Մատչելի հղումներ

Amnesty International-ը Իսրայելին մեղադրել է Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ


Amnesty International-ը Իսրայելին մեղադրել է Գազայում ցեղասպանության մեջ
Amnesty International-ը Իսրայելին մեղադրել է Գազայում ցեղասպանության մեջ

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Իսրայելին մեղադրել է Գազայում պաղեստինցի ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Առաջին անգամն է, որ կազմակերպությունը նման մեղադրանք է ներկայացնում գործող հակամարտության ընթացքում։ Իսրայելը հերքում է մեղադրանքը։

Գազայում 14 ամիս շարունակվող մարտական գործողությունների հետևանքով զոհվել են ավելի քան 44 հազար պաղեստինցիներ՝ նշում է տեղի առողջապահական ծառայությունը: Խոսքը նաև զինյալների մասին է, սակայն «Համասի» ներկայացմամբ՝ զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ ավելի քան 13 հազար երեխաներ:

Նորություն չէ, որ Իսրայելի գրոհների հետևանքով Գազայում հողին են հավասարեցվել բնակավայրերի ամբողջական թաղամասեր: ՄԱԿ-ի տվյալներով՝ պաղեստինյան այդ շրջանում մոտ 1,9 միլիոն մարդ կամ բնակչության շուրջ 90%-ը, ստիպված լքել է իր տները:

Մարդասիրական կազմակերպությունների փոխանցմամբ՝ հատկապես Գազայի հյուսիսում գտնվող պաղեստինցիները սովի եզրին են:

Amnesty International-ը Իսրայելին մեղադրել է Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ
please wait

No media source currently available

0:00 0:03:11 0:00

Հինգշաբթի հրապարակված զեկույցով Amnesty International-ը մեղադրել է Իսրայելին ցեղասպանություն գործելու մեջ:

«Այս հանցագործությունները եղել են ու մնում են դիտավորյալ, որոնք կանխամտածված հաշվարկվել են Գազայում պաղեստինցիներին ոչնչացնելու համար: Դրանք ի կատար են ածվել բացարձակ անպատժելի եղանակով: Եզրակացությունը միանշանակ է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում, և այս [եզրակացությունը] հիմնված է ապացույցների վրա»,- ասել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը։

Amnesty International-ը նաև ուշադրություն է հրավիրել իսրայելցի պաշտոնյաների հայտարարություններին, օրինակ՝ ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի, որը կոչ էր արել «ջախջախել» Գազան:

«Հանդիպել ենք հայտարարությունների, որոնք կոչ էին անում իրականացնել ցեղասպանություն և այլ հանցագործություններ: Ստուգել ենք զինվորականների նկարահանած տեսանյութերը, ուր կան կոչեր՝ ջնջել Գազայի հատվածը կամ այն անբնակելի դարձնել»,- ասել է Կալամարը:

Իսրայելը կտրականապես հերքում է ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքը՝ նշելով, թե Amnesty International-ի զեկույցը «ամբողջովին կեղծ է և հիմնված ստի վրա»:

Իսրայելցի զինվորականների պնդմամբ՝ «Համասի» զինյալները թաքնվում են դպրոցներում և հիվանդանոցներում՝ օգտագործելով խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան:

Այդուհանդերձ, նման պնդումները դժվար է ստուգել, քանզի Իսրայելը արգելում է օտարերկրյա լրագրողներին մուտք գործել Գազա:

Հրեական պետությունը նաև մեղադրում է «Համասին» անցած տարվա հոկտեմբերի 7-ին իսրայելցիների կոտորած իրականացնելու մեջ, ինչի հետևանքով զոհվել են ավելի քան 1,200 մարդ, պատանդ են տարվել մոտ 250-ը։

Թել Ավիվը ընդգծում է՝ գործում է միջազգային իրավունքի շրջանակներում և իր նպատակը ինքնապաշտպանությունն է:

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը հայտարարել է․ «Երբեք չենք երկմտի պաշտպանել մեր ժողովրդին, մեր ապագան և չեն դադարի գործել՝ տուն վերադարձնելու մեր բոլոր պատանդներին»:

Մերձավոր Արևելքի գծով վերլուծաբան Անդրեաս Քրիեգը նշում է. «Այս պատերազմում իսրայելցիների համար գոյություն ունի կշիռ ունեցող երկու կենտրոն՝ ԱՄՆ կառավարությունն ու ներքին՝ [Իսրայելի] հասարակական կարծիքը, ինչպես նաև ճնշումը կառավարության վրա՝ Գազայում այս կամ այն բանն անելու համար: Կարծում եմ՝ այս զեկույցը որևէ ազդեցություն չի ունենա այդ կենտրոններից որևիցե մեկի վրա»:

Amnesty International-ն զգուշացրել է՝ Իսրայելի դաշնակիցները, ներառյալ՝ Միացյալ Նահանգները կարող են մեղսակից լինել ենթադրյալ ցեղասպանության մեջ, և կոչ արել նրանց դադարեցնել զենքի մատակարարումը Թել Ավիվին։

XS
SM
MD
LG