Մատչելի հղումներ

Նախագահ Բայդենն իր ծննդյան օրը կյանք է պարգևել Գոհաբանության օրվա սեղանի համար նախատեսված «Լիբերթի» ու «Բել» հնդկահավերին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Ամեն տարի նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը ԱՄՆ-ում նշում են Գոհաբանության օրը, և Սպիտակ տանը, ինչպես միշտ, նախատոնական արարողություն է՝ երկրի նախագահի մասնակցությամբ:

Գոհաբանության օրվա գլխավոր ուտեստի համար առանձնացված հնդկահավի միսն արդեն պատրաստ է, ուստի Մինեսոտայից Սպիտակ տուն հասած «Լիբերթի» և «Բել» անուններով հնդկահավերին, կարծես, ոչինչ չի սպառնում։

ԱՄՆ նախագահի կողմից Գոհաբանության օրվա սեղանի համար նախատեսված հնդկահավերին շնորհվող «ներումը», որն ամեն տարի նախորդում է բուն տոնին, ավանդույթ է դարձել 1982 թվականից՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրոք, իսկ տոնի կապակցությամբ Սպիտակ տուն հնդկահավ առաքելու սովորությունը սկիզբ է առել 1947 թվականից՝ նախագահ Հարի Տրումենի ժամանակ։

«Ցանկանում եմ՝ իմանաք, որ ես առաջինը չեմ [ներում շնորհել]»,- ժպիտով ասել է նախագահ Ջո Բայդենը։

Սակայն այս տարին կարելի է փոքր-ինչ յուրահատուկ համարել, քանի որ հնդկահավերին «ներում» շնորհելը համընկել է նախագահ Բայդենի ծննդյան օրվա հետ․ Սպիտակ տան ղեկավարը դարձավ 81 տարեկան։

«Այսպիսով, ներում եմ «Լիբերթիին» ու «Բելին»»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Անցած ամիս Բայդենի ամերիկյան շրջագայությունների մեջ զգալի տեղ էին զբաղեցրել այցերը գյուղական համայնքներ, որոնց ընթացքում նախագահը հայտարարեց 5 միլիարդ դոլար արժողությամբ ծրագրի մասին, որն ուղղվելու է ի աջակցություն ֆերմերներին:

«Վերականգնում ենք հույսն ու հնարավորությունները, որպեսզի ընտանեկան ֆերմաները կարողանան զարգանալ, և երիտասարդները ստիպված չլինեն լքել [հարազատ] տունը, եթե ցանկանում են մնալ ու ապրուստ վաստակել ֆերմայում»,- ասել է նախագահ Ջո Բայդենը։

Ինչ վերաբերում է «Լիբերթինն» ու «Բելին», ապա ւրանք իրենց կյանքը կանցկացնեն Մինեսոտայի համալսարանի ագրարային բաժնում:

XS
SM
MD
LG