Medicare-ն ու Medicaid-ն ամերիկյան առողջապահական ապահովագրական համակարգի ամենից կարևոր ծրագրերն են, որոնք ապահովագրություն են տրամադրում տարեց և ցածր եկամուտ ունեցող ամերիկացիներին։
Օզը ծնվել է 1960 թվականին Օհայոյի Քլիվլենդ քաղաքում։ Նա թուրք ներգաղթյալների՝ սրտանոթային վիրաբույժ Մուստաֆա Օզի և Սունա Օզի որդին է։ Մանկությունն անցկացրել է Դելավերի Վիլմինգթոն քաղաքում և 1982 թվականին ավարտել Հարվարդի համալսարանը՝ մասնագիտանալով կենսաբանության ուղղությամբ։ 1986 թվականին Օզը ստացել է բժշկական գիտությունների և գործարար վարչարարության մագիստրոսի կոչումներ՝ Փենսիլվանիայի համալսարանի բժշկական դպրոցում և Ուորթոն դպրոցում։
Նյու Յորքում Օզը կառուցել է իր բժշկական կարիերան՝ դառնալով ճանաչված սրտային վիրաբույժ, ստեղծելով նորարարական բժշկական սարքեր և հեղինակելով բեսթսելեր դարձած ու առողջապահությանը նվիրված գրքեր, որոնք թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։
Սակայն Օզին առավել ճանաչում բերեց հանրահայտ The Oprah Winfrey Show հեռուստահաղորդմանը նրա կանոնավոր հյուրընկալությունը։ 2009 թվականին մեկնարկեց Մեհմեթ Օզի The Dr. Oz Show հեռուստահաղորդումը, որը շարունակվեց 13 եթերաշրջան՝ նվիրված առողջապահական թեմաներին։ Հաղորդումը շահել է Emmy 9 մրցանակ։
Your browser doesn’t support HTML5
Ի դեպ, խոսելով Օզի թեկնածության մասին՝ Թրամփը անդրադարձել է նաև նրա հեռուստատեսային մրցանակներին, թե Մեհմեթ Օզը «միլիոնավոր ամերիկացիների սովորեցրել է ընտրել առողջ կենսակերպ»։
2022 թվականին Associated Press-ի հետ զրույցում Օզը նշել էր, որ առաջին անգամ հանդիպել է Թրամփին 2004 կամ 2005 թվականին, երբ խնդրել է ապագա նախագահին թույլ տալ նրան պատկանող գոլֆի դաշտում կազմակերպել իր երեխաների բարեգործական միջոցառումը։
Չնայած հետագա տարիներին Դոնալդ Թրամփն ու Մեհմեթ Օզը մեկ անգամ չէ, որ հանդիպել էին տաևրաբնույթ միջոցառումներին, սակայն նրանց ամենից հայտնի հանդիպումը, թերևս, 2016 թվականի նախագահական ընտրարարշավի ժամանակ էր, երբ Օզը Թրամփին հրավիրեց իր հեռուստահաղորդմանը։
2018 թվականին՝ իր առաջին նախագահության շրջանում, Թրամփն Օզին նշանակեց Սպորտի և սննդի հարցերով նախագահական խորհրդի անդամ։
Մեհմեթ Օզը ժամանակ առ ժամանակ հայտնվել է նաև քննադատության թիրախում՝ մեղադրվելով շահերի բախման մեջ, թե գովազդել է բժշկագիտական տեսանկյունից չհմնավորված ապրանքներ և այդ կերպ նպաստել է մասնավոր ընկերությունների շահույթի ավելացմանը։ Օրինակ, 2014 թվականին նրան հրավիրեցին վկայություն տալու ԱՄՆ Սենատի ենթահանձնաժողովներից մեկում, ուր քննարկվում էր մարդու քաշի կորստին հանգեցնող ապրանքների գովազդի հարցը, և այդ ապրանքների պարագայում բացակայում էր գիտական հիմնավորումը, որ դրանք կարող են նիհարեցնել մարդկանց։
Այդուհանդերձ, հստակ է, որ Օզը երբեք չի մեղադրվել, այսպես կոչված, բժշկական խարդախության մեջ։
Կարելի է ասել, որ Մեհմեթ Օզը քաղաքականություն մուտք գործեց 2021 թվականի վերջին՝ քննադատելով ԱՄՆ կառավարության գործողությունները COVID-19 համաճարակի դեմ պայքարում։ Հաջորդ քայլը նրա հայտարարությունն էր, թե Փենսիլվանիա նահագում մասնակցելու է ԱՄՆ Սնատի համար ընտրություններին՝ որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ։
Սենատորական ընտրապայքարում Օզը սուր քննադատության թիրախում էր։ Նրան մեղադրում էին երկու երկրների՝ ԱՄՆ ու Թուրքիայի քաղաքացի լինելու մեջ և այն բանի համար, որ բնակվելով Նյու Ջերսիում՝ փորձում էր սենատոր ընտրվել Փենսիլվանիայից։
Օզի թեկնածությանը դեմ էր նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որի բնութագրմամբ Օզը Հայոց ցեղասպանության փաստը հերքող գործիչներից է։ Ամերիկահայ կազմակերպության հաղորդագրությունից տեղեկանում ենք․ «[ԱՄՆ] Արևելյան ափի Հայ դատի հանձնախումբը Փենսիլվանիայի տեղական գրասենյակների հետ միասին, համագործակցել է Hellenic American Leadership Council կազմակերպության հետ՝ Օզի դեմ քարոզչություն իրականացնելու նպատակով, որի ժամանակ ուշադրություն է հրավիրել դոկտոր Օզի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման և Թուրքիայի [նախագահ] Էրդողանի ռեժիմի հետ սերտ կապեր ունենալու վրա»։
Օզին հեշցերել էին նաև այն, որ 2018 թվականի Թուրքիայի նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկել է Նյու Յորքում գտնվող թուրքական հյուպատոսարանում։
Մեհմեթ Օզը նկարահանվել է նաև թուրքական ավիափոխադրողի՝ Turkish Airlines-ի գովազդներում և որպես խոսնակ հանդես է եկել ավիաընկերության՝ COVID-19-ին վերաբերող անվտանգության միջոցառումների մասին հոլովակում։
Թեև Օզը հաճախ է անդրադարձել է իր երկքաղաքացիության թեմային, թե պահպանում է այն, որպեսզի հոգ տանի իր՝ Ալցհեյմեր հիվանդությամբ տառապող և Թուրքիայում բնակվող մոր մասին, սակայն 2022 թվականի սենատորական ընտրությունների ժամանակ հայտարարեց էր, որ ընտրվելու դեպքում կհրաժարվի թուրքական քաղաքացիությունից։ Ընտրություններում հաղթեց դեմոկրատ Ջոն Ֆեթերմանը։
Ինչևէ, եթե ԱՄՆ Սենատի հաստատի Մեհմեթ Օզի թեկնածությունը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած պաշտոնի համար, ապա նա, փաստորեն, տնօրինելու է մոտ 1,1 տրիլիոն դոլարի բյուջե ունեցող առողջապահական ծրագրեր, որոնք վերաբերում են ԱՄՆ բնակչության գրեթե կեսին։
Այս նյութում օգտագործվել են Associated Press-ի հրապարակումները: