Մեթ Գեյցը հրաժարվել է ԱՄՆ գլխավոր դատախազ դառնալու մտադրությունից

Ներկայացուցիչների տան նախկին անդամ Մեթ Գեյց

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից երկրի գլխավոր դատախազի պաշտոնի համար հայտարարաված թեկնածու, Ներկայացուցիչների տան նախկին անդամ Մեթ Գեյցը հինգշաբթի հրաժարվել է առաջադրումից։ 42-ամյա հանրապետական գործչին մեղադրում են մի շարք քրեական հանցագործությունների մեջ։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակից, Ներկայացուցիչների տան նախկին անդամ և գլխավոր դատախազի թեկնածու Մեթ Գեյթզը հինգշաբթի հայտարարեց, թե հրաժարվում է այդ պաշտոնի համար առաջադրվելուց։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում գլխավոր դատախազը ղեկավարում է Արդարադատության նախարարությունը:

42-ամյա հանրապետական Գեյցի անունը հանդիպում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան էթիկայի հանձնաժողովում ընթացող և մի շարք քրեական մեղադրանքներին վերաբերող հետաքննությունում։ Մեթ Գեյցը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները, սակայն բազմաթիվ օրենսդիրներ մտահոգված էին, թե արդյոք նման մեղադրանքներին առնչվող գոչծիչը կարող է զբաղեցնել արդարադատության նախարարի պաշտոնը։

«Կոնգրեսական Գեյցը, ում անձամբ չեմ ճանաչում, հայտնի է, որպես Դոնալդ Թրամփի համար կոշտ պայքար մղած մեկը, սակայն նրան ներկայացվել են լրջագույն և վստահություն ներշնչող մեղադրանքներ»,- ասել է դեմոկրատ սենատոր Քրիս Քունսը։

Your browser doesn’t support HTML5

Գեյցը հրաժարվել է գլխավոր դատախազ դառնալու մտադրությունից

Ներկայացուցիչների տանը չորս ժամկետ պաշտոնավարած Գեյցը անցած տարի դեմ հանդես եկավ կուսակից, ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի այդ ժամանակվա խոսնակ Քևին ՄըքՔարթիին՝ նրան մեղադրելով պետական միջոցները վատնելու մեջ:

«Քաոսն այն է, որ ամերիկացի ժողովուրդը պետք է դիմի խնայողությունների, որոնք սպասվում են, եթե շարունակենք ունենալ [պետբյուջեի] տարեկան 2 տրիլիոն դոլարի դեֆիցիտ»,- ասել էր Գեյցը:

Ի վերջո, Մեթ Գեյցի ջանքերն արդյունք տվեցին, և ՄըքՔարթին թողեց պաշտոնը:

Ինչևէ, նախորդ օրերին բազմաթիվ սենատորներ, այդ թվում՝ հանրապետականներ չէին թաքցնում իրենց ընդդիմությունը Գեյցին նշանակելու հարցում՝ պնդելով, թե նման պաշտոնին նշանակելուց առաջ հարկ է լրացուցիչ տեղեկություններ քաղել նրան ներկայացված մեղադրանքների մասին:

«Խնդրահարույց է Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների ամենաբարձր պաշտոնում ունենալ մեկին, ով, ենթադրաբար, կատարել է նման հանցագործություններ: Չնայած նրան մեղադրանք չի առաջադրվել, այնուամենայնիվ, կարևոր է, որ Սենատը դիտարկի նրա վարքագիծը և՛ էթիկայի, և՛ օրինականության տեսանկյունից՝ անկախ նրանից, թե նրան երբևէ պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել է»,- ասում է Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի գծով պրոֆեսոր Քլեր Ֆինքելշտեյնը:

Այդուհանդերձ, Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչները նախորդ օրերին պաշտպանում էին Գեյցի թեկնածությունը։

«[Մեթ Գեյցին վերաբերող տեղեկատվական] նման արտահոսքերը նպատակ ունեն հարված հասցնել ժողովրդից ստացած մանդատով՝ Գեյցի գլխավորությամբ Արդարադատության նախարարությունը բարեփոխելու [ծրագրերին]»,- ասել էր Թրամփի անցումային թիմի խոսնակը։

Այս շաբաթ Գեյցի հասցեին գովասանքի խոսքեր էր հնչեցրել նաև Իլոն Մասկը, թե նոր պաշտոնում նախկին կոնգրեսականը կլինի «արդարության մուրճ»:

Մինչ ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնին առաջադրվելուց հրաժարվելը Մեթ Գեյցը չորեքշաբթի սկսել էր հանդիպումների շարքը սենատորների հետ՝ աջակցություն ստանալու ակնկալիքով, սակայն մեկ օր անց դադարեցրեց այդ ջանքերը՝ հրաժարվելով իր թեկնածության առաջադրումից։ Մինչ այդ նա հրաժարվել էր Ներկայացուիչների տան անդամի աթոռից՝ երկրի գլխավոր դատախազ առաջադրվելու նպատակով: