Նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը համեմատեց կրիպտոարժույթի ոլորտում տեղի ունեցող զարգացումները մեկ դար առաջ ԱՄՆ-ում վերելք ապրող պողպատի արտադրության հետ:
«Սա այն ոգին է, որը կերտեց Ամերիկան, և սա այն ոգին է, որը կօգնի մեզ Ամերիկան կրկին հզորացնել»,- հայտարարել էր նա:
Թրամփի խոսքով՝ մտադիր է Միացյալ Նահանգները դարձնել մոլորակի «կրիպտո մայրաքաղաքը». «Եթե կրիպտոն որոշելու է ապագան, ցանկանում եմ, որ այն արտադրվի ԱՄՆ-ում»:
Թրամփի հաղթանակից հետո, օրինակ, բիթքոյնի արժեքը նոր ռեկորդներ սահմանեց: Ընդհանրապես՝ թվային արժույթի մեջ ներդրում կատարողները ոգևորված են Թրամփի խոստումներից։
Ամերիկյան արժեթղթերի ու բորսաների վերլուծաբան Գարի Հիլեմանը ասում է, թե Ջո Բայդենի վարչակազմն ավելի խիստ վերահսկողություն էր կիրառում կրիպտոդաշտում:
«Ինչը, անկասկած, սթափեցնող էր խարդախների համար, ովքեր ցանկանում էին մտնել կրիպտոշուկա: Բայց հիմա՝ ցանկացած գործողություն այդ շուկայում կարող է ունենալ բումերանգի էֆեկտ․ կարող են շատ խարդախություններ և հանցագործություններ տեղի ունենալ»,- նշում է նա:
Թրամփի թիմը դիտարկում է կիպտոդաշտին վերաբերող քաղաքականության մի շարք փոփոխություններ, որոնք կոչված են աջակցել ոլորտին՝ ասում է շուկայի վերլուծաբան Սյուզաննա Սթրիթերը:
«Նրանց քաղաքականության նպատակն է լինելու բիթքոյնի և այլ կրիպտոարժույթների ռազմավարական պահուստի ստեղծումը»,- նշում է նա:
Սթրիթերն ասում է, որ Թրամփի մոտեցումն ակնհայտորեն բխում է կրիպտոբիզնեսի շահերից:
Բացի այդ նորություն չէ, որ մի շարք խոշոր գործարարներ լուրջ ներդրումներ ունեն ոլորտում։ Օրինակ, Իլոն Մասկը տիրապետում է զգալի քանակությամբ բիթքոյնի:
Մասկը, ինչպես հայտնի է, միացավ Թրամփի նախընտրական թիմին և այժմ համանախագահելու է առաջիկա կառավարության ներքո ստեղծվելիք հատուկ կառույցում, որի նպատակն է բարձրացնել ԱՄՆ պետական կառավարման արդյունավետությունը։
«Նախկինում քաղաքական առումով ակտիվ չէի։ Հիմա՝ ակտիվ եմ, քանզի կարծում եմ, որ Ամերիկայի և քաղաքակրթության ապագան վտանգված է»,- հայտարարել է աշխարհի ամենից հարուստ մարդը համարվող միլիարդատերը:
Հիլեմանն ասում է, թե Իլոն Մասկը կենտրոնական դերակատարում կստանձնի ոլորտին վերաբերող Թրամփի բարեփոխումների կյանքի կոչման գործում:
Այդուհանդերձ, թվային արժույթները տակավին չեն ընդունվում լայն հանրության կողմից։ Pew Research Center-ի անցած ամիս անցկացված հարցման համաձայն՝ ամերիկացիների գրեթե երկու երրորդը նշել է, թե կրիպտոարժույթի մեջ ներդրում կատարելը, թվային դրամով առևտուր անելը ամնեևին էլ հուսալի չէ: