Բայդենը ներում շնորհեց երկու հնդկահավերի` Գոհաբանության օրվան ընդառաջ

Բլոսոմն ու Փիչը՝ Հնդկահավերի ազգային ֆեդերացիայի (ԱՄՆ) ասուլիսին։ Վաշինգտոն, նոյեմբերի 24, 2024թ․։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի ներում շնորհեց երկու հնդկահավերի՝ Փիչին (Դեղձ) և Բլոսոմին (Ծաղիկ)՝ փրկելով նրանց, որպեսզի չդառնան Գոհաբանության օրվա տոնական սեղանի կերակուր։

Փաստորեն, այս՝ ամենամյա ավանդույթը դեմոկրատների համար վերջինն էր առնվազն գալիք չորս տարիներին։

Այս տարի ներում շնորհված հնդկահավերը կոչվել են Դելավեր նահանգը խորհրդանշող դեղձի ծաղկի անվամբ։ Դեղձի ծաղիկը ընտրվել է նահանգի «պաշտոնական» ծաղիկ 1953 թվականին, որովհետև Դելավերն ԱՄՆ համարվում է դեղձի նահանգ։

«Այս իրադարձությունը խորհրդանշում է տոնական շրջանի սկիզբը այստեղ՝ Վաշինգտոնում։ Սա նաև վերջին անգամն է, երբ որպես նախագահ կարող եմ շնորհակալություն հայտնել։ Ուստի, թույլ տվեք ասել՝ սա իմ կյանքի մեծագույն պատիվն էր։ Անսահման շնորհակալ եմ»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհում երկու հնդկահավերին՝ Փիչին ու Բլոսոմին։ Սպիտակ տուն, Վաշինգտոն, նոյեմբերի 25, 2024թ․։

Հնդկահավերին ներում շնորհելու ավանդույթի ծագել է 1947 թվականին՝ նախագահ Հարի Թրումենի օրոք։ Արարողությունը պաշտոնականացվել է 1989 թվականին, երբ նախագահ Ջորջ Բուշ-ավագն առաջին անգամ պաշտոնապես ներում շնորհեց հնդկահավին՝ Գոհաբանության օրվա առթիվ։

Սակայն հինգշաբթի միլիոնավոր հնդկահավեր ԱՄՆ-ում կհայտնվեն ջեռոցներում՝ առատորեն ծածկված սոուսով։ Այնուհետև կմատուցվեն տարբեր կերակրատեսակներով՝ կարտոֆիլով, մասուրի սոուսով և կանաչ լոբով։

Նախատեսված է, որ երկուշաբթի Բայդենը կմեկնի Նյու Յորքի Ստատեն այլենդ՝ ներկա գտնվելու «Ընկերները Գոհաբանության օրվա համար» միջոցառմանը, որին մասնակցելու են ԱՄՆ-ի Ծովափնյա պահպանության ծառայության աշխատակիցները։