Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կիրառած բալիստիկ հրթիռը ազդանշան է Արևմուտքին. դիտորդներ

Ռուսական զինուժի ռազմավարական նշանակության RS-24 Yars հրթիռը։ Նովոսիբիրսկի մարզ, Ռուսաստան, հոկտեմբերի 1, 2024թ․։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դատապարտել է հինգշաբթի Ռուսաստանի կողմից Դնիպրո քաղաքի հրթիռակոծումը՝ այն անվանելով «միջուկային արկածախնդրություն» և պատերազմական գործողությունների կտրուկ սրացում։

Զելենսկու խոսքով. «Ակնհայտ է, որ Պուտինն օգտագործում է Ուկրաինան որպես փորձադաշտ՝ սպառնալով աշխարհին»։

Կիևում չեն թաքցնում՝ մտահոգված են, որ հետյասու ռուսական կողմը կարող է ուկրաիանական քաղաքացիական օբյեկտների դեմ կիրառել նման կարգի սպառազինբություն:

Your browser doesn’t support HTML5

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կիրառած բալիստիկ հրթիռը ազդանշան է Արևմուտքին. դիտորդներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձի միջոցով հաստատել է, թե կիրառվել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռ՝ ընդգծելով, որ «Օրեշնիկ» անվամբ հրթիռն ունակ է կրել միջուկային մարտագլխիկ:

«Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայում իր գործողության ընթացքում միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել, որը հայտնի է «Օրեշնիկ» անունով»,- ասել է Կրեմլի ղեկավարը։

Դիտորդների ներկայացմամբ՝ նման հրթիռի օգտագործումը և Պուտինի ելույթը նպատակ ունեն ցույց տալ Ռուսաստանի ռազմական հնարավորությունները ՆԱՏՕ-ին և Միացյալ Նահանգներին:

Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհի խոսքով՝ կիրառված հրթիռի հիմքում ռուսական RS-26 Rubezh միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն է։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս տեսաուղերձով՝ խոսելով Ուկրաինային խոցած ռուսական բալիստիկ հրթիռի մասին։ Մոսկվա, նոյեմբերի 21, 2024թ․։


Իրավիճակի սրացում

ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Վալերի Չալին հարձակումն անվանել է Կրեմլի ագրեսիայի «նոր փուլ»՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ընդգծելով, որ հարվածը ոչ միայն մարտահրավեր էր Ուկրաինային, այլև արևմտյան դաշնակիցներին:

«Սա միայն Ուկրաինայի հարցը չէ։ Այն մարտահրավեր է եվրոպական անվտանգության համակարգին ու Միացյալ Նահանգներին»,- ասել է Չալին՝ ընդգծելով, թե պատասխանը «պետք է լինի հստակ, միասնական և վճռական»:

Արևմտյան երկրների ղեկավարները դատապարտել են «Օրեշնիկի» կիրառումը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հարվածը անվանել է «անխոհեմ և վտանգավոր», ԵՄ արտաքին հարաբերությունների գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոյի խոսքով՝ Ռուսաստանը դիմել է նոր որակի սրացման:


Ի՞նչ են պատմում Դնիպրոյում

Հրթիռը թիրախավորել է Դնեպրո քաղաքում գտնվող արդյունաբերական օբյեկտներից մեկը, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ, զգալի վնասներ է պատճառել։

Որոշ դիտորդներ, նաև՝ ԱՄՆ-ում, կարծիք են հայտնում, թե, հավանաբար, կիրառվել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռ։

Մինչև պատերազմը մոտ մեկ միլիոն բնակչություն ունեցող Դնիպրոյում մարդիկ ասում են, թե սովոր են կանոնավոր օդային ռմբակոծություններին և հրթիռային հարձակումներին, սակայն այս հարվածը տարբերվում էր:

Դնիպրոյի բնակիչ Օլեքսի Պոլտորազկին ասում է. «Սովորել ենք ճանաչել տարբեր տեսակի հրթիռների ձայները։ Այս մեկը ուրիշ էր։ Հարվածեց գրեթե անմիջապես [օդային տագնապի] ազդանշանից հետո: Այստեղ շատերը կարծում են, որ բալիստիկ հրթիռ էր»:

Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի Ռուսաստանի գծով փորձագետ Ջորջ Բարոսը «Ամերիկայի ձայնին» փոխանցել է․«Կարծես, ռուսները թիրախավորել են քաղաքը RS-26-ով։ Գլխավորը խուճապի չմատնվելն է։ Ոչ մի հիմք չկա մտածելու, որ Պուտինի կողմից միջուկային զենք կամ զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու հավանականությունը հիմա ավելի մեծ է, քան պատերազմի այլ փուլում էր:
Սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը միջուկային մարտագլխիկ կրելու ունակ սպառազինություն է օգտագործում Ուկրաինայի դեմ։ Ռուսաստանը պարբերաբար օգտագործում է «Իսկանդեր» տեսակի հրթիռներ»:


Ի՞նչ սպասել

Դիտորդների խոսքով՝ ուկրաիանական պատերազմի շարունակվող սրացման ֆոնին՝ անորոշություն է, թե որ ուղղությամբ կընթանան զարգացումները։ Մեծացնելով լարվածությունը ռազմաճակատում՝ կողմերը, կարծես, պատրաստվում են բանակցությունների՝ նման կերպ ձգտելով ամրապնդել իրենց դիրքերը հանդիպման սեղանի շուրջ։