Իրանը մեծացնում է սպառազինության համար նախատեսված ուրանի պաշարները՝ անտեսելով միջազգային ճնշումը. ՄԱԿ 

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Թեհրանում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչիի հետ

Իրանը անտեսել է միջազգային պահանջները՝ սահմանափակել իր միջուկային ծրագիրը, և ավելացրել է հարստացված ուրանի իր պաշարները՝ ասված է ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության կազմակերպության գաղտնի զեկույցում, որից որոշ հատվածներ հրապարակել է Associated Press-ը: 

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) զեկույցում ասված է, թե հոկտեմբերի 26-ի դրությամբ Իրանն ուներ 182,3 կիլոգրամ ուրան՝ հարստացված մինչև 60% մաքրության, ինչը 17,6 կիլոգրամով ավելի է օգոստոսի վերջին համեմատ:

Գործակալությունն իր եռամսյակային զեկույցում գնահատել է, որ հոկտեմբերի 26-ի դրությամբ Իրանի հարստացված ուրանի ընդհանուր պաշարը կազմել է 6,604.4 կիլոգրամ, ինչը օգոստոսի համեմատ ավելի է 852.6 կիլոգրամով:

Գործակալության համաձայն՝ մոտ 42 կիլոգրամ մինչև 60% մաքրության հաստացված ուրանը այլևս բավարար է մեկ ատոմային ռումբ ստեղծելում համար, եթե այդ զանգվածը հետագայում հարստացվի մինչև 90%։

Հատկանշական է, որ ԱԷՄԳ զեկույցնեևրը մեջտեղ եկան լարված շրջանում, երբ նախորդ ամիսներին Իսրայելն ու Իրանը փոխանակվեցին հրթիռային հարվածներով: Մյուս կողմից, ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելը հարցեր է առաջացնում՝ ի՞նչ մոտեցում է որդեգրելու ամերիկյան նոր վարչակազմը Իրանի նկատմամբ:

Թրամփի առաջին նախագահությունը նշանավորվեց Իրանի ուղղությամբ տարվող «առավելագույն ճնշման» քաղաքականությամբ, որի ներքո Վաշինգտոնը դուրս եկավ իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված միջազգային համաձայնագրից, իսկ ամերիկյան ուժերը 2020 թվականի հունվարին սպանեցին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին։

Արևմտյան դիվանագետները քննարկում են Իրանին պատժելու հարցը

Ինչևէ, անցած շաբաթ՝ ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Մարիանո Գրոսսիի Թեհրան կատարած այցի ժամանակ, Իրանն առաջարկել է չընդլայնել հարստացված ուրանի իր պաշարները։

Գործակալության համաձայն՝ «քննարկվել է Իրանի՝ մինչև 60% հարստացված ուրանի պաշարները չընդլայնելու հնարավորությունը, ներառյալ՝ այդ իրավիճակը հավաստող տեխնիկական ստուգման միջոցները կիրառելու հարցը»:

Վերոհիշյալ զեկույցում ասված է, որ Գրոսսիի՝ Թեհրանից հեռանալուց մեկ օր անց՝ նոյեմբերի 16-ին, գործակալության տեսուչները հաստատել են, թե «Իրանը սկսել է նախապատրաստական միջոցառումների իրականացումը, որոնք ուղղված են դադարեցնելու մինչև 60% հարստացված ուրանի պաշարների ավելացումը» Ֆորդո ու Նաթանզ բնակավայրերում գտնվող ստորգետնյա օբյեկտներում։

Նշենք նաև՝ այս շաբաթ Վիեննայում նախատեսված է ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի հերթական նիստը:

Արևմտյան բարձրաստիճան դիվանագետներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, Associated Press-ի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ի աջակցությամբ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան պատրաստվում են այս շաբաթվա խորհրդի նիստում բանաձև ընդունել՝ դատապարտելով Իրանին՝ գործակալության հետ համագործակցության բացակայության համար, որը կարող է հանգեցնում է Իրանի հետ հնարավոր առճակատմանը Թրամփի վարչակազմի օրոք:

«Վճռականորեն աջակցում ենք Իրանին պատասխանատվության ենթարկելու ջանքերին։ Իրանական ռեժիմը շարունակում է կուտակել հարստացված ուրանի պաշարներ և շարունակում է չհամագործակցել գործակալության հետ»,- Վաշինգտոնում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

Բարձրաստիճան անանուն դիվանագետի խոսքով՝ եթե խորհրդում նման բանաձև անցի, ապա հնարավոր է Իրանը հետ կանգնի ԱԷՄԳ ղեկավարի թեհրանյան այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից: Նախկինում գործակալության կառավարիչների խորհրդի նման որոշումներին Թեհրանն արձագանքում էր՝ ընդլայնելով իր միջուկային ծրագիրը:

Իրանը պնդում է՝ իր միջուկային ծրագիրն ունի միայն խաղաղ նպատակներ։ Գրոսսի ներկայացմամբ՝ Թեհրանն ունի բավականաչափ հաստացված ուրան «մի քանի» միջուկային ռումբ պատրաստելու համար, եթե ցանկանա:

Կապերի բարելավման գործում փոքր առաջընթաց է գրանցվել

ԱԷՄԳ ներկայացմամբ՝ Իրանը տակավին չի ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ բարելավելու համագործակցությունը գործակալության հետ, չնայած Գրոսսիի խնդրանքին, ով անցած շաբաթ բանակցություններ է վարել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Մոհամմադ Էսլամիի, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Այնուամենայնիվ, գաղտնի զեկույցում ասված է, թե նոյեմբերի 14-ին՝ Գրոսսիի Թեհրան կատարած այցի ժամանակ «Իրանը համաձայնել է արձագանքել գործակալության մտահոգություններին՝ կապված Իրանի հրաժարվելու հետ՝ ընդունել գործակալության չորս փորձառու տեսուչների»։

Զեկույցը նաև փաստում է՝ դեռ առաջընթաց չկա իրանական միջուկային օբյեկտներում մշտադիտարկող սարքավորումների տեղադրման հարցում:

Այս ամենի ֆոնին՝ ԱԷՄԳ ղեկավարը խոստովանել է, թե որոշ երկրներ դիտարկում են Իրանի դեմ «գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը»:

Ձգտելով կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը՝ մի կողմից Միացյալ Նահագները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Եվրամիությունը, Ռուսաստանը, Չինաստանը, իսկ մյուս կողմից՝ Իրանը 2015 թվականին համաձայնություն կնքեցին, ըստ որի Թեհրանը պարտավորվեց սահմանափակել ուրանի հարստացումը՝ այն կանգնեցնելով միջուկային էներգիայի համար անհրաժեշտ մակարդակին։ Փոխարենը՝ իսլամական հանրապետության դեմ մասնակիորեն չեղարկվեցին միջազգային պատժամիջոցները, իսկ ՄԱԿ-ի տեսուչներն էլ պետք է հսկեին, թե, իրականում, ինչ իրավիճակ է իրանական միջուկային օբյեկտներում և արդյոք Իրանը պահպանում է համաձայնությունը:

2015 թվականի համաձայնագրով Իրանին թույլատրվեց հարստացնել ուրանը մինչև 3,67% մաքրության, կարող էր պահել առավելագույնը 300 կիլոգրամ ուրանի պաշար և թույլատրվում էր օգտագործել միայն IR-1 տեսակի պրիմիտիվ ցենտրիֆուգներ՝ ուրանը հարստացնելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, ինչպես ասացինք, Վաշինգտոնը դուրս եկավ համաձայնագրից, իսկ Իրանը աստիճանաբար հրաժարվեց իր պարտավորություններից՝ հարստացնելով ուրանը մինչև 60% մաքրության: