Նինա և Արտյոմ Մարինենկոները գրեթե 30 տարեկան են։ Ապրում են Կիևում՝ իրենց երկու շների հետ։ Ամուսնացել են 2022 թվականի նոյեմբերին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ինն ամիս անց։
Զույգը երազում է երեխա ունենալ, բայց պատերազմի պատճառով ստեղծված անորոշությունն ու վտանգները հետ են պահում նրանց այդ մտքից։
«Պատերազմի պայմաններում սկսում ես մտածել բոլորովին այլ բաների մասին, թե ինչպես էի պատկերացնում հղիությունը խաղաղ ժամանակ, իսկ ինչպես կլինի պատերազմի ընթացքում։ Ինձ շատ է վախեցնում»,- ասում է Նինան:
Նինան ասում է, որ իրեն անհանգստացնում է ոչ միայն անվտանգության խնդիրը, այլև Ուկրաինայի կենսապայմանները։
«Արդեն իմ կյանքի այն շրջանում եմ, երբ առավելագույնս պատրաստ եմ երեխա ունենալ, բայց պատերազմն ինձ համար կարևոր գործոն է, և չեմ կարող այդ քայլին գնալ»,- նշում է Նինան։
Your browser doesn’t support HTML5
Ըստ Ուկրաինայի կառավարության՝ պատերազմի ընթացքում երկրում ծնելիության մակարդակը նվազել է մոտ 30%-ով՝ 2021 թվականին 130 հազար ծնվածների դիմաց 2023-ի սկզբից մինչև 2024-ի սկիզբն ընկած ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 86 հազար։
Ուկրաինայի ժողովրդագրության և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Օլեքսանդր Հլադունը «Ամերիկայի ձայնին» ասում է, թե երկրի բնակչությունը 2022 թվականի սկզբին կազմում էր 42 միլիոն մարդ։
Նրա խոսքով՝այս տարի այն նվազել է՝ հասնելով 35 միլիոնի։
«Մեր ինստիտուտի կողմից կազմված ժողովրդագրական իրավիճակի կանխատեսումը բավականին հոռետեսական է։ Հնարավոր է, որ 15 տարի հետո մենք 10 միլիոնով պակաս լինենք։ Տարբեր կանխատեսումներ ենք մշակում՝ տարբեր սցենարների հիման վրա»,- նշում է Հլադունը:
Հլադունն ընդգծում է՝ Ուկրաինայի կառավարությունը պետք է անհապաղ զբաղվի այս խնդրով։
Որպես ծնելիության անկման հիմնական պատճառ՝ նա մատնանշում է տնտեսական անկայունությունը։
Խնդիրը լուծելու համար Ուկրաինայի կառավարությունը այս տարի հաստատել է Ժողովրդագրական զարգացման ռազմավարություն՝ բարելավելու տնտեսական և սոցիալական պայմանները։ Ծրագրի նպատակներն են բարձրացնել ծնելիության մակարդակը, նվազեցնել մանկական մահացությունը և նպաստել պատերազմի ընթացքում երկիրը լքած ուկրաինացիների վերադարձին։
Կիևի ծննդատներից մեկի մանկաբարձ-գինեկոլոգ Տետյանա Նարիտնիկի խոսքով՝ իր բուժառուներից շատերն այժմ ներքին տեղահանված անձինք են։
«Այս կանայք հղիության ընթացքում որոշակի բարդություններ են ունենում սթրեսային գործոնների պատճառով։ Բացի այդ, շատերը հնարավորություն չեն ունեցել այցելել ծննդատուն և անցնել անհրաժեշտ հետազոտություններ ու խորհրդատվություն»,- ասում է Նարիտնիկը։
Անաստասիան վերջերս է լույս աշխարհ բերել իր դստերը՝ Օլիվիային։ Ամուսնու և ավագ որդու հետ Անաստասիան, ով հրաժարվեց նշել իր ազգանունը, փախել է Լուգանսկի մարզի օկուպացված Սևերոդոնեցկից 2022 թվականի մարտին։ Երկրորդ երեխան ընտանիքի վաղեմի երազանքն էր։
Անաստասիան որոշել է չսպասել։
«Պատերազմը մի օր կավարտվի, իսկ երեխաները երջանկություն են պարգևում։ Ինչո՞ւ ոչ։ Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»,- ասում է նա։
Սակայն Նինան և Արտյոմը ավելի զգուշավոր են։
«Այս օրերին միայն հիմար կամ հուսահատ մարդիկ են երեխա ունենում։ Գուցե մենք էլ մի օր հայտնվենք այդ կատեգորիաներից մեկում»,- ասում է Արտյոմը։
Շատ երիտասարդ զույգեր, ինչպես Նինան և Արտյոմը, կանգնած են ընտրության առջև՝ արդյո՞ք արժե ընտանիք կազմել հիմա, սպասե՞լ ավելի լավ ժամանակների, թե՞ ընդհանրապես հրաժարվել այդ գաղափարից։