Ի՞նչ հետևանքներ կունենա Թրամփի երկրորդ նախագահության օրոք մաքսատուրքերի հնարավոր բարձրացումը

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը

Աշխարհի երկրները պատրաստվում են տնտեսական ցնցումների, քանի որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է զանգվածային մաքսատուրքեր սահմանել, հատկապես Չինաստանի նկատմամբ: Այս անորոշությունը կառավարություններին և բիզնեսներին կանգնեցրել է դժվար իրավիճակի առջև՝ հասկանալու, թե ինչպես արձագանքել

Դոնալդ Թրամփն իր առաջին պաշտոնավարման ժամանակ Չինաստանի նկատմամբ լայնածավալ մաքսատուրքեր սահմանեց՝ խաթարելով համաշխարհային տնտեսությունը։ Սպիտակ տուն վերադառնալուց առաջ Թրամփը խոստանում է ավելի խիստ միջոցառումներ՝ 10% մաքսատուրքեր բոլոր և 60% մաքսատուրքեր՝ Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա: Չնայած Չինաստանը չի արձագանքել Թրամփի սպառնալիքներին ուղղակիորեն, այն զգուշացրել է առևտրային լարվածության աճի վտանգի մասին:

«Մենք չենք արձագանքում ենթադրություններին։ Բայց թույլ տվեք վերահաստատել, որ առևտրային պատերազմում հաղթողներ չկան, և աշխարհը դրանից չի շահի»,- պնդում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մաո Նինը:

Թրամփի սահմանած մաքսատուրքերը հատկապես կարող են վնասել այն տնտեսություններին, որոնք կախված են արտահանումից, սակայն ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը կարող է նաև նոր հնարավորություններ ստեղծել: Շատ երկրներ արդեն օգուտ են քաղել՝ մաքսատուրքերից խուսափելու համար արտադրությունը Չինաստանից այլ երկրներ տեղափոխելու արդյունքում։ Թաիլանդի առևտրի նախարարը վերջերս ասաց «Ամերիկայի ձայն»-ի թաիլանդական ծառայությանը, որ իր երկիրը նկատում է ամերիկյան ընկերությունների մեծ ներհոսք՝ Չինաստանից արտահոսքի պատճառով:

Your browser doesn’t support HTML5

Ինչպե՞ս կազդի Թրամփի մաքսատուրքերի հնարավոր բարձրացումը համաշխարհային առևտրի վրա

«Մենք պետք է կարողանանք հաղթահարել սա։ Ես նույնիսկ այս խնդիրները համարում եմ Թաիլանդի համար օգուտ։ Կարծում եմ, որ մենք կարող ենք դառնալ ներդրումների վայր բոլոր երկրների համար»,- Թաիլանդի առևտրի նախարար Պիչայ Նարիպտապանը:

Այդ մոտեցումը, սակայն, ռիսկերով է ուղեկցվում։ Շատ երկրներ, որոնք օգտվել են Չինաստանից արդյունաբերական արտահոսքից, այժմ կախված են ԱՄՆ-ի արտահանումից՝ ավելի խոցելի դառնալով Թրամփի հնարավոր մաքսատուրքերի կամ վերահասցեագրված ապրանքների դեմ պայքարի փորձերից։

Մտահոգություններ ունեն նաև ԱՄՆ-ի ոչ խոշոր առևտրային գործընկերները։ Օրինակ՝ աֆրիկյան երկրերի համար, որոնց առևտուրը ԱՄՆ-ի հետ սահմանափակ է, բարձր մաքսատուրքերը կարող է բարդացնել մուտքը ամերիկյան շուկա։

«Եթե խոսում ենք արտադրության մասին, օրինակ՝ մթերքների, արքայախնձորների, ապա ամերիկյան շուկա մտնելը ավելի կբարդանա։ Ուստի ես լավատես չեմ ԱՄՆ-ի հետ Աֆրիկայի առևտրի հարցում, եթե մաքսատուրքերը բարձրացվեն»,- ասում է «Աֆրիկայի ընտրազանգված» կազմակերպության հիմնադիր Մելվին Ֆութը։

Շատ անորոշություններ բխում են Թրամփի անկանխատեսելիությունից։ Իր առաջին պաշտոնավարման ընթացքում նա հաճախ օգտագործում էր մաքսատուրքերի սպառնալիքը որպես բանակցային գործիք, որից հետո վերջապես կնքում էր առանձին առևտրային համաձայնագրեր, ասում է վերլուծաբան Ջեյանթ Մենոնը։

«Թրամփը, իմ կարծիքով, պրոտեկցիոնիստ չէ։ Նա գործարք կնքող է։ Նա սիրում է իրեն ներկայացնել որպես գործարքներ կնքող՝ "գործարքի արվեստին լավ տիրապետող գործիչ": Նա սիրում է ազատ առևտրի համաձայնագրեր կնքել, ուր ինքը դեր ունի»,- պննդում է Հարավարևելյան Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեյանթ Մենոնը:

Մենոն նշում է, որ Թրամփի թիրախ դարձած երկրները կարող են նոր առևտրային համաձայնագրեր կնքել, այլ ոչ թե կիրառել փոխադարձ մաքսատուրքերի բարձրացման քաղաքականություն, ինչը կարող է վնասել ինչպես իրենց, այնպես էլ համաշխարհային տնտեսությանը։

Թրամփի բոլոր առաջարկները չեն, որ ուղղված են պրոտեկցիոնիզմի ուժեղացմանը։ Նա նաև առաջարկել է վերացնել ԱՄՆ-ում արտադրված էլեկտրական մեքենաների համար նախատեսված սուբսիդիաները, որոնք հաստատվել էին Բայդենի վարչակազմի կողմից։

«Նա արդեն դա անվանել է «հիմարություն» Ջո Ռոգանի փոդքաստում։ Հավանաբար նա կչեղարկի դրանք։ Եվ դա դրական է գլոբալ տնտեսության վրա ազդեցությունների տեսանկյունից»,- ասում է Մենոնը։

Այսպիսով, Թրամփի Սպիտակ տուն վերադարձը լի է անորոշությամբ, բազմաթիվ ռիսկերով և հնարավորություններով աշխարհի համար։

Հոդվածը պատրաստվել է Բիլ Գալլոյի նյութի հիման վրա