ԱՄՆ պաշտպանության նախարարը Պենտագոնում հյուրընկալել է Հայաստանի պաշտպանության նախարարին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Ջ. Օսթին III-ը մասնակցում է երկկողմ հանդիպմանը Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Պենտագոնում՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ին։ Լուսանկարը՝ Պենտագոնի լրատվական

ԱՄՆ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, ամերիկացի ու հայ պաշտոնյաները հանդիպել են՝ քննարկելու Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ռազմավարական հարաբերությունները, որոնց շրջանակներում ընդգրկված է Հայաստանի պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի երկարամյա համագործակցությունը։

«Ձեր այցը պատմական է», - Պենտագոնի հաղորդմամբ, ասել է Օսթինը՝ դիմելով իր գործընկերոջը։ «Հայաստանը ձեռք մեկնեց Միացյալ Նահանգներին, և ես հպարտ եմ, որ այսօր ձեզ հյուրընկալում եմ այստեղ»:

Նա հավելեց, որ ԱՄՆ-ն աջակցում է ինքնիշխան, անկախ և բարգավաճ Հայաստանին, և երկու երկրների հարաբերությունները շարունակում են խորանալ։

Օսթինը կարևորել է Կանզասի ազգային գվարդիայի դերը Հայաստանի պաշտպանության բարեփոխումների օրակարգի առաջխաղացման գործում։

Ամերիկյան պաշտպանական գերատեսչությունն իր հաղորդագրության մեջ հիշեցնում է, որ այս ամռանը ԱՄՆ-ը և Հայաստանն ավարտեցին «Արծիվ գործընկեր» երկկողմ համագործակցության զորավարժությունների երկրորդ փուլը, որի նպատակն է բարձրացնել խաղաղապահ գործողությունների շրջանակներում երկու երկրների փոխգործունակությունն ու պատրաստվածությունը։

Զորավարժությունների առաջին փուլը անցկացվել էր 2023 թվականին։

Նախարար Օսթինը նշել է նաև, որ վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է հիմնական անվտանգության աջակցություն, որը ներառում է զրահատեխնիկայի համար նախատեսված շտապօգնության մեքենաներ, կիբերանվտանգության գործողությունների կենտրոն և ազգային ուսումնական կենտրոն։

Օսթինը հավելել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել ամրապնդել այդ հարաբերությունները։ Նա նաև ընդգծել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը գործում։

Նա շեշտել է, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերույթւոնները զարգանում են ուժեղ հիմքի վրա։ «Մեր զորքերը կողք կողքի ծառայել են Աֆղանստանում Resolute Support առաքելության շրջանակներում, և մենք շարունակում ենք համագործակցել Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի շրջանակներում»:

«Սա մեր առաջին հանդիպումն է, և մենք ունենք լայն օրակարգ», - ասել է Օսթինը՝ հավելելով. «Կցանկանամ լսել ձեր տեսլականը Հայաստանի զինված ուժերի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության հեռանկարների վերաբերյալ»: