ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի ասել է, որ կառաջադրի Ֆլորիդայի նախկին գլխավոր դատախազ և իր հավատարիմ աջակից Փեմ Բոնդիին երկրի գլխավոր դատախազի պաշտոնում։ Բոնդիի թեկնածության առաջադրմանը նախորդել էր Մեթ Գետցի հրաժարումը առաջադրումից։
Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովը հետաքննում է 17-ամյա անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու և արգելված դեղամիջոցների օգտագործելու մեղադրանքները Գետցի դեմ։ Նա հերքում է իր դեմ քաշված մեղադրանքները:
59-ամյա Փեմ Բոնդին 2011-ից 2019 թվականներին զբաղեցրել է երրորդ ամենաբազմամարդ նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը և Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում աշխատել է Օփիոիդների և թմրամոլության հարցերով հանձնաժողովում:
Your browser doesn’t support HTML5
Բոնդին նաև Թրամփի իրավաբանական թիմի մաս էր կազմում նրա առաջին իմպիչմենտի ժամանակ, երբ նրան մեղադրեցին Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու մեջ՝ իր մրցակից, այժմ նախագահ Ջո Բայդենի կողմից կոռուպցիայի վերաբերյալ հետաքննություն սկսելու համար: Ավելի ուշ Սենատն արդարացրեց Թրամփին։
Բոնդին վերջերս ղեկավարել է Ամերիկայի առաջին քաղաքականության ինստիտուտի իրավական թեւը: Դա աջակողմյան պահպանողական վերլուծական կենտրոն է, որը սերտորեն համագործակցել է Թրամփի քարոզարշավի հետ՝ օգնելու նրա ապագա վարչակազմի համար քաղաքականություն ձևավորելու հարցում:
Բոնդիի աշխատանքային փորձը հակադրվում է Գետցի կենսագրությանը, ով չունի ավանդական դատախազական փորձ և ենթադրաբար կհանդիպեր դեմոկրատների և Սենատի որոշ հանրապետականների ընդդիմությանը:
«Նա, անշուշտ, որակավորված է այս պաշտոնի համար», - ասում է Դեյվիդ Վայնշտեյնը, Ֆլորիդայի նախկին դաշնային դատախազը, ով այժմ Ջոնս Ուոքերի փաստաբանն է: «Նա իր կյանքը նվիրել է քրեական գործերին և ունի լուրջ ռեզյումե, ի տարբերություն նախորդ թեկնածուի»։
Թրամփն իր ընտրության մասին հայտարարեց սոցիալական ցանցերում՝ գովաբանելով Բոնդիին՝ որպես դատախազական հարուստ փորձ ունեցող իրավաբանի՝ նշելով հանցագործության դեմ պայքարի հարցում նրա անզիջուն մոտեցումը: Բոնդին դարձավ Ֆլորիդայի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած առաջին կինը:
Թրամփն ասել է, որ Բոնդին վերջ կդնի դաշնային հետապնդումների քաղաքականացմանը։
«Շատ երկար ժամանակ արդարադատության նախարարությունը մի կողմը օգտագործում էր իմ և այլ հանրապետականների դեմ, և այդ պրակտիան ավարտվեց», - ասել է Թրամփը: «Փեմը արդարադատության նախարարությունը կենտրոնացած կպահի իր իրական նպատակների վրա, որը հանցավորության դեմ պայքարն է և Ամերիկայի անվտանգության պահպանումը»: