Ամերիկյան երկկուսակցական քաղաքական համակարգում այսօր ընտրությունը երկու հիմնական թեկնածուների միջև է՝ ԱՄՆ գործող փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսի ու ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի: Հարցումներն արձանագրում են՝ երկու թեկնածուների ուժերը մոտավորապես հավասար են: Դիտորդների կարծիքով՝ այս ընտրություններում հաղթելու թեկնածուների հնարավորությունները չափազանց մոտ են:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը, ով սկզբում որոշել էր մասնակցել ընտրություններին և ներկուսակցական ընտրություններում վստահության քվե ստացավ, հունիսի 27-ին Թրամփի հետ կայացած հեռուտաբանավեճից շաբաթներ անց հայտարարեց նախընտրական պայքարը թողնելու մասին և նման կերպ ճանապարհ հարթեց Քամալա Հարիսի համար, ով Դեմոկրատական կուսակցության համերկրային համագումարում ընտրվեց երկրի նախագահի թեկնածու:
Այն, որ ընտրություններում հաղթելու թեկնածուների հնարավորությունները չափազանց մոտ են, նախևառաջ վկայում են սոցհարցումները: Հաշվի առնելով Միացյալ Նահանգների ընտրական համակարգի առանձնահատկությունները՝ վերլուծաբանների կարծիքով՝ վճռորոշ դեր կունենա, թե ինչպես են քվեարկելու, այսպես կոչված, տատանվող նահանգները: Ընտրական այս տարում վերլուծաբաններն առանձնացրել են յոթ նահանգներ, որտեղ քվեարկությունը կարող է որոշիչ լինել Սպիտակ տան ղեկավարի ընտրության հարցում:
Փորձենք հասկանալ՝ ի՞նչ է նշանակում տատանվող նահանգ, և որո՞նք են 2024 թվականի նախագահական ընտրապայքարի «չկողմնորոշված» նահանգները:
Տատանվող նահանգներն ու Ընտրիչների կոլեգիան
Տատանվող նահանգները վճռորոշ նշանակություն ունեն 2024 թվականի Սպիտակ տան համար պայքարում: Այստեղ է իրականացվում ամենակատաղի և ամենաթանկարժեք քաղաքական քարոզարշավը, և այս նահանգների ընտրողները նշանակալի ազդեցություն ունեն ընտրությունների արդյունքների վրա՝ հաշվի առնելով ամերիկյան ընտրական համակարգի առանձնահատկությունները:
Միացյալ Նահանգներում նախագահի ընտրության գործընթացն իրականցվում է Ընտրիչների կոլեգիայի միջոցով: Քաղաքացիները ընտրության ընթացքում կատարում են իրենց քվեարկությունը՝ այս կամ այն թեկնածուի օգտին: Ընտրությունների արդյունքում ձևավորվում է Ընտրիչների կոլեգիա կոչվող համակարգը, որը կազմված է ներկայացուցիչներից կամ ընտրիչներից: Տվյալ նահանգում հաղթանակ տարած թեկնածուն իրավունք է ստանում Ընտրիչների կոլեգիայում նշանակել իր ներկայացուցիչներին՝ տվյալ նահանգի համար օրենքով նախատեսված ընտրիչների քանակի չափով:
Յուրաքանչյուր նահանգի համար առանձնացվում են այնքան ընտրիչներ, որքան տվյալ նահանգն ունի կոնգրեսական ու սենատոր ԱՄՆ-ի օրենսդիր մարմնում՝ Կոնգրեսում, բացառությամբ Մեյն և Նեբրասկա նահանգների, որտեղ ընթացակարգը այլ է: Միացյալ Նահանգների Կոնգրեսում յուրաքանչյուր նահանգ ներկայացնում է երկու սենատոր վերին պալատում՝ Սենատում, և տարբեր քանակի կոնգրեսականներ ստորին պալատում կամ Ներկայացուցիչների տանը՝ կախված նահանգի տարածքից ու բնակչության թվաքանակից: Նման համակարգի միջոցով ԱՄՆ հիմնադիր հայրերը ձգտել են երաշխավորել փոքր նահանգների կշիռը:
Սակայն մեծաքանակ բնակչություն ունեցող նահանգներն, ամեն դեպքում, Ընտրիչների կոլեգիայում ունեն ավելի շատ ներկայացուցիչներ, քան փոքրաքանակ բնակչություն ունեցողները: Նախագահ ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել մեծամասնությունը կամ ընտրիչների առնվազն 270 ձայն: Ընտրություններից հետո՝ մոտ մեկ ամիս անց, ընտրիչները քվեարկում են, իսկ նորընտիր նախագահը պաշտոնապես ստանձնում է նախագահությունը արդեն հաջորդ տարվա հունվարի վերջին տեղի ունեցող երդմնակալությունից հետո:
Նահանգների մեծ մասը ավանդաբար համարվում են կարմիր կամ կապույտ: Կարմիր նահանգները սովորաբար քվեարկում են հանրապետականների օգտին, իսկ կապույտները՝ դեմոկրատների։ Ուստի, այստեղ անակնկալ դժվար է սպասել:
Սակայն այլ պատկեր է տատանվող նահանգներում, ուր արդյունքը անկանխատեսելի է և պարզ է դառնում միայն ընտրությունից հետո: Տատանվող նահանգներն ունեն որոշիչ ձայներ՝ թույլ տալով թեկնածուներին անցնել ընտրիչների՝ վերոհիշյալ 270 ձայնի շեմը:
Այս տարի Սպիտակ տան համար պայքարում տատանվող նահանգներ են համարվում Արիզոնան, Ջորջիան, Միչիգանը, Նևադան, Հյուսիսային Կարոլինան, Փենսիլվանիան և Վիսկոնսինը: Ընտրիչների կոլեգիայում նրանք ունեն 93 ձայներ, որոնք կարող են հանդես գալ կապույտների կամ կարմիրների կողմից:
Այս նահանգներում դեմոկրատների ու հանրապետականների վարկանիշները, սովորաբար, մոտ են միմյանց, իսկ ժողովրդագրության փոփոխություններն ու քաղաքային և գյուղական շրջաններում առկա տարբեր տեսակետները անկանխատեսելի են դարձնում վերջնական արդյունքը յուրաքանչյուր ընտրական տարում:
Նույնիսկ փոքր փոփոխություն կարող է ազդել ողջ նահանգի ընտրության արդյունքի վրա՝ առավելություն տալով դեմոկրատ ու հանրապետական թեկնածուին:
Օրինակ, 2016 թվականին Թրամփը 0,7%-ային կետի տարբերությամբ հաղթեց Փենսիլվանիայում՝ Ընտրիչների կոլեգիայում ապահովելով 20 ձայն: Չորս տարի անց Ջո Բայդենը 1,2%-ային կետով առաջ անցավ նրանից՝ նահանգում հաղթանակ ապահովելով դեմոկրատների համար, ինչն էլ օգնեց նրան հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում:
Նույն տարում Բայդենը Ջորջիայում ընդամենը 12 հազար ձայն տարբերությամբ կարողացավ գրեթե երեք տասնամյակ կարմիր համարվող նահանգը վերածել կապույտի:
Կրկնենք՝ տատանվող նահանգներն անկանխատեսելի են, բայց մի բան հստակ է. դրանք չափազանց մեծ ազդեցություն ունեն 2024 թվականի նախագահական ընտրությունների արդյուքների վրա, որտեղ յուրաքանչյուր ձայն կարևոր է:
Հարի՞ս, թե՞ Թրամփ
Երկու թեկնածուների միջև ընթանում է, ըստ էության, հավասար պայքար: Այսօր ամերիկյան բևեռացված հասարուկությունն ականատես է լինում չափազանց կոշտ ու հաճախ վիրավորական հայտարարությունների լի նախընտրական քարոզչարշավի: Թե՛ Դոնալդ Թրամփը, թե՛ Քամալա Հարիսը միմյանց դեմ կիրառում են սուր, երբեմն՝ վիրավորական խոսույթներ։
Օրինակ՝ Թրամփն իր հանրային ելույթներում Հարիսին անվանել է «անգրագետ»՝ հարցականի տակ դնելով նրա մասնագիտական, անգամ՝ մտավոր կարողությունները։ Հարիսն, իր հերթին, Թրամփի վարքագիծը կոչել է «վտանգավոր» և «սպառնալիք ժողովրդավարությանը»՝ ընդգծելով, որ Թրամփը պարզապես չի համապատասխանում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին։
2024 թ. նախագահական ընտրությունները բացառիկ կարևորություն ունեն, քանի որ երկու թեկնածուներն ունեն ուղղակի հակադիր տեսլականներ բազմաթիվ խնդիրների վերաբերյալ, որոնք մտահոգում են ամերիկացիներին:
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն իր խոսքում կարևորում է սոցիալական արդարության, կանանց իրավունքների, ներառյալ՝ աբորտի իրավունքի և ժողովրդավարական արժեքների հետ կապված հարցերը, այն դեպքում, երբ իր մրցակիցը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շեշտը դնում է տնտեսության ազատականացման,սահմանների խստացված վերահսկողության, անօրինական ներգաղթի դեմ պայքարի թեմաների վրա:
2024 թվականի ընտրություններում կարևոր տեղ են զբաղեցնում նաև արտաքին քաղաքական խնդիրները՝ հարաբերությունները Չինաստանի և Իրանի հետ, Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և Մերձավոր Արևելքի պատերազմը: Սակայն ընդգծենք՝ ամերիկացի ընտրողները մեծամասամբ հետաքրքրված են ներքաղաքական խնդիրներով:
Այս ընտրություններն ունեն պատմական նշանակություն նաև այն առումով, որ առաջին անգամ թեկնածուներից մեկը սևամորթ և ասիական ծագում ունեցող կին է: Առանձնացող այն հանգամանք է, որ ընտրվելու պարագայում ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կդառնա Միացյալ Նահանգների առաջին նախագահը, ով դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել հանցանք կատարելու մեջ:
Հիշեցնենք՝ Թրամփը մեղավոր է ճանաչվել Նյու Յորքի դատարանի կողմից «լռության դիմաց վճարելու» գործի շրջանակում, որի ժամանակ նրան ներկայացվեցին 34 ծանր մեղադրանքներ՝ կապված հաշվապահական գրառումների կեղծման հետ, և, ըստ հետաքննության, իրականում, վճարումներն իրականացվել են 2016 թվականի ընտրություններից առաջ, որպեսզի Թրամփը կարողանա գաղտնի պահել իր արտամուսնական կապերը:
Բացի այդ, նախկին նախագահը ներկայում ներգրավված է այլ գործերում, որոնք վերաբերում են ընտրություններին միջամտելուն, պետական գաղտնի փաստաթղթերը ապօրինաբար տնօրինելուն և 2020 թ-ի ընտրությունների արդյունքները խեղաթյուրելու փորձերին։
Ընտրական այս փուլը աչքի ընկավ նաև մի շարք մահափորձերով հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ: Մահափորձի առաջին դեպքը տեղի է ունեցել հուլիսի 13-ին Փենսիլվանիայում Թրամփի նախընտրական հանրահավաքում, որի հետևանքով արձակված գնդակը վնասել էր նախկին նախագահի ականջը, մեկ մարդ սպանվել է, ևս երկուսը վիրավորվել: Միջադեպը հանգեցրեց Գաղտնի ծառայության ղեկավարի հրաժարականին և երկրի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանության համար պատասխանատու ստորաբաժանման առնվազն հինգ գործակալների լիազորությունների ժամանակավոր դադարեցմանը։
Մյուս երկրորդ և երրորդ մահափորձ որակված դեպքերը հնարավոր է դարձել կանխել Գաղտնի ծառայության և իրավապահների գործունեության շնորհիվ:
Ամեն դեպքում, ընտրությունների ելքը որոշվելու է նոյեմբերին, և քվեարկողների մի զգալի զանգված դեռ չի կողմնորոշվել, թե ում օգտին է ձայն տալու՝ Քամալա Հարիսի՞, թե՞ Դոնալդ Թրամփի: Որոշ գնահատականների համաձայն՝ այսպես կոչված, չկողմնորոշված ընտրողները կազմում են ԱՄՆ ընտրազանգվածի 3%-ը: Նորություն չէ, որ չկողմնորոշված ընտրողները ի զորու են որոշել քվեարկության ելքը հատկապես տատանվող նահանգներում, ինչն էլ կարող է ազդել ողջ ընտրությունների ելքի վրա։
Քվեարկության մեթոդների մասին
Նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ ընտրություններին ընդառաջ՝ որոշ ամերիկացիներ արդեն իսկ քվեարկել են, քանզի նահանգների մի մասում սկսվել է վաղաժամ քվեարկություն: Վաղաժամ քվերակությունը թույլատրում է ամերիկացի ընտրողին նոյեմբերի 5-ից առաջ այցելել ընտրատեղամաս ու կատարել իր քաղաքացիական պարտքը:
Այսօր ԱՄՆ-ում 277 միլիոն քաղաքացի ունի ընտրելու իրավունք: Ավանդաբար, ամերիկացիներն այցելում են ընտրատեղամասեր՝ քվեարկելու համար: Սակայն շատ նահանգներ այժմ թույլ են տալիս քվեարկությունն իրականացնել փոստային քվեաթերթիկների միջոցով, որը նաև կոչվում է «բացակա» քվեարկություն: Այն թույլ է տալիս ընտրողներին՝ իրենց խնդրանքի համաձայն, ստանալ և վերադարձնել իրենց քվեաթերթիկը փոստով կամ այն գցել համապատասխան արկղի մեջ, որտեղից այնուհետև հավաքում են քվեաթերթիկները:
Յուրաքանչյուր նահանգ ունի փոստով քվեարկություն իրականցնելու սեփական կանոնակարգն ու վերջնաժամկետները: Ութ նահանգներ՝ Կալիֆոռնիան, Կոլորադոն, Հավայան կղզիները, Նևադան, Օրեգոնը, Յուտան, Վերմոնտը և Վաշինգտոնը, գումարած Կոլումբիայի շրջանը կամ մայրաքաղաք Վաշինգտոնը, թույլ են տալիս բոլոր ընտրություններն անցկացնել հիմնականում փոստով և քվեաթերթիկ են տրամադրում առանց ընտրողի խնդրանքի:
COVID-19 համավարակի ժամանակ շատ նահանգներ անցան փոստով քվեարկությանը՝ ընտրատեղամասերում կուտակումներից խուսափելու համար: Նախորդ տարիներին փոստով քվեարկությունը դարձել է վիճելի, քանի որ որոշ քաղաքական գործիչներ պնդում են, թե այսպիսով մեծանում է կեղծիքների հավանականությունը, սակայն դեռևս չկա որևէ հիմնավոր ապացույց։
Ամերիկահայ համայնքն ու 2024 թվականի նախագահական ընտրությունները
Ամերիկահայ համայնքը ևս մեծ հետաքրքրություն է ցուցաբերում 2024 թ. նախագահական ընտրությունների նկատմամբ՝ հաշվի առնելով նաև նախորդ տարիներին Հարավային Կովկասում տեղ գտած զարգացումները, Հայաստանի կողմից արևմտամետ քաղաքականության որդեգրումը ու ԱՄՆ հետ կապերի խորացումը: Ընդհանուր առմամբ, այս ընտրություններում ամերիկահայ համայնքը չունի միասնական թեկնածու, ում որոշել է աջակցել:
Ավանդաբար, ամերիկահայ կառույցները ուշադիր են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայության, ինչպես նաև Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ թեկնածուների դիրքորոշումներին և գործողություններին: Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) քննադատել է թե՛ Թրամփին և թե՛ Բայդեն-Հարիս վարչակազմերին՝ 2020 և 2023 թվականներին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները չկանխելու, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման գործում բավարար քայլեր չձեռնարկելու համար։
2024 թվականի նախագահական ընտրապայքարում երկու թեկնածուներն էլ խուսափել են լրջորեն անդրադառնալ վերոհիշյալ հարցերին:
Այս սեպտեմբերին՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ ԱՄՆ նախագահի դեմոկրատների թեկնածու, Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը ուղերձ հրապարակեց՝ ուղղված ամերիկահայությանը, ուր աջակցություն էր հայտնում «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքին», ընդգծում էր, որ Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է մոռացության մատնվի, ինչպես նաև՝ հանձնառություն էր ստանձնում «Հայաստանի և իր հարևանների միջև՝ ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը հարգող կայուն խաղաղության հասնելու համար»:
Հարիսի ուղերձը մի կողմից դրական ընդունվեց ամերիկահայերի կողմից, մյուս կողմից՝ հնչեց քննադատություն, թե այն ուշացած է:
Այստեղ հիշեցնենք՝ իր պաշտոնավարման ընթացքում Ջո Բայդենը՝ որպես ԱՄՆ նախագահ, պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը: Միևնույն ժամանակ, Բայդեն-Հարիս վարչակազմի օրոք 2023 թվականին, չնայած Վաշինգտոնից հնչած բազմաթիվ զգուշացումների, սեպտեմբերին Ադրբեջանը հարձակում նախաձեռնեց Լեռնաին Ղարաբաղի հայության դեմ, որին հետևեց Լեռնային Ղարաբաղից գրեթե ողջ հայության տեղահանումը Հայաստան:
Ամերիկահայ որոշ կառույցներ, մասնավորապես Հայ Դատի հանձնախումբը, Բայդեն-Հարիս վարչակազմին մեղադրեցին անգործության, Ադրբեջանին շարունակաբար անվտաննգային օգնություն տրամադրելու և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չսահմանելու կամ այլ զսպող միջոցներ չձեռնարկելու մեջ:
Ամերիկահայությանը հետաքրքրող հարցերում անհամեմատ ակտիվ է եղել ԱՄՆ փոխնախագահի դեմոկրատների թեկնածու, Մինեսոտայի նախկին նահանգապետ Թիմ Ուոլցը՝ կոնգրեսական ու նահանգապետ աշխատած տարիներին դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, Հրանտ Դինքի սպանությունը և աչքի ընկնելով հայամետ բանաձևերի ընդունման գործում։
Միևնույն ժամանակ, հայտնի է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած քաղաքականության առանցքում հիմնականում ամերիկյան ներքին խնդիրներն են՝ նպատակ հռչակելով նվազեցնել ԱՄՆ ներգրավվածությունը այլ տարածաշրջաններում, ներառյալ Հարավայն Կովկասում, որը հաճախ մտահոգության առիթ է հանդիսանում ամերիկահայ ընտրողների շրջանում:
Այնուամենայնիվ, ընտրություններից երկու շաբաթ առաջ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը իրեն պատկանող Truth սոցիալական ցանցում հայերին վերաբերող գրառում է կատարել, ուր քննադատել է իր մրցակցին՝ փոխնախագահ Քամալա Հարիսին՝ շեշտելով, որ վերջինս «ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»: Նա նաև խոստացել է նախագահ դառնալու պարագայում պաշտպանել հալածված քրիստոնյաներին, աշխատել դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները և վերականգնել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Ամերիկահայ կառույցներից Հայ Դատի հանձնախումբը արձագանքել է նաև Թրամփի գրառմանը՝ հիշեցնելով, որ վերջինիս վարչակազմի օրոք զգալիորեն մեծացել է ամերիկյան ռազմական աջակցությունը Ադրբեջանին: Անհրաժեշտ է ավելին անել, քան պարզապես նախընտրական հայտարարության տարածումը, նշել է հանձնախումբը՝ առաջարկելով հանրապետական թեկնածուին հրապարակայնորեն հաստատել Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի իրավունքը և կոչ անել Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոնսոնին՝ ժամանակացույց սահմանել H.R.7288-ի քվեարկության համար, որը պետք է իրականացնի Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ օգնության սահմանափակումները՝ ըստ 907-րդ բանաձևի:
«Մենք ակնկալում ենք ավելին, քան միայն խոսքեր: Մեր ձայները ստանալու համար մենք պահանջում ենք տեսնել արդյունքներ՝ գործողություններ, որոնք գործնականում կպատժեն Ալիևին և կխոչընդոտեն Ադրբեջանի նոր ագրեսիան»,- ասված է Հայ Դատի հաղորդագրության մեջ:
Հիշում ենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը բռնկվեց հե՛նց Թրամփի նախագահության օրոք:
Հայ Դատի հանձնախումբը նաև կոչ արեց փոխնախագահի հանրապետական թեկնածու Ջեյ Դի Վենսինջանքեր գործադրել ԱՄՆ Սենատում S.Res.540 բանաձևի ընդունման համար, որը կքննի Ադրբեջանի կողմից ԱՄՆ ռազմական օգնության օգտագործումը՝ հայերի դեմ պատերազմական հանցագործություններ կատարելու համար»:
Դարձյալ՝ հանրապետականների պարագայում ևս ԱՄՆ փոխնախագահի թեկնածուն՝ սենատոր Ջեյ Դի Վենսը անհամեմատ ավելի ակտիվ է։ Անցած հոկտեմբերին Վենսը Կոնգրեսին ուղղված գրությամբ ընդգծել էր «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրադադարի համաձայնագիրն արագ խախտելու և հնագույն քրիստոնեական համայնքի արտագաղթի» փաստը։ Այս հունվարին Վենսը նամակ էր հղել ԱՄՆ ֆինանսների նախարարին՝ հորդորելով արգելափակել զենքի վաճառքը «Չեխոսլովակյան խումբ» ընկերությանը, որը ներգրավված է, Վենսի բնորոշմամբ, «Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոյի խախտումներում»:
Ի մի բերենք՝ ընդհանուր առմամբ, ամերիկահայությունը կանգնած է բարդ ընտրության առջև, որը կարող է իր ազդեցությունն ունենալ Հայաստանի անվտանգության վրա։ Ամերիկահայությունը որոշակի չափով ներկայացված է տատանվող մի շարք նահանգներում, հատկապես Փենսիլվանիայում, Միչիգանում, Նևադայում, և, հաշվի առնելով այս ընտրությունների բնույթը, նրանց ձայնը ևս չափազանց կարևոր է Սպիտակ տան հաջորդ ղեկավարի ընտրության հարցում: Իսկ ինչ դիրքորոշում կորդեգրի նոր վարչակազմն ամերիկահայությանը հուզող հարցերում, ցույց կտա ժամանակը: