Թուրքիան ու Իսրայելը փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Սիրիայում՝ ալ-Ասադի տապալումից հետո

Սիրիա

ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչներն այս շաբաթ Մերձավոր Արևելքում էին՝ Գազայում հրադադար հաստատելու և Սիրիայի այլևս նախկին բռնակալ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո մերձավորարևելյան այդ երկրում զարգացումներին ուշադրություն դարձնելու համար։

Մինչ Սիրիայում շարունակում են տոնել ալ-Ասադի ռեժիմի անկումը, երկրի շուրջ բուռն զարգացումներ են․ տարածաշրջանային ու գլոբալ տերությունները փորձում են ապահովագրել իրենց շահերը նոր պայմաններում։

Իսրայելական զորքերը ավելի են խորացել ՄԱԿ-ի կողմից հսկվող և Սիրիայում գտնվող բուֆերային գոտի, որը բաժանում է Իսրայելի օկուպացրած Գոլանի բարձունքներն ու սիրիական մնացած տարածքը։ Զուգահեռաբար՝ Սիրիայի ողջ տարածքում չեն դադարում իսրայելական ավիահարվածները:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հինգշաբթի Իսրայելում հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ իր աջակցությունը հայտնեկով իսրայելցիների գործողություններին:

Մինչդեռ, ՄԱԿ-ը հայտարարել է, թե Իսրայելի գործողությունները խախտում են Սիրիայի հետ 1974 թվականին կնքված հրադադարի համաձայնագիրը:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Բեն Սաուլն ասել է. «Միջազգային իրավունքի համաձայն՝ որևէ հիմք չկա կանխարգելիչ հարվածներ հասցնել մի երկրի, որը ձեզ դուր չի գալիս»:

Իրավիճակը հանգիստ չէ նաև Թուրքիային սահմանակից Սիրիայի հյուսիսային մասում, ուր Անկարայի աջակցությունը վայելող տեղի ուժերի հետ բախումների հետևանքով սիրիական քրդերը ստիպված նահանջել են: Չորեքշաբթի ԱՄՆ միջնորդությամբ հրադադար է հաստատվել:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հորդանանում էր Անկարա մեկնելուց առաջ։ Նրա խոսքով՝ հասկանալի է, թե քուրդ անջատականներն ինչ վտանգ են ներկայացնում Թուրքիային։

«Միևնույն ժամանակ, ցանկանում ենք խուսափել ցանկացած տեսակի լրացուցիչ հակամարտությունների հրահրումից Սիրիայի ներսում»,- ասել է Բլինքենը:

Բլինքենը ու Սալիվանը նաև փորձում են դիվանագիտական ճնշում գործադրել՝ հասնելու Իսրայելի և «Համասի» միջև զինադադարին:

Վաշինգտոնի համաձայն՝ տակավին «Համասի» ձեռքում են ամերիկացի երեք պատանդներ, ու ևս չորս ամերիկացու դիակներ: