Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև ռազմական գործողությունները շարունակվում են

Լիբանան

Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Լիբանանին՝ հայտարարելով, թե իր թիրախում «Հեզբոլլահն» է: Վերջինիս, նույնպես, չի դադարում, հրթիռակոծել հրեական պետությունը:

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավին։ Հայտարարվում է, թե օդային գրոհների թիրախում Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» ահաբեկչական խմբավորումն է:

Միաժամանակ, «Հեզբոլլահը» շարունակում է հրեական պետության հրիթռակոծումը, արձակվել են 185 հրթիռներ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի շենք:

Հիշեցնենք՝ շիական զինված խմբավորումը սկսեց հյուսիսից Իսրայելի հրթիռակոծումը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ հրեական պետությունը հարավից հարձակման ենթարկվեց «Համասի» կողմից:

«Հեզբոլլահը» հայտարարել է, թե նման քայլը «Համասի» հետ համերաշխության ցուղադրություն էր:

«Համասն» ու «Հեզբոլլահը» Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել են ահաբեկչական խմբավորումներ և հանդիսանում են Իսրայելի դեմ գործող Իրանի, այսպես կոչված, «դիմադրության առանցքի» մաս:

Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածների հետևանքով առ այսօր զոհվել են ավելի քան 40 լիբանանցի զինվորականներ:

Զուգահեռաբար՝ չի դադարում միջազգային ճնշումը Իսրայելի ու Լիբանանի միջև հրադադարի հաստատման ուղղությամբ: Եվրամիությունը խոստացել է ավելի քան 200 միլիոն դոլար աջակցություն Լիբանանի զինված ուժերի ամրապնդմանը:

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է. «Պետք է ճնշենք Իսրայելի կառավարությանը և շարունակենք ճնշումը «Հեզբոլլահի» նլատմամբ՝ ընդունել տալու հրադադարի մասին ԱՄՆ առաջարկը»։

Սակայն հրադադարի հաստատումը դյուրին գործ չէ։ Լիբանանի վարչապետի պաշտոնակատարը մեղադրել է Իսրայելին «կրակը դադարեցնելուն ուղղված ջանքերը մերժելու մեջ»:

Նախորդ շաբաթ-կիրակի շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին՝ լուրեր տարածվեցին Արաբական Միացյալ Էմիրություններում հրեա հոգևոր գործչի անհետացման ու սպանության մասին:

Համապատասխան տեսանյութը հայտնվել է սոցցանցերում:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Կոգանի մահն անվանել է «հանցավոր, հակասեմական ահաբեկչություն»։

Իսրայելի և Լիբանանի միջև ռազմական գործողությունների հետևանքով ցայսօր զոհվել է իսրայելցի մոտ 90 զինվոր և շուրջ 50 խաղաղ բնակիչ։ Լիբանանցի պաշտոնյաների համաձայն՝ Լիբանանում ավելի քան 3,500 մարդ է սպանվել, մոտ 1,2 միլիոն մարդ՝ երկրի ողջ բնակչության գրեթե քառորդը, տեղահանվել է: