներից հետո

Նախորդ շաբաթվա ավարտին Իսրայելը կրկին տասնյակ ավիահարվածներ է հասցրել հարևան Սիրիային՝ այն հիմնավորելով իր անվտանգությանը սպառնացող հանգամանքներով։ Սիրիայի նոր ղեկավարությունն այդ հիմնավորումն անվանել է կեղծ պատրվակ՝ հավելելով, սակայն, որ նոր հակամարտության նպատակ չունի։

Սիրիական նավահանգիստներից մեկում երկրի ռազմածովային 15 նավերի մնացորդներն են, որոնցից վառելիք է արտահոսում, կիսախորտակված են․ պատճառը իսրայելական ավիահարվածներն են:

Նախորդ օրերին՝ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո, իսրայելական բանակը հարյուրավոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին։

Թել Ավիվի ներկայացմամբ՝ հարվածներն ուղղված են ռազմական ենթակառուցվածքին, որոնց ոչնչացումը կարևոր է իր անվտանգության ապահովման համար, որպեսզի իսլամիստական խմբերը չկարողանան դրանք օգտագործել։

Սիրիացի ապստամբների ու երկրի փաստացի ղեկավար Ահմադ ալ-Շարաան, որը առավել հայտնի է Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանի անվամբ, իսրայելական կողմի նման հիմնավորումը կոչել է կեղծ պատրվակ՝ ընդգծելով, թե իր խմբավորումը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամը» շահագրգռված չէ նոր հակամարտությամբ:

Ալ-Շարաայի խոսքով՝ ներկայում իրենց համար առաջնայինը երկրի վերակառուցումն է:

Your browser doesn’t support HTML5

Իսրայելը հարվածում է Սիրիայի ռազմական ենթակառուցվածքներին

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգները և այլ երկրներ «Հայաթ Թահրիր աշ-Շամը» ճանաչել են ահաբեկչական:

Այս ամենի ֆոնին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անցած շաբաթ այցելել էր տարածաշրջան՝ քննարկելու սիրիական զարգացումները։

«Քանի որ Սիրիան Ասադի բռնապետությունից անցում է կատարում դեպի, հուսանք, ժողովրդավարություն, պետք է անի այնպես, որ պաշտպանի երկրի բոլոր փոքրամասնություններին: Անհրաժեշտ է ներառական, ոչ կրոնական իշխանություն, որը չպետք է դառնա ահաբեկչության հարթակ»,- ասել է Բլինքենը։

Նախորդ շաբաթվա վերջին Հորդանանում հավաքվել էին տարածաշրջանի երկրների ներկայացուցիչները՝ քննարկելու Սիրիայում անցումային գործընթացը։

«Բոլորս կանգնած ենք Սիրիայի կողքին այս վերականգնման փուլում՝ կառուցելու մի պետություն, որը կպահպանի բոլոր սիրիացիների իրավունքները: Պետություն, որը հարգում է իր ինքնիշխանությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը, որպեսզի սիրիացիները կարողանան ապրել անվտանգության, խաղաղության և կայունության ներքո, որին բոլորն արժանի են»,- նշել է Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադին:

Ինչևէ, չնայած Սիրիայի նոր փաստացի իշխանությունների ջանքերին՝ ներկայանալ որպես չափավոր, հարևան Իսրայելում վստահ են՝ հրեական պետության առջև նոր վտանգներ են: Նախորդ օրերին իսրայելական զինվորականները ձեռնամուխ են եղել Իսրայելը Սիրիայից բաժանող ապառազմականացված գոտու ամրապնդմանը, որը ձևավորվել է դեռ 1973 թվականի արաբա-իսրայելական պատերազմից հետո:

Նշենք նաև՝ նախատեսվում է, որ Բրյուսելում գումարվելու է Եվրամիության անդամ-երկրների ներկայացուցիչների հանդիպում՝ քննարկելու Սիրիայի ցուցաբերվող հնարավոր աջակցությունը: