«Աստղը ծնվեց» հայտարարեց Դոնալդ Թրամփը՝ Ֆլորիդայում կողմնակիցների հետ հանդիպմանը

2024 թ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարելուց կարճ ժամանակ անց Դոնալդ Թրամփը գովեստի խոսքեր ուղղեց իր աջակից, միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկին։ Թրամփի հաղթանակը նշանակում է, որ աշխարհի ամենաազդեցիկ մարդն այժմ սերտորեն կապված է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի հետ:

«Աստղը ծնվեց»,- հայտարարեց Դոնալդ Թրամփը՝ Ֆլորիդայում կողմնակիցների հետ հանդիպմանը, երբ ազդարարեց ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։

Սակայն նկատի ուներ ոչ թե իրեն, այլ իր աջակից, միլիարդատեր Իլոն Մասկին։

«Նա հրաշալի մարդ է։ Այս երեկո միասին էինք։ Նա երկու շաբաթ անցկացրեց Ֆիլադելֆիայում և Փենսիլվանիայում՝ մասնակցելով մեր քարոզարշավին»,- շարունակել է Թրամփը։

Չնայած հարուստ մարդկանց կողմից քաղաքական գործիչներին աջակցելը նորություն չէ, որոշ փորձագետների կարծիքով՝ Թրամփ - Մասկ միությունը տարբերվում է։

«Մասկի դեպքը առանձնահատուկ է ոչ միայն նրանով, որ նա ձեռնարկատեր է, այլև, որ նա տեխնոլոգիական ձեռնարկատեր է և ազդեցություն ունի արդյունաբերության ամենատարբեր ճյուղերի վրա։ Նրա ազդեցության տիրույթը չի սահմանափակվում իր տեխնոլոգիական հնարավորություններով»,- ասում է սոցիոլոգ Սթեֆանի Էլիս Բեյքերը։

«Նա շատ հզոր ցանցի մաս է։ Խոսքը այնպիսի գործիչների մասին է, ինչպիսիք են Ջո Ռոգանը և այլ ազդեցիկ մարդիկ, որոնք ակտիվ են X հարթակում։ Ուստի, Մասկը, որպես քաղաքական ուժ և ազդեցություն ունեցող ձեռնարկատեր, նորություն չէ, բայց նրա հաղորդակցման միջոցներն ու ազդեցության սահմաններն աննախադեպ են»,- հավելում է Բեյքերը։

Թրամփի կողմնակիցները Մասկին ընդունում են որպես ռոք աստղ, ինչպես օրինակ հոկտեմբերին Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում կայացած հանրահավաքում էր։

Your browser doesn’t support HTML5

Թրամփի հաղթանակից հետո Իլոն Մասկի ազդեցությունն «աննախադեպ» է

Բեյքերի խոսքով՝ նա մեծ օգուտ է բերում Թրամփին։

«Երկրպագուները նրան մեծարում են ոչ միայն որպես տեխնոլոգիական ձեռնարկատիրոջ, այլև որպես մեծ տեսլական ունեցողի, հանճարի։ Այդ ազդեցությունը քանակապես հնարավոր չէ գնահատել, բայց ակնհայտ է, որ այն տարածվում է շատ լիբերթար պահպանողականների, տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում ներգրավված շատ մարդկանց վրա, որոնք, իսկապես, երկրպագում են նրան»,- ասում է Սթեֆանի Էլիս Բեյքերը։

Չորեքշաբթի առավոտյան իր հաղթական ելույթում Թրամփն անդրադարձել է Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության հաջողությանը, երբ ստացվեց «որսալ» և վերականգնել հրթիռի ուժեղացուցիչը, ինչը թույլ կտա այն կրկին օգտագործել դեպի տիզերք մյուս թռիչքի ժամանակ։

«Հիանալի էր։ Զանգահարեցի Իլոնին, հարցրեցի՝ Իլոն, քո՞ ձեռքբերումն է։ Ասաց՝ այո։ Հարցրեցի՝ ուրիշ ո՞վ կարող է դրան հասնել։ Ռուսաստանը կարո՞ղ է։ Ո՛չ։ Չինաստանը կարո՞ղ է։ Ո՛չ։ Միացյալ Նահանգները կարո՞ղ է՝ քեզանից բացի։ Ո՛չ։ Ոչ ոք չի կարող այդ անել։ Ահա, թե ինչու եմ քեզ սիրում, Իլոն»,- ասել է Թրամփը։

Բեյքերի խոսքով՝ SpaceX-ի հաջողությունը համահունչ է «Ամերիկան կրկին հզոր դարձնենք» շարժման նպատակներին։

«Այդ ելույթում նա նաև անդրադարձավ «Ամերիկան կրկին հզոր դարձնենք» ուղերձի հիմքում ընկած գաղափարին, թե արդյոք ԱՄՆ-ն բացառիկ կարողություններով միակ երկիրն է։ Այո՛, մենք միակ երկիրն ենք, որ կարող ենք նման նվաճումներ գրանցել։ Այդպիսով, նա ի ցույց դրեց իր նպատակը, որ Ամերիկան պետք է կրկին ձեռք բերի իր գերիշխող համբավը։ Շատ է խոսվում անկում ապրող կայսրության մասին։ Թրամփն օգտագործում է Մասկի կերպարը ոչ միայն որպես տեխնոլոգիական ձեռնարկատիրոջ, այլև որպես մեծ տեսլական ունեցողի և հանճարի՝ ցույց տալով, որ նա առաջ է մղում ոչ միայն իրեն՝ որպես անհատ, այլև ողջ երկիրը»,- ասում է Բեյքերը։

Ինչ վերաբերում է Թրամփի հաղթանակի ազդեցությանը X-ի վրա, Բեյքերը կարծում է, որ հարթակը, հավանաբար, կաճի։

«Ազդեցությունը միայն կմեծանա։ Ազդեցիկ գործիչներն ավելի շատ են շփվում ու հաղորդակցվում միմյանց հետ այս հարթակում։ Հաշվի առնելով, որ նրանցից շատերի օգտահաշիվները կասեցվում կամ հեռացվում են այլ հանրաճանաչ սոցիալական հարթակներից, X-ը կշարունակի կարևոր դեր խաղալ այդ միջավայրում»,- եզրափակում է Սթեֆանի Էլիս Բեյքերը։