Սիրիացի ապստամբների առաջխաղացումը Թուրքիային նոր հնարավորություն են ընձեռել

Սիրիա

Բաշար Ալ-Ասադի կառավարության ուժերի դեմ սիրիացի ապստամբների՝ նախորդ օրերին գրանցած հաջողությունները նոր հնարավորություններ են ընձեռել հարևան Թուրքիային՝ առաջ մղելու իր ռազմավարական նպատակները Սիրիայում:

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գործող ապստամբական «Հայաթ Թահրիր աշ-Շամի» և «Սիրիական ազգային բանակի» առաջխաղացումը կարող է նոր հնարավորություններ ընձեռել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ երկխոսության նոր առաջարկ անել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին:

Մինչ այժմ Ալ-Ասադը մերժում էր Էրդողանի առաջարկները, սակայն դիտորդների խոսքով, Դամասկոսի դեմ կռվող սիրիական երկու ապստամբ խմբավորումների նկատմամբ Անկարայի ունեցած ազդեցությունը Թուրքիայի նախագահին նոր լծակներ է տալիս:

Your browser doesn’t support HTML5

Սիրիացի ապստամբների առաջխաղացումը Թուրքիային նոր հնարավորություն են ընձեռել

Թուրքական կառավարամետ վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Մուրադ Ասլանն ասում է․ «Լուծում գտնելու համար Թուրքիան կարող է հեշտությամբ կանգնեցնել երկու ապստամբ ուժերի առաջխաղացումը և գործընթաց սկսել։ Թուրքիան իսկապես ունի այդ ուժը, և Ասադը լավ գիտի: Թուրքիայի նպատակն է, որ չսրվեն քաղաքական, դիվանագիտական հարաբերությունները Ասադի ռեժիմի հետ»:

Դիտորդների խոսքով՝ Էրդողանի նպատակներից է Ալ-Ասադի աջակցությամբ Թուրքիայից Սիրիա վերադարձնել չորս միլիոն սիրիացի փախստականներին, քանի որ վերջիններիս ներկայությունը լարվածություն է առաջ բերել թուրքական հասարակությունում:

Նախկին բարձրաստիճան թուրք դիվանագետ Այդըն Սելչենը, ով տարածաշրջանում աշխատելու փորձ ունի, իսկ այժմ թուրքական «Մեդյասկոպ» լրատվամիջոցի արտաքին քաղաքականության գծով վերլուծաբանն է, նշում է. «[Թուրքիայում] անցկացված սոցհարցումների համաձայն՝ այո՛, սիրիացի փախստականների կամ, ընդհանրապես, փախստականների հարցը, այդ թվում՝ աֆղանների և մյուսների հարցը, թուրք ժողովրդի համար խնդիր է։ Ցանկացած կառավարության համար դրական քայլ կլինի սիրիացիներին Սիրիա վերադարձնելը»:

Սիրիացի ապստամբները օգնում են Անկարային մեկ այլ կարևոր հարցում ևս՝ Սիրիայում տարածքային նվաճել ԱՄՆ աջակցությունը վայելող քրդական YPG ուժերից: Անկարան YPG-ին մեղադրում է PKK-ի հետ կապեր ունենալու մեջ, որն, ինչպես հայտնի է, տասնամյակներ է, ինչ մարտնչում է թուրքական պետության դեմ։

Այնուամենայնիվ, դիտորդներն ասում են, որ Անկարայում զգուշավոր են գործում, և եթե զարգացումները դուրս գան վերահսկողությունից, Թուրքիան կմիջամտի՝ փորձելով թույլ չտալ իր համար վնասակար զարգացումներ։

Օրինակ, հայտնի են սիրիացի ապստամբների կապերը արմատական իսլամիստական խմբավորումների հետ, և այդ ուժերի իշխանության գալը Սիրիայում կարող է սպառնալիք հանդիսանալ Թուրքիայի համար:

«Ասադի վարչակարգի տապալումը չի բխում Թուրքիայի շահերից, քանի որ քաոս է լինելու: Ո՞վ է կառավարելու [Սիրիան]։ Քրդական պետություն չի կարող լինել։ Իսկ «Իսլամական պետության»՝ Դաեշի նման մեկ այլ միավորի ստեղծումը ձեռնտու չէ Թուրքիային։ Թուրքական բանտերում հազարավոր դաեշականներ կան»,-ասում է Անկարայում գործող Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Հուսեյն Բաղջին:

Դիտորդների ներկայացմամբ՝ սիրիացի ապստամբների հաջողությունները կարճաժամկետ հեռանկարում, իհարկե, կարող են Անկարայի համար դիվանագիտական նոր հնարավարություններ բացել, սակայն հետագայում ի զորու են անկայունություն առաջացնել Թուրքիայի սահմաններին: