Գազայում 14 ամիս շարունակվող մարտական գործողությունների հետևանքով զոհվել են ավելի քան 44 հազար պաղեստինցիներ՝ նշում է տեղի առողջապահական ծառայությունը: Խոսքը նաև զինյալների մասին է, սակայն «Համասի» ներկայացմամբ՝ զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ ավելի քան 13 հազար երեխաներ:
Նորություն չէ, որ Իսրայելի գրոհների հետևանքով Գազայում հողին են հավասարեցվել բնակավայրերի ամբողջական թաղամասեր: ՄԱԿ-ի տվյալներով՝ պաղեստինյան այդ շրջանում մոտ 1,9 միլիոն մարդ կամ բնակչության շուրջ 90%-ը, ստիպված լքել է իր տները:
Մարդասիրական կազմակերպությունների փոխանցմամբ՝ հատկապես Գազայի հյուսիսում գտնվող պաղեստինցիները սովի եզրին են:
Your browser doesn’t support HTML5
Հինգշաբթի հրապարակված զեկույցով Amnesty International-ը մեղադրել է Իսրայելին ցեղասպանություն գործելու մեջ:
«Այս հանցագործությունները եղել են ու մնում են դիտավորյալ, որոնք կանխամտածված հաշվարկվել են Գազայում պաղեստինցիներին ոչնչացնելու համար: Դրանք ի կատար են ածվել բացարձակ անպատժելի եղանակով: Եզրակացությունը միանշանակ է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում, և այս [եզրակացությունը] հիմնված է ապացույցների վրա»,- ասել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը։
Amnesty International-ը նաև ուշադրություն է հրավիրել իսրայելցի պաշտոնյաների հայտարարություններին, օրինակ՝ ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի, որը կոչ էր արել «ջախջախել» Գազան:
«Հանդիպել ենք հայտարարությունների, որոնք կոչ էին անում իրականացնել ցեղասպանություն և այլ հանցագործություններ: Ստուգել ենք զինվորականների նկարահանած տեսանյութերը, ուր կան կոչեր՝ ջնջել Գազայի հատվածը կամ այն անբնակելի դարձնել»,- ասել է Կալամարը:
Իսրայելը կտրականապես հերքում է ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքը՝ նշելով, թե Amnesty International-ի զեկույցը «ամբողջովին կեղծ է և հիմնված ստի վրա»:
Իսրայելցի զինվորականների պնդմամբ՝ «Համասի» զինյալները թաքնվում են դպրոցներում և հիվանդանոցներում՝ օգտագործելով խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան:
Այդուհանդերձ, նման պնդումները դժվար է ստուգել, քանզի Իսրայելը արգելում է օտարերկրյա լրագրողներին մուտք գործել Գազա:
Հրեական պետությունը նաև մեղադրում է «Համասին» անցած տարվա հոկտեմբերի 7-ին իսրայելցիների կոտորած իրականացնելու մեջ, ինչի հետևանքով զոհվել են ավելի քան 1,200 մարդ, պատանդ են տարվել մոտ 250-ը։
Թել Ավիվը ընդգծում է՝ գործում է միջազգային իրավունքի շրջանակներում և իր նպատակը ինքնապաշտպանությունն է:
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը հայտարարել է․ «Երբեք չենք երկմտի պաշտպանել մեր ժողովրդին, մեր ապագան և չեն դադարի գործել՝ տուն վերադարձնելու մեր բոլոր պատանդներին»:
Մերձավոր Արևելքի գծով վերլուծաբան Անդրեաս Քրիեգը նշում է. «Այս պատերազմում իսրայելցիների համար գոյություն ունի կշիռ ունեցող երկու կենտրոն՝ ԱՄՆ կառավարությունն ու ներքին՝ [Իսրայելի] հասարակական կարծիքը, ինչպես նաև ճնշումը կառավարության վրա՝ Գազայում այս կամ այն բանն անելու համար: Կարծում եմ՝ այս զեկույցը որևէ ազդեցություն չի ունենա այդ կենտրոններից որևիցե մեկի վրա»:
Amnesty International-ն զգուշացրել է՝ Իսրայելի դաշնակիցները, ներառյալ՝ Միացյալ Նահանգները կարող են մեղսակից լինել ենթադրյալ ցեղասպանության մեջ, և կոչ արել նրանց դադարեցնել զենքի մատակարարումը Թել Ավիվին։