ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակից ու Ներկայացուցիչների տան նախկին անդամ, հանրապետական Մեթ Գեյցը կրկին ուշադրության կենտրոնում է։ Այս անգամ պատճառը Թրամփի հայտնի որոշումն է նրան առաջ քաշել Միացյալ Նահանգների գլխավոր դատախազի պաշտոնի համար:
Գեյցի որոշ գործընկերներ գովում են նրան…։
«Նա խելացի է, հասկանում է իրավական հարցերից, չի վախենում ռիսկի դիմել: Այն, ինչ նա արեց [Ներկայացուցիչների] տանը, չտեսնված էր»,- ասում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետական անդամ Ռալֆ Նորմանը:
Սակայն Գեյցը գտնվում էր Ներկայացուցիչների տան էթիկայի հանձնաժողովի կողմից իրականացվող հետաքննության ներքո՝ կապված տարբեր քրեական բնույթի մեղադրանքների հետ: Թեև Մեթ Գեյցը հերքել է մեղադրանքները, սակայն բազմաթիվ օրենսդիրներ շարունակում են մտահոգված լինել այս հանգամանքով, և թե արդյոք նա ունալ է ղեկավարել Արդարադատության նախարարությունը:
ԱՄՆ-ում Արդարադատության նախարարության ղեկավարը գլխավոր դատախազն է։
«Կոնգրեսական Գեյցը, որին անձամբ չեմ ճանաչում, անշուշտ, նախագահ Թրամփի կատաղի փաստաբանի համբավ ունի, բայց նաև արժանահավատ մեղադրանքների թիրախում է վատ վարքագծի կասկածանքով»,- ասում է դեմոկրատ սենատոր Քրիս Քունսը:
Ներկայացուցիչների տանը չորս ժամկետ պաշտոնավարած Գեյցը անցած տարի դեմ հանդես եկավ կուսակից, ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի այդ ժամանակվա խոսնակ Քևին ՄըքՔարթիին՝ նրան մեղադրելով պետական միջոցները վատնելու մեջ:
«Քաոսն այն է, որ ամերիկացի ժողովուրդը պետք է դիմի խնայողությունների, որոնք սպասվում են, եթե շարունակենք ունենալ [պետբյուջեի] տարեկան 2 տրիլիոն դոլարի դեֆիցիտ»,- ասել էր Գեյցը:
Ի վերջո, Մեթ Գեյցի ջանքերն արդյունք տվեցին, և ՄըքՔարթին թողեց պաշտոնը:
Ֆլորիդայի այն շրջանը, որտեղից ընտրվել է Գեյցը, համարվում է հանրապետականներին ամենից շատ հարողներից մեկը ԱՄՆ-ում:
Այս շաբաթ Գեյցին գովեց նաև Իլոն Մասկը, թե նոր պաշտոնում նախկին կոնգրեսականը կլինի «արդարության մուրճ»:
Բայց շատ սենատորներ, այդ թվում՝ հանրապետականներ, չեն թաքցնում իրենց ընդդիմությունը Գեյցին նշանակելու հարցում՝ պնդելով, թե նման պաշտոնին նշանակելուց առաջ հարկ է լրացուիչ տեղեկություններ քաղել նրան ներկայացված մեղադրանքների մասին:
«Խնդրահարույց է Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների ամենաբարձր պաշտոնում ունենալ մեկին, ով, ենթադրաբար, կատարել է նման հանցագործություններ: Չնայած նրան մեղադրանք չի առաջադրվել, այնուամենայնիվ, կարևոր է, որ Սենատը դիտարկի նրա վարքագիծը և՛ էթիկայի, և՛ օրինականության տեսանկյունից՝ անկախ նրանից, թե նրան երբևէ պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել է»,- ասում է Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի գծով պրոֆեսոր Քլեր Ֆինքելշտեյնը:
ԱՄՆ Սենատը կքննարկի Գեյցի թեկնածությանը հավանության տալու հարցը հաջորդ տարվա սկզբին: