Աշխարհը պատրաստվում է ցնցումների․ Թրամփը վերադառնում է առևտրային պատերազմներին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփ

Աշխարհում պատրաստվում են տնտեսական ցնցումների։ Պատճառը հայտնի է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է լայնածավալ մաքսատուրքեր կիրառել օտարերկրյա, հատկապես՝ չինական ապրանքների նկատմամբ: Նման իրավիճակը հարկադրում է կառավարություններին ու ձեռնարկություններին մտորել, թե ինչպես են արձագանքելու:

Իր առաջին նախագահության օրոք Դոնալդ Թրամփը լայնածավալ մաքսատուրքեր սահմանեց չինական ապրանքների նկատմամբ, ինչն ազդեցություն ունեցավ համաշխարհային տնտեսության վրա։

Երկրորդ նախագահությանն ընդառաջ Թրամփը խոստանում է շարունակել և լրացուցիչ 10% մաքսատուրք կիրառել ներմուծված բոլոր ապրանքների նկատմամբ ու 60% Չինաստանից ներկրված ապրանքների նկատմամբ:

Թեև Պեկինն ուղիղ չի արձագանքել Թրամփի նման խոստումներին, սակայն զգուշացրել է՝ հնարավոր չի լինի խուսափել «առևտրային լարվածությունից»:

«Մենք հիպոթետիկ հարցերի չենք պատասխանում: Բայց թույլ տվեք կրկնել, որ առևտրային պատերազմում հաղթող չկա, ոչ էլ աշխարհը կշահի դրանից»,- ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինը:

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոստացած հավելյալ մաքսատուրքերը կարող են հատկապես վնասել այն երկրների տնտեսություններին, որոնք կախված են դեպի Միացյալ Նահանգներ արտահանումից, սակայն ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը կարող է նաև հնարավորություններ բացել:

Օրինակ, որոշ երկրներ կշահեն, քանի որ արտադրությունը կտեղափոխվի Չինաստանից դեպի այդ պետություններ՝ ամերիկյան մաքսատուրքերից խուսափելու համար:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Թաիլանդի առևտրի նախարարը վերջերս նշել էր, թե նկատվում է ամերիկյան ընկերությունների հոսք դեպի իր երկիր, որոնք գործարանները տեղափոխում են Չինաստանից:

«Պետք է կարողանանք հաղթահարել այդ: Իրականում, այդ [զարգացումները] համարում եմ օգուտ Թաիլանդի համար: Հավատում եմ, որ կարող ենք ներդրումային [գրավիչ] ուղղություն լինել որևէ պետության համար»,- ասել է Թաիլանդի առևտրի նախարար Պիչայ Նարիպտաֆանը:

Սակայն նման զարգացումը, բնականաբար, նաև ռիսկեր է պարունակում, որվհետև բազմաթիվ երկրներ, որոնք կարող են շահել ամերիկա-չինական առևտրային հարաբերություններում սպասվող դժվարություններից՝ մեծացնելով իրենց արտահանումը ԱՄՆ, կարող են խոցելի դառնալ Թրամփի նոր հնարավոր մաքսատուրքերի առջև:

Օրինակ, չեն թաքցնում իրենց անհանգստությունը Աֆրիկայում գտնվող ԱՄՆ առևտրային գործընկերները, որոնց տնտեսական կապերը Վաշինգտոնի հետ արդեն իսկ սահմափակվել է մաքսատուրքերի պատճառով, իսկ ամերիկյան նոր տուրքերը կարող են միայն բարդացնել իրավիճակը:

«Եթե խոսում ենք արտադրության մասին, եթե խոսում ենք արտադրանքի, արքայախնձորի աճեցման մասին, ապա ԱՄՆ շուկա մուտք գործելը դժվար կլինի: Այնպես որ, լավատես չեմ Աֆրիկայի հետ ԱՄՆ առևտրի հարցում, եթե մենք խոսում ենք մաքսատուրքերի բարձրացման մասին»,- ասում է Վաշինգտոնում գործող Constituency for Africa կազմակերպության հիմնադիր Մելվին Ֆութը:

Վերլուծաբան Ջայանտ Մենոնի խոսքով՝ անորոշության մեծ մասը գալիս է Թրամփի անկանխատեսելիությունից: Իր առաջին պաշտոնավարման ընթացքում նա հաճախ օգտագործում էր մաքսատուրքերի բարձրացման հնարավորությունը որպես լծակ բանակցությունների ժամանակ՝ երկկողմանի առևտրային գործարքներ կնքելիս։

«Կարծում եմ՝ Թրամփը պրոտեկցիոնիստ չէ: Նա գործարքների գնացող է, և ինքը սիրում է իրեն ներկայացնել որպես գործարքներ կնքելու արվեստը տիրապետող մեկը…։ Ուստի, նրան դուր են գալիս ազատ առևտրի համաձայնագրերը, որոնց ձռքբերման գործում իր դերն է ունեցել»,- ասում է Սինգապուրում գործող Հարավարևելյան Ասիայի հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջայանտ Մենոնը:

Մենոնը շարունակում է, թե խոսելով մաքսատուրքերի բարձրացման մասին՝ Թրամփը կարող է իր թիրախում գտնվող երկրների հետ կնքել նոր առևտրային համաձայնագրեր, այլ ոչ թե իրապես գնալ մաքսատուրքերի բարձրացմանը, որը կարող է վնասել միջազգային տնտեսությանը:

Թրամփի ոչ բոլոր խոսքերն են, իրականում, նշանակում, թե նրա օրոք Վաշինգտոնում շրջադարձ են կատարելու դեպի պրոտեկցիոնիզմ:

ԱՄՆ նորընտիր նախագահը նաև առաջարկել է հետ կանչել ամերիկյան արտադրության էլեկտրական մեքենաների սուբսիդավորումը, որը սահմանվեց Բայդենի վարչակազմի օրոք:

«Ջո Ռոգանի հետ փոդքաստում նա նրանց հիմար անվանեց: Հավանաբար, պատրաստվում է հետ կանչել [սուբսիդիաները]: Եվ դա դրական է համաշխարհային տնտեսության վրա ազդող բացասական գործոններին [վերջ տալու առումով]»,- ասում է Մենոնը:

Ինչևէ, սպսասենք, թե, իրականում, ինչ մոտեցումներ կորդեգրի Թրամփը։ Մի բան պարզ է՝ առկա են և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ: