Միացյալ Նահանգներում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակ տարած հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին՝ երդմանակալությունից հետո, կրկին կստանձնի երկրի նախագահի պաշտոնը: Իսկ մինչ այդ նախագահ Թրամփի անցումային թիմը զբաղված է տարբեր պաշտոններում թեկնածուների առաջադրմամբ, որոնց զգալի մասը պետք է ստանա վերջին ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցության վերահսկողության տակ անցած ԱՄՆ Սենատի հավանությունը:
Առաջադրված թեկնածուների շարքում կան գործիչներ, որոնք իրենց քաղաքական գործունեության ընթացքում այսպես թե այնպես առնչվել են Հարավային Կովկասի տարածաշրջանին, այն խնդիրներին կամ մարտահրավերներին, որոնց առերեսվել կամ առերեսվում է հայությունը: Օրինակ՝ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված սենատոր Մարկո Ռուբիոն իր օրենսդրական գործուենության ընթացքում բազմիցս անդրադարձել է Հարավային Կովկասին ու Հայաստանին, իսկ առողջապահության նախարարի պաշտոնի թեկնածու Քենեդի-կրտսերը սերտ կապեր ունի ամերիկահայ համայքնի հետ: Մեկ այլ թեկնածու, դոկտոր Մեհմեդ Օզն էլ իր հերթին քննադատության է ենթարկվել ամերիկահայ շրջանաների կողմից Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշման համար:
Հիշեցնենք, ամերիկյան արտաքին քաղաքականությունը սահմանում է ԱՄՆ նախագահը, և թե ինչ քաղաքականություն կորդեգրի Վաշնգտոնը տարածաշրջանում ու հայ-ամերիկյան հարաբերություններում ցույց կտա ժամանակը:
Your browser doesn’t support HTML5
Մյուս կողմից, տարածաշրջանի խնդիրներին ծանոթ լինելու հանգամանքը կարող է դրական անդրադարձ ունենալ այստեղ կայունության և խաղաղությա հաստատման գործում: Այսպիսով, անդրադառնանք մի շարք թեկնածուներին, որոնց անուններն այս կամ այլ կերպ կապված են տարածաշրջանի ու ամերիկահայության հետ:
Մարկո Ռուբիո
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ հաջորդ պետքարտուղարի պաշտոնում առաջադրել է Մարկո Ռուբիոն՝ Ֆլորիդայից ընտրված հանրապետական սենատորին, ով Կոնգրեսի վերին պալատում է 2011 թվականից և ընդգրկված է արտաքին հարաբերությունների և հետախուզության հանձնաժողովներում:
53-ամյա Ռուբիոն աշխատավոր դասին պատկանող կուբացի ներգաղթյալների ընտանիքից է: Եթե նրա թեկնածությունը հաստատվի իր սենատոր գործընկերների կողմից, նա կդառնա առաջին լատինամերիկացի պետքարտուղարը:
Ռուբիոն ցուցաբերել է կոշտ դիրքորոշում Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի ավտորիտար ռեժիմների, ինչպես նաև Չինաստանի հարցում՝ ընդգծելով, որ Չինաստանը համագործակցում է Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի հետ՝ ընդդեմ ԱՄՆ-ի:
2022 թվականին Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժումից հետո Ռուբիոն ակտիվորեն աջակցել է Կիևին: Վերջերս կոչ է արել բանակցություններ սկսել՝ հակամարտությունը դադարեցնելու համար, իսկ ապրիլին դեմ է քվեարկել Կիևի համար նախատեսված 95 միլիարդ դոլար ռազմական օգնության փաթեթին:
«Կարծում եմ, որ մեր նպատակը Ուկրաինայի հարցում պետք է լինի նրանց օգնել այնպես, որ դա չվնասի մեզ, չվնասի մեր դաշնակիցներին ողջ աշխարհում»,- ասել է սենատոր Ռուբիոն:
Մերձավոր Արևելքի հարցում Ռուբիոն եղել է Իսրայելի հաստատակամ աջակիցը, ինչը համապատասխանում է Թրամփի դիրքորոշմանը: Որպես սենատոր՝ նա կոչ է արել Իսրայելին ոչնչացնել «Համասը» Գազայի հատվածում՝ ընդդիմանալով հրադադարներին, որոնք, նրա խոսքերով, թույլ կտային ԱՄՆ կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող «Համասին» վերախմբավորվել:
Ամերիկահայ շրջանակները ողջունել են սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում: Ըստ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի՝ Մարկո Ռուբիոն արժանացել է Հայ դատի հանձնախմբի գնահատման սանդղակով առավել բարձր գնահատականի իր օրենսդրական գործունեության համար: Նման բարձր գնահատականի են արժանացել քիչ թվով գործիչներ, քանի որ հանձնախումբը չափազանց խիստ է մոտենում գործիչների գնահատամանը, շեշտում է Համբարյանը:
«Հաստատման դեպքում սենատոր Ռուբիոն կստանձնի պաշտոնը որպես Սենատի SRS 540 բանաձևի գլխավոր համահեղինակներից մեկը, որը նախատեսում է մանրակրկիտ ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները՝ ամերիկյան ռազմական օգնության օգտագործմամբ։ Նա կողմնակից է պատժամիջոցների և 907-րդ բանաձևի կիրառմանը։ Ռուբիոն բացահայտ քննադատել է Թուրքիայի ագրեսիան՝ ինչպես ներքին՝ ընդդեմ այլախոհների, այնպես էլ արտաքին՝ Հայաստանի դեմ, նաև Հունաստանի օդային տարածքի [խախտումների] և տարածքային ջրեր ներխուժելու դեպքերը։ Այսպիսով, նա պաշտոն է ստանձնում ոչ միայն որպես հայերի բարեկամ, այլ նաև որպես տարածաշրջանում մեր բարեկամների կոալիցիայի բարեկամ»,- ասում է Համբարյանը:
Ռուբիոյի թեկնածության առաջադրումը ողջունել է նաև Ամերիկայի հայկական համագումարը: Ըստ համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանի՝ Ռուբիոյի պարագայում ամերիկահայ համայնքը գործ ունի մի գործչի հետ, ով քաջատեղյակ է տարածաշրջանից ու հայության խնդիրներից:
«Ռուբիոն շատ ակտիվորեն աջակցել է հայությանը հուզող խնդիրներին։ Նա եղել է 2019 թվականին Սենատում ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևի գլխավոր համահեղինակներից մեկը։ Ուստի, ողջունում ենք պետքարտուղարի պաշտոնում նրա թեկնածությունը և հուսով ենք, որ նրա հաստատումից հետո կկարողանանք ավելի սերտ համագործակցել նրա հետ արդեն իսկ պետքարտուղարի պաշտոնում՝ վստահ լինելով, որ մեր ձայնը լսելի է»,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսի հետ հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:
Ամերիկահայ երկու կառույցների ներկայացուցիչներն իրենց պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը Մարկո Ռուբիոյի հետ վերջինիս նոր կարգավիճակում, եթե Սենատը հաստատի նրա թեկնածությունն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում:
Թուլսի Գաբարդ
Առաջադրված թեկնածուների թվում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան նախկին անդամ, 43-ամյա Թուլսի Գաբարդը, որին Դոնալդ Թրամփն առաջադրել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնին:
Նախկինում Դեմոկրատական կուսակցության անդամ, ԱՄՆ Հավայի նահանգը ներկայացնող Թուլսի Գաբարդը, ըստ դիտորդների, նախընտրական այս վերջին փուլում Թրամփի քարոզարշավի ազդեցիկ ձայներից մեկն էր՝ ժողովելով մարդկանց նրա օրակարգի շուրջ:
«Ահա, ընտրությունը, որ մենք ունենք։ Քվեարկել Քամալա Հարիսի օգտին նշանակում է քվեարկել Դիք Չեյնիի օգտին, քվեարկել պատերազմի, ավելի մեծ պատերազմի օգտին, հավանաբար՝ Երրորդ աշխարհամարտի և միջուկային պատերազմի օգտին: Քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին նշանակում է քվեարկել հօգուտ մի մարդու, ով ցանկանում է ավարտել պատերազմները, ոչ թե սկսել դրանք»,- հայտարարել էր Գաբարդը:
Գաբարդի թեկնածության մասին հայտարարելով՝ Թրամփը գովել է նրա «անվախ ոգին»՝ ասելով, թե նա այդ ոգին կծառայեցնի իր գործին:
Թեև Գաբարդն ավելի քան 20 տարի ծառայել է ԱՄՆ ազգային գվարդիայում, նրա թեկնածության առաջադրումը հակասական արձագանք գտավ հանրապետական օրենսդիրների և բացասական՝ դեմոկրատ կոնգրեսականների շրջանում:
Սոցհարթակներում շրջանառվող տեսանյութում քննադատները պնդում են, թե Թուլսի Գաբարդը տարածել է Ուկրաինայում իբր ԱՄՆ ֆինանսավորմամբ ստեղծված կենսաբանական զենքի լաբորատորիաների վերաբերյալ ռուսական քարոզչական թեզը։ Նման հաստատությունների մասին «տեղեկությունը», սակայն, հերքվել է ամերիկյան հետախուզության կողմից:
Նա նաև քննադատության է ենթարկվել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպելու համար, որը, ինչպես հայտնի է, մեղադրվում է պատերազմական հանցագործությունների մեջ։ Սակայն Թուլսի Գաբարդը հակադարձել է, թե խաղաղության մասին լուրջ խոսակցությունն անհնար է, եթե պատրաստ չեք խոսել հակառակորդների հետ։
Գաբարդի թենածության առաջադրումը աջակցել են ամերիկահայ կազմակերպությունները: Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը X հարթակում գրառմամբ ողջունել է նրա թեկնածության առաջադրումն ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում՝ ընդգծելով, որ Թուլսի Գաբարդն ԱՄՆ Կոնգրեսի այն փոքրաթիվ անդամներից էր, ով այցելել էր Լեռնային Ղարաբաղ:
Հանձնախումբն ընդգծում է՝ «Կոնգրեսում իր պաշտոնավարման ընթացքում նա եղել է Արցախի իրավունքների ակտիվ պաշտպան՝ ստանալով A+ գնահատական Հայ Դատի հանձնախմբի գործունեության գննահատման սանդղակում»:
Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շեշտում է՝ ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն թեկնածուի հետ առաջիկա տարիներին։
«Թուլսի Գաբարդը ոչ միայն հայանպաստ և Արցախի իրավունքները պաշտպանող օրենսդիր էր, այլ նաև Կոնգրեսի այն սակավաթիվ անդամներից էր, ով այցելել էր Արցախ և ելույթ ունեցել Արցախի խորհրդարանում։ Նա շատ լավ ծանոթ է այս հարցին՝ խորությամբ և մանրամասնորեն։ Սա իսկապես մեծ հնարավորություն է մեր համայնքի համար»,- «Ամերիկայի ձայնին» ասել է Արամ Համբարյանը:
«Ամերիկայի ձայնին» տրամադրած իր մեկնաբանությունում Գաբարդի թեկնածության առաջադրումն ողջունել է նաև Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսի հարցերով տնօրեն Մարիամ Խալոյանը՝ ընդգծելով. «Ամերիկայի հայկական համագումարն ընդգծում է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում առաջադրված թեկնածուն՝ նախկին զինվորական և Հավայի նահանգը ներկայացնող կոնգրեսական Թուլսի Գաբարդը, եղել է հայկական հարցերի եռանդուն պաշտպան։ Նա համահեղինակ է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի և այցելել է Հայաստան ու Արցախ՝ անձամբ ծանոթանալու հայ ժողովրդի առջև կանգնած մարտահրավերներին և Ադրբեջանից եկող գոյաբանական սպառնալիքներին»:
Հիշեցնենք, որ 2017 թվականին՝ դեռ կոնգրեսական եղած ժամանակ, Թուլսի Գաբարդն ամերիկացի կոնգրեսականների խմբի կազմում այցելել էր Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ, ինչի հետևանքով արժանացել էր Բաքվի քննադատությանն ու հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում»։ Այցի ընթացքում նա ելույթով հանդես էր եկել չճանաչված Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում:
Հետագայում նա հրապարակավ մեղադրել էր Թուրքիային՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի սկզբնավորման գործում ունեցած դերակատարության համար։ Գաբարդը համահեղինակն է մի նամակի՝ ուղղված պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որտեղ մտահոգություն է արտահայտված Ադրբեջանի գործողությունների և Հայաստանի հետ հնարավոր պատերազմի վերաբերյալ:
Նամակում ասված էր. «Այս նամակով ցանկանում ենք արտահայտել մեր խորը մտահոգությունը Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հանդեպ վերսկսված ագրեսիայի կապակցությամբ և Հայաստանի հետ լայնածավալ հակամարտության աճող հնարավորության վերաբերյալ: Մենք կոչ ենք անում վարչակազմին օգտագործել առկա բոլոր դիվանագիտական գործիքները՝ լարվածությունը նվազեցնելու, մարտերը դադարեցնելու և Ադրբեջանին հետագա հարձակողական գործողություններից զերծ պահելու համար»:
2019 թվականին որպես համահեղինակ Գաբարդը միացավ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին՝ մի քանի այլ սենատորների և Ներկայացուցիչների տան անդամների հետ, ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչելու ու հիշատակելու համար։
«Օսմանյան կայսրությունը փորձում էր իրեն մաքրել հայերից և քրիստոնյա բնակչությունից, ու ԱՄՆ-ն դարձավ բազմաթիվ վերապրածների տուն»,- ասել է Թուլսի Գաբարդը:
Հիշեցնենք՝ 2021 թվականի ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն։
Ռոբերտ Քենեդի-կրտսեր
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե մտադիր է Ռոբերտ Քենեդի-կրտսերին առաջադրել ԱՄՆ առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարության ղեկավարի պաշտոնում։ Թե ինչ է ցանկանում է Դոնալդ Թրամփը ԱՄՆ առողջապահական համակարգից, թերևս, հակիրճ ներկայացրել է ինքը՝ ԱՄՆ նորընտիր նախագահը, երբ խոսում էր իր գալիք վարչակազմում ոլորտի պատասխանատուի գործառույթների մասին։
Նախագահական ընտրություններից անմիջապես առաջ տեղի ունեցած հանրահավաքում ԱՄՆ 47-րդ նախագահը հայտարարեց. «Նրան թույլ կտամ ազատ գործել առողջապահության, սննդի, դեղորայքի ոլորտներում»:
Միացյալ Նահանգների առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարի պաշտոնում Քենեդի-կրտսերը, փաստորեն, ղեկավարելու է երկրի հանրային առողջապահական գործակալությունները, բժշկական գիտա-հետազոտական կառույցները, կառավարության կողմից ֆինանսավորվող առողջապահական ապահովագրության համակարգը, որը վերաբերում է ավելի քան 140 միլիոն մարդու:
«Մի՞թե արժանի չենք Միացյալ Նահանգների [այնպիսի] նախագահի, ով պատրաստվում է վերստին առողջացնել Ամերիկան»,- հայտարարել է Քենեդի-կրտսերը:
ԱՄՆ առողջապահության ապագա նախարարը բնապահպանական հարցերով իրավաբան է: Հայտնի ընտանիքից է․ նրա հորեղբայրը՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդին էր, իսկ հայրը՝ նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդին։
Ռոբերտ Քենեդի-կրտսերն այս տարի առաջադրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնի համար՝ որպես, այսպես կոչված, անկախ թեկնածու՝ հեռանալով Դեմոկրատական կուսակցությունից:
Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ Քենեդի-կրտսերը չվարանեց հանդես գալ կեղծ պնդումների օգտին, թե այդ ամենի հետևում մեծ դավադրություն է և իբր նպատակ կա փորձարկել COVID պատվաստանյութերը սևամորթ ու իսպանախոս ամերիկացիների վրա:
Քենեդի-կրտսերի խոսքով՝ դեմ չէ պատվաստումներին, սակայն դեմ է, որ դրանք պարտադիր լինեն:
«Ով ցանկանում է պատվաստանյութ ընդունել, չեմ պատրաստվում խանգարել: Եթե ցանկանում եք պատվաստանյութ ընդունել կամ եթե ցանկանում եք պատվաստել ձեր երեխաներին, պատվաստանյութերը հասանելի կլինեն»,- հայտարարել է Քենեդի-կրտսերը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատվաստանյութերն անվանել է «գլոբալ հաջողության պատմություն», որը փրկել է միլիոնավոր կյանքեր։
Հանրային առողջապահության գծով տարբեր գործիչներ իրենց մտահոգություն են հնչեցրել Քենեդի-կրտսերի նմանանտիպ այլ տեսակետների շուրջ, օրինակ՝ որ ԱՄՆ-ում խմելու ջուրը չպետք է ֆտոր պարունակի:
Ընդունված է համարել, որ Ռոբերտ Քենեդի-կրտսերը հանդիսանում է ամերիկահայ համայնքի բարեկամը և բազմիցս աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետևանքով տուժած հայերին։ Իր հայտարարություններում նա ընդգծել է միջազգային միջամտության անհրաժեշտությունը՝ դադարեցնելու Հայաստանի դեմ ագրեսիան։
2023 թվականի դեկտեմբերին Քենեդին հրապարակեց «Ինչպես կանխել պատերազմը Հայաստանում» վերնագրով տեսաուղերձը, որում կոչ էր անում Միացյալ Նահանգներին մոբիլիզացնել միջազգային հանրությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայությանը պաշտպանելու համար։
«Մենք պետք է մոբիլիզացնենք բոլոր հնարավոր դիվանագիտական և տնտեսական լծակները՝ երաշխավորելու հայերի անվտանգ վերադարձը Արցախ և պաշտպանելու նրանց ինքնորոշման իրավունքը»,- ասել է նա։
Քենեդին նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ջատագովն էր՝ հետագա բռնության ակտերը կանխելու համար: 2024 թվականի ապրիլին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, իր ուղերձում նա կոչ արեց միջազգային հանրությանը կոշտ քայլեր ձեռնարկել՝ նշելով, որ «առանց արտաքին աջակցության 1915 թվականին սկսված Հայոց ցեղասպանությունը կարող է ավարտվել մեր օրերում»:
«Սա այն իրավիճակն է, որտեղ խաղաղ պատժամիջոցները [Ադրբեջանի դեմ] կարող են իրականում արդյունավետ լինել։ ԱՄՆ-ն դեռևս ազդեցություն ունի այդ տարածաշրջանում, և կարող է օգտագործել այդ լծակները՝ տարածաշրջանի բոլոր պետություններին մոբիլիզացնելու համար՝ այս հումանիտար ողբերգությունը վերացնելու նպատակով»,- ասել է նա։
Իր ելույթներում նա անդրադարձել է նաև Հայաստանի ապաշրջափակմանը. «Մենք նաև պետք է ձգտենք ապահովել Հայաստանի շրջափակման վերացմանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Հայաստանը ծով ելք չունեցող երկիր է, և նրան անհրաժեշտ է մուտք դեպի նավահանգիստներ և հարակից երկրներ»:
Քենեդի-կրտսերն ակտիվորեն համագործակցել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) և այլ հայկական կազմակերպությունների հետ, որոնք ողջունել են նրա հայտարարությունները հայությանը հուզող հարցերում՝ նրան դիտարկելով որպես ԱՄՆ նախագահի հանրապետական ու դեմոկրատ թեկնածուների այլընտրանք:
«Հայ Դատի հանձնախումը ողջունում է Ռոբերտ Քենեդի-կրտսերի կոչերը՝ կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ և աջակցել Արցախի հայերին ինքնորոշման իրավունքի և իրենց նախնիների հայրենիք անվտանգ վերադարձի հարցում: Ավելի լայն առումով կարևորում ենք նրա առաջ գալը 2024 թվականի ընտրություններում որպես հայկական համայնքի համար հնարավոր երրորդ տարբերակ՝ հատկապես հաշվի առնելով, որ երկու հիմնական կուսակցությունների ամենահավանական թեկնածուները՝ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, երկուսն էլ զինել են Ադրբեջանին՝ նպաստելով Արցախի քրիստոնյա հայերի ցեղասպանությանը»,- ասված է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) 2023 թվականի դեկտեմբերի 28-ի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի 23-ին Ռոբերտ Քենեդի-կրտսերը թողեց նախագահական ընտրապայքարը, դադարեցրեց քարոզարշավը և իր աջակցությունը հայտնեց Դոնալդ Թրամփին։ Նույն օրն ավելի ուշ Քենեդի-կրտսերը Թրամփի կողքին էր Արիզոնա նահանգի Գլենդել քաղաքի հանրահավաքի ժամանակ, որտեղ մեկ անգամ ևս իր աջակցությունը հայտնեց Թրամփին։
Ինչևէ, եթե ԱՄՆ Սենատը հաստատի Քենեդի-կրտսերի թեկնածությունը, նա գլխավորելու է ավելի քան 80 հազար աշխատակիցներից բաղկացած գերատեսչություն՝ տարեկան մոտ 1,7 տրիլիոն դոլար բյուջեով:
Վիվեկ Ռամասվամի
Վիվեկ Ռամասվամին ամերիկացի հայտնի ձեռնարկատեր է, հեղինակ և քաղաքական ակտիվիստ: Նա ծնվել է 1985 թվականի Ցինցինատիում, Օհայո նահանգում հնդիկ ներգաղթյալների ընտանիքում։ Հարվարդի և Յելի համալսարանի շրջանավարտ Ռամասվամին հետագայում հիմնել է Roivant Sciences ընկերությունը, որը մշակում և ներդրում է նոր բժշկական տեխնոլոգիաներ։ Նրա աշխատանքն այս ոլորտում մեծ համբավ բերեց նրան որպես նորարարի և դարձրեց նրան կենսատեխնոլոգիայի արդյունաբերության առանցքային դեմքերից մեկը:
Ռամասվամին հայտնի է նաև որպես «Woke, Inc.: Inside Corporate America's Social Justice Scam» գրքի հեղինակ, որտեղ նա քննադատում է կորպորատիվ Ամերիկան և այնտեղ առկա գաղափարախոսության ազդեցությունը բիզնեսի վրա: Խոսքի ազատության, պետության դերի սահմանափակման և անհատական իրավունքների պաշտպանության վերաբերյալ նրա տեսակետներն արձագանք են գտել լայն լսարանի մոտ, ինչն օգնեց նրան մտնել մեծ քաղաքականություն:
2024 թվականին Ռամասվամին առաջադրվեց Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում՝ դառնալով Հանրապետական կուսակցության ամենաքննարկվող գործիչներից մեկը:
Բացի բիզնեսում և քաղաքականության մեջ իր հաջող կարիերայից, Վիվեկ Ռամասվամին ամերիկահայ համայնքի և նրանց իրավունքների ակտիվ աջակիցն է: Ինչպես Քենեդի-կրտսերը, նա ևս դարձել է հայության ամենաեռանդուն պաշտպաններից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերում՝ դատապարտելով է Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում և դրանք որակելով «էթնիկ զտումներ»:
2024 թվականի հոկտեմբերին, ելույթ ունենալով ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հետ բանավեճում, նա ուշադրություն հրավիրեց Լեռնային Ղարաբաղից 120 հազար հայերի զանգվածային տեղահանությանը։
Ռամասվամին քննադատել է ԱՄՆ կառավարությանը մարդու իրավունքների հարցերում անգործության և երկակի ստանդարտների համար՝ ասելով, որ «այդ բռնությանն արձագանքելու բացակայությունը խաթարում է Ամերիկայի միջազգային վստահությունը»։
Դեռևս 2023 թվականի նոյեմբերին նա միացել էր Մայամիում տեղի ունեցած ամերիկահայության կազմակերպած հանրահավաքին, որտեղ ցուցարարները պահանջում էին Հանրապետական կուսակցությունից պատասխանատվության ենթարկել Բայդենի վարչակազմին Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների ժամանակ ցուցաբերած անգործության համար։
Իր հարցազրույցներում նա նաև կոչ է արել վերանայել ամերիկյան արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում։ Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգները պետք է օգտագործի իր դիվանագիտական և տնտեսական լծակները՝ դյուրացնելու հայերի վերադարձն իրենց պատմական հայրենիք և ապահովելու հայկական համայնքի անվտանգությունը։
Նա ընդգծել է հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորությունը՝ ելույթներում շեշտելով, որ Հայաստանը, լինելով քրիստոնեություն ընդունած առաջին երկիրը, կարևոր դեր է խաղում համաշխարհային ժառանգության մեջ։ Ռամասվամիի խոսքով՝ իր համար Հայաստանին աջակցելը ոչ միայն բարոյականության հարց է, այլև ռազմավարական քայլ՝ ուղղված Կովկասում ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանը։
Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությամն մեջ կարդում ենք. «Ռամասվամին հատկապես ակտիվ է եղել՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի կողմից Արցախի հայերի բռնի տեղահանությանը՝ այս հարցը քննարկելով Թաքեր Կարլսոնի և Փիրս Մորգանի հետ և մասնակցելով «120,000 պատճառ» բողոքի ակցիային, որը կազմակերպվել էր Հայ Դատի Արևելյան շրջանի հանձնախմբի և ՀՅԴ Արևելյան շրջանի երիտասարդական միության կողմից՝ Ֆլորիդայի Մայամիում հանրապետական թեկնածուների բանավեճից մեկ օր առաջ»:
Հաղորդագրության մեջ ասված է նաև, որ վերջերս Ռամասվամին մասնակցեց հայկական ընդունելությանը Օհայո նահանգում, որը կազմակերպել էին Տիգրան և Վիոլա Սաֆարյանները, ինչպես նաև Սթիվ և Էրնա Ատիկյանները։ Հայ դատի տեղի հանձնախմբի երկարամյա առաջնորդ Դևիդ Կրիկորյանը ներկայացրեց Ռամասվամիին միջոցառման ընթացքում, որին մասնակցում էին ամերիկահայեր Ցինցինատիի, Կոլումբուսի և Քլիվլենդի շրջաններից:
Ինչևէ, 2024 թվականի նոյեմբերին նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Վիվեկ Ռամասվամիին Իլոն Մասկի հետ միասին նշանակեց Կառավարության արդյունավետության բարձրացման նոր դեպարտամենտի (DOGE) համաղեկավար: Նախաձեռնությունը, ինչպես հայտնի է, նպատակ ունի պարզեցնել պետական գործունեությունը` նվազեցնելով բյուրոկրատիան, վերացնելով ավելորդ կանոնակարգերը և վերակազմավորելով դաշնային գերատեսչությունները` դրանք ավելի արդյունավետ դարձնելու համար:
Այս պաշտոնի ստանձման համար նրան անհրաժեշտ չէ ԱՄՆ Սենատի հավանությունը, քանի որ պաշտոնը նախատեսում է խորհրդակցական գործառույթներ՝ ի տարբերություն գործադիր իշխանության այլ գերատեսչությունների:
Մեհմեթ Օզ
Հայտնի սրտաբան և The Dr. Oz Show հեռուստահաղորդման վարող Մեհմեթ Օզը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գալիք վարչակազմում ղեկավարելու է Medicare և Medicaid ծրագրերի իրականացումը, եթե, անշուշտ, ԱՄՆ Սենատը հավանություն տա նրա թեկնածությանը։ Medicare-ն ու Medicaid-ն ամերիկյան առողջապահական ապահովագրական համակարգի ամենից կարևոր ծրագրերն են, որոնք ապահովագրություն են տրամադրում տարեց և ցածր եկամուտ ունեցող ամերիկացիներին։
Օզը ծնվել է 1960 թվականին Օհայոյի Քլիվլենդ քաղաքում։ Նա թուրք ներգաղթյալների՝ սրտանոթային վիրաբույժ Մուստաֆա Օզի և Սունա Օզի որդին է։ Մանկությունն անցկացրել է Դելավերի Վիլմինգթոն քաղաքում և 1982 թվականին ավարտել Հարվարդի համալսարանը՝ մասնագիտանալով կենսաբանության ուղղությամբ։ 1986 թվականին Օզը ստացել է բժշկական գիտությունների և գործարար վարչարարության մագիստրոսի կոչումներ՝ Փենսիլվանիայի համալսարանի բժշկական դպրոցում և Ուորթոն դպրոցում։
Նյու Յորքում Օզը կառուցել է իր բժշկական կարիերան՝ դառնալով ճանաչված սրտային վիրաբույժ, ստեղծելով նորարարական բժշկական սարքեր և հեղինակելով բեսթսելեր դարձած ու առողջապահությանը նվիրված գրքեր, որոնք թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։
Սակայն Օզին առավել ճանաչում բերեց հանրահայտ The Oprah Winfrey Show հեռուստահաղորդմանը նրա կանոնավոր հյուրընկալությունը։ 2009 թվականին մեկնարկեց Մեհմեթ Օզի The Dr. Oz Show հեռուստահաղորդումը, որը շարունակվեց 13 եթերաշրջան՝ նվիրված առողջապահական թեմաներին։ Հաղորդումը շահել է Emmy 9 մրցանակ։
2022 թվականին Associated Press-ի հետ զրույցում Օզը նշել էր, որ առաջին անգամ հանդիպել է Թրամփին 2004 կամ 2005 թվականին, երբ խնդրել է ապագա նախագահին թույլ տալ նրան պատկանող գոլֆի դաշտում կազմակերպել իր երեխաների բարեգործական միջոցառումը։
Չնայած հետագա տարիներին Դոնալդ Թրամփն ու Մեհմեթ Օզը մեկ անգամ չէ, որ հանդիպել էին տարաբնույթ միջոցառումներին, սակայն նրանց ամենից հայտնի հանդիպումը, թերևս, 2016 թվականի նախագահական ընտրարարշավի ժամանակ էր, երբ Օզը Թրամփին հրավիրեց իր հեռուստահաղորդմանը։
2018 թվականին՝ իր առաջին նախագահության շրջանում, Թրամփն Օզին նշանակեց Սպորտի և սննդի հարցերով նախագահական խորհրդի անդամ։
Մեհմեթ Օզը ժամանակ առ ժամանակ հայտնվել է նաև քննադատության թիրախում՝ մեղադրվելով շահերի բախման մեջ, թե գովազդել է բժշկագիտական տեսանկյունից չհիմնավորված ապրանքներ և այդ կերպ նպաստել մասնավոր ընկերությունների շահույթի ավելացմանը։ Օրինակ, 2014 թվականին նրան հրավիրեցին վկայություն տալ ԱՄՆ Սենատի ենթահանձնաժողովներից մեկում, ուր քննարկվում էր մարդու քաշի կորստին հանգեցնող ապրանքների գովազդի հարցը, և այդ ապրանքների պարագայում բացակայում էր գիտական հիմնավորումը, որ դրանք կարող են նիհարեցնել մարդկանց։
Այդուհանդերձ, հստակ է, որ Օզը երբեք չի մեղադրվել, այսպես կոչված, բժշկական խարդախության մեջ։
Կարելի է ասել, որ Մեհմեթ Օզը քաղաքականություն մուտք գործեց 2021 թվականի վերջին՝ քննադատելով ԱՄՆ կառավարության գործողությունները COVID-19 համաճարակի դեմ պայքարում։ Հաջորդ քայլը նրա հայտարարությունն էր, թե Փենսիլվանիա նահագում մասնակցելու է ԱՄՆ Սենատի համար ընտրություններին՝ որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ։
Սենատորական ընտրապայքարում Օզը սուր քննադատության թիրախում էր։ Նրան մեղադրում էին երկու երկրների՝ ԱՄՆ ու Թուրքիայի քաղաքացի լինելու մեջ և այն բանի համար, որ բնակվելով Նյու Ջերսիում՝ փորձում էր սենատոր ընտրվել Փենսիլվանիայից։
Մեհմեդ Օզը սուր քննադատության է արժանացել ամերիկահայ համայնքի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու համար: 2022-ին Փենսիլվանիայում ԱՄՆ Սենատի ընտրություններում իր քարոզարշավի ժամանակ Օզը խուսափեց ուղղակիորեն հիշատակել ցեղասպանությունը, իսկ իր քարոզչական թիմը սահմանափակվեց արձագանքմամբ, որ Օզը «դեմ է ցեղասպանությանը և անմեղ մարդկանց բոլոր տեսակի սպանություններին»:
Այս դիրքորոշումը հարուցեց ամերիկահայ, հրեա, հույն և քուրդ շրջանակների բողոքը, որոնք ձևավորեցին կոալիցիա: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և նրա Փենսիլվանիայի մասնաճյուղն էր առաջնորդում Օզի թեկնածության դեմ կոալիցիան՝ ի ցույց դնելով նրա կապերը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ և հիշատակելով, որ նա, փաստորեն, ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը:
Ամերիկահայ կազմակերպության հաղորդագրությունից տեղեկանում ենք. «[ԱՄՆ] Արևելյան ափի Հայ դատի հանձնախումբը Փենսիլվանիայի տեղական գրասենյակների հետ միասին, համագործակցել է Hellenic American Leadership Council կազմակերպության հետ՝ Օզի դեմ քարոզչություն իրականացնելու նպատակով, որի ժամանակ ուշադրություն է հրավիրել դոկտոր Օզի կողմից Հայոց ցեղասպանության [փաստի] ժխտման և Թուրքիայի [նախագահ] Էրդողանի ռեժիմի հետ սերտ կապեր ունենալու վրա»:
Օզին հիշեցրել էին նաև այն, որ 2018 թվականի Թուրքիայի նախագահական ընտրությունների ժամանակ նա քվեարկել է Նյու Յորքում գտնվող թուրքական հյուպատոսարանում։
Մեհմեթ Օզը նկարահանվել է թուրքական ավիափոխադրողի՝ Turkish Airlines-ի գովազդներում և որպես խոսնակ հանդես է եկել ավիաընկերության՝ COVID-19-ին վերաբերող անվտանգության միջոցառումների մասին հոլովակում։
Թեև Օզը հաճախ է անդրադարձել է իր երկքաղաքացիության թեմային, թե պահպանում է այն, որպեսզի հոգ տանի իր՝ Ալցհեյմեր հիվանդությամբ տառապող և Թուրքիայում բնակվող մոր մասին, սակայն 2022 թվականի սենատորական ընտրությունների ժամանակ հայտարարեց, որ ընտրվելու դեպքում կհրաժարվի թուրքական քաղաքացիությունից։ Ընտրություններում հաղթեց դեմոկրատ Ջոն Ֆեթերմանը։
Ինչևէ, եթե ԱՄՆ Սենատի հաստատի Մեհմեթ Օզի թեկնածությունը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած պաշտոնի համար, ապա նա, փաստորեն, տնօրինելու է մոտ 1,1 տրիլիոն դոլարի բյուջե ունեցող առողջապահական ծրագրեր, որոնք վերաբերում են ԱՄՆ բնակչության գրեթե կեսին։
Այսպիսով, վերոհիշյալ թեկնածուներից բոլորը՝ բացառությամբ Վիվեկ Ռամասվամիի, պետք է անցնեն ԱՄՆ Սենատի կողմից հաստատման ընթացակարգը: Այն միայն տեխնիկական գործընթաց չէ, այլև Սենատի անդամներին տրված լուրջ հնարավորություն հարցադրումներ ուղղել թեկնածուներին իրենց դիրքորոշումների, արժեքների, պատասխանատվության շուրջ պատկերացումների և շատ այլ հարցերի վերաբերյալ։
Դիտորդներն ակնլակում են բավականին թեժ քննարկումներ թեկնածուների հաստատման ժամանակ: Չի բացառվում, որ ամերիկահայությանը հուզող հարցերը ևս ընդգրկված լինեն թեկնածուներին ուղղված հարցադրումներում: