ԱՄՆ գլխավոր դատախազի համար առաջ քաշված Թրամփի թեկնածուն իրավական խնդիրների առջև է

Մեթ Գեյց, ԱՄՆ Ներկայացուցիչների տան նախկին անդամ, հանրապետական

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր երկարամյա դաշնակից, հանրապետական այլևս նախկին կոնգրեսական Մեթ Գեյցին առաջադրել է երկրի իրավապահ մարմինների բարձրագույն պաշտոնի համար` Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ: Գեյցը սովոր էր լինել Կապիտոլիումի ուշադրության կենտրոնում:

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակից ու Ներկայացուցիչների տան նախկին անդամ, հանրապետական Մեթ Գեյցը կրկին ուշադրության կենտրոնում է։ Այս անգամ պատճառը Թրամփի հայտնի որոշումն է նրան առաջ քաշել Միացյալ Նահանգների գլխավոր դատախազի պաշտոնի համար:

Գեյցի որոշ գործընկերներ գովում են նրան…։

«Նա խելացի է, հասկանում է իրավական հարցերից, չի վախենում ռիսկի դիմել: Այն, ինչ նա արեց [Ներկայացուցիչների] տանը, չտեսնված էր»,- ասում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետական անդամ Ռալֆ Նորմանը:

Սակայն Գեյցը գտնվում էր Ներկայացուցիչների տան էթիկայի հանձնաժողովի կողմից իրականացվող հետաքննության ներքո՝ կապված տարբեր քրեական բնույթի մեղադրանքների հետ: Թեև Մեթ Գեյցը հերքել է մեղադրանքները, սակայն բազմաթիվ օրենսդիրներ շարունակում են մտահոգված լինել այս հանգամանքով, և թե արդյոք նա ունալ է ղեկավարել Արդարադատության նախարարությունը:

Your browser doesn’t support HTML5

Նախկին կոնգրեսական Մեթ Գեյցը հայտնի է Ներկայացուցիչների տան նախկին խոսնակ Քևին ՄըքՔարթիին պաշտոնազրկելու ուղղությամբ գործադրած ջանքերով

ԱՄՆ-ում Արդարադատության նախարարության ղեկավարը գլխավոր դատախազն է։

«Կոնգրեսական Գեյցը, որին անձամբ չեմ ճանաչում, անշուշտ, նախագահ Թրամփի կատաղի փաստաբանի համբավ ունի, բայց նաև արժանահավատ մեղադրանքների թիրախում է վատ վարքագծի կասկածանքով»,- ասում է դեմոկրատ սենատոր Քրիս Քունսը:

Ներկայացուցիչների տանը չորս ժամկետ պաշտոնավարած Գեյցը անցած տարի դեմ հանդես եկավ կուսակից, ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի այդ ժամանակվա խոսնակ Քևին ՄըքՔարթիին՝ նրան մեղադրելով պետական միջոցները վատնելու մեջ:

«Քաոսն այն է, որ ամերիկացի ժողովուրդը պետք է դիմի խնայողությունների, որոնք սպասվում են, եթե շարունակենք ունենալ [պետբյուջեի] տարեկան 2 տրիլիոն դոլարի դեֆիցիտ»,- ասել էր Գեյցը:

Ի վերջո, Մեթ Գեյցի ջանքերն արդյունք տվեցին, և ՄըքՔարթին թողեց պաշտոնը:

Ֆլորիդայի այն շրջանը, որտեղից ընտրվել է Գեյցը, համարվում է հանրապետականներին ամենից շատ հարողներից մեկը ԱՄՆ-ում:

Այս շաբաթ Գեյցին գովեց նաև Իլոն Մասկը, թե նոր պաշտոնում նախկին կոնգրեսականը կլինի «արդարության մուրճ»:

Բայց շատ սենատորներ, այդ թվում՝ հանրապետականներ, չեն թաքցնում իրենց ընդդիմությունը Գեյցին նշանակելու հարցում՝ պնդելով, թե նման պաշտոնին նշանակելուց առաջ հարկ է լրացուիչ տեղեկություններ քաղել նրան ներկայացված մեղադրանքների մասին:

«Խնդրահարույց է Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների ամենաբարձր պաշտոնում ունենալ մեկին, ով, ենթադրաբար, կատարել է նման հանցագործություններ: Չնայած նրան մեղադրանք չի առաջադրվել, այնուամենայնիվ, կարևոր է, որ Սենատը դիտարկի նրա վարքագիծը և՛ էթիկայի, և՛ օրինականության տեսանկյունից՝ անկախ նրանից, թե նրան երբևէ պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել է»,- ասում է Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի գծով պրոֆեսոր Քլեր Ֆինքելշտեյնը:

ԱՄՆ Սենատը կքննարկի Գեյցի թեկնածությանը հավանության տալու հարցը հաջորդ տարվա սկզբին: