Ո՞վ շահեց և ո՞վ կորցրեց ալ-Ասադի ռեժիմի տապալման արդյունքում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է Բաշար Ասադին՝ Սոչիում, Ռուսաստան, 2018 թվական, 17 մայիս

Ռուսաստանյան պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կրեմլը ապաստան է տվել Սիրիայի այլևս նախկին բռնապետ ալ-Ասադին։ Հայտնի է՝ Մոսկվան ալ-Ասադի հիմնական աջակիցն էր ապստամբ սիրիացիների դեմ պայքարում, սակայն այս հանգամանքը կարող է խանգարել Ռուսաստանի դիրքերի պահպանմանը նոր Սիրիայում, որոնք ընդամենը կարճ ժամանակ առաջ ամուր էին թվում:

Երկուշաբթի Մոսկվայում Սիրիայի դեսպանատանը բարձրացվեց սիրիական ընդդիմության դրոշը՝ ի ցույց դնելով, որ Ռուսաստանը կորցրել է Մերձավոր Արևելքում իր հիմնական դաշնակցին և այժմ հարկադրաբար պետք է վերանայի ռազմավարությունը տարածաշրջանում:

Հայտնի դարձավ, որ Կրեմլը ապաստան է տվել Սիրիայի այլևս նախկին բռնապետ Բաշար ալ-Ասադին ու նրա ընտանիքին՝ կոչ անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու սիրիական զարգացումները:

Your browser doesn’t support HTML5

Ասադի ռեժիմի անկմամբ Կրեմլը կորցրեց Սիրիան

Միանշանակ է՝ Մոսկվայի համար ալ-Ասադի ռեժիմի անկումը լուրջ կորուստ է։

«Մոսկվայի ներկայությունը Սիրիայում նաև միջոց էր ի ցույց դնել, թե [Կրեմլը] գլոբալ տերություն է, և որ կարող է ազդել իր անմիջական հարևանությունից դուրս ընթացող զարգացումների վրա: Աշխարհաքաղաքական զարգացումների առումով՝ [տեղի ունեցածը] ցույց է տալիս, որ Ռուսաստանի հզորությունն ավելի փոքր է, քան [Կրեմլը] ցանկանում է ներկայացնել աշխարհին»,- ասում է Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի վերլուծաբան Քեյթ Ջոնսթոնը:

Հիշեցնենք՝ 2015 թվականին Մոսկվան ներգրավվեց սիրիական քաղաքացիական պատերազմի մեջ՝ աջակցելու ալ-Ասադի ռեժիմին՝ զոհաբերելով ռուսաստանցի զինվորականների և վատնելով ռեսուրսներ:

Ըստ դիտորդների՝ ալ-Ասադի անկումից ամենից շատ, թերևս, շահել է հարևան Թուրքիան:

«Ամենից մեշ շահողը Թուրքիան է։ Էրդողանը ոգևորված է, որ Թրամփն առաջարկել է ամերիկացի զինծառայողներին դուրս բերել Սիրիայից: Թուրքիայի ազդեցությունն այդ երկրում ավելի մեծ է դառնում։ Էրդողանի ու Թուրքիայի դերը աճում են, իսկ Ռուսաստանի ազդեցությունը՝ նվազում»,- ասում է Գլոբալ հարցերի ինստիտուտի վերլուծաբան Մարկ Հաննան։

Կրեմլի ներկայացմամբ՝ կապի մեջ են Սիրիայի նոր իշխանությունների հետ, ինչից կարելի է ենթադրել, որ Մոսկվայում ցանկանում են որոշակի համաձայնության գալ սիրիական նոր իշխանությունների հետ և պահպանել ռուսական ռազմական ներկայությունը երկրում: Սակայն ժամանակին ալ-Ասադի ռեժիմին տարիներով ցուցաբերած աջակցությունը լուրջ խոչընդոտ է Կրեմլի այդ նպատակի իրականացման ճանապարհին։

«Տեսանք, թե ինչպես է Ռուսաստանը ռմբակոծում հիվանդանոցներ, դպրոցներ, աջակցում Ասադին՝ բնակչության վրա ռումբեր նետելու գործում։ Աջակցում էր Ասադին, երբ նա քիմիական զենք էր օգտագործում: Այնպես որ, չեմ կարծում, թե որևէ նոր կառավարություն, ինչ կազմ էլ ունենա, կարող է հանկարծ մոռանալ այն դաժանությունները, որոնք Ռուսաստանը գործադրել է [սիրիացի] խաղաղ բնակչության նկատմամբ»,- ասում է Chatham House-ի վերլուծաբան Նիլ Քուիլիամը։

Ալ-Ասադի ռեժիմի արագ անկումը շատերի համար անակնկալ էր, իսկ այժմ դեռ անորոշություն է, թե ինչ է սպասվում Սիրիային: