Վրաստանի վարչապետը սպառնում է արգելել ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը

Բողոքի ակցիա Թբիլիսիում։ Հոկտեմբերի 28, 2024թ․։

Վրաստանում սրված ներքաղաքական իրավիճակի ֆոնին՝ իշխող ուժը չի բացառում ընդդիմադիր կուսակցությունների արգելումը։

Հիշեցնենք՝ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ այս հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 54%-ը:

Երկրում սրված ներքաղաքական իրավիճակի ֆոնին՝ իշխող ուժը չի բացառում երկրում ընդդիմադիր կուսակցությունների արգելումը։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ չնայած իշխող ուժը խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն, ընդդիմադիր կուսակցությունների արգելքը հնարավոր է Վրաստանի սահմանադրական դատարան հայց ներկայացնելու միջոցով:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն (ձախ կողմում) և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին (աջ կողմում)։ Թբիլիսի, մայիսի 26, 2024թ․։

«Խոսքը սահմանադրական հայց ներկայացնելու մասին է, որի համար անհրաժեշտ է փոքր թվով պատգամավորների աջակցություն: Դա լիովին բավարար է։ Եթե նրանք շարունակեն գործել երկրի սահմանադրական կարգի դեմ, այդ դեպքում կարող ենք այս հարցը դիտարկել»,- հայտարարել է Կոբախիձեն՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների որոշմանը՝ հրաժարվել իրենց պատգամավորական մանդատներից։

Ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես հայտնի է, համոզված են, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունները կեղծվել են։

Հատկանշական է, որ «Վրացական երազանքը» դեռ նախընտրական շրջանում էր խոսում սահմանադրական մեծամասնություն ձեռք բերելու անհրաժեշտության մասին՝ «հանցագործ ընդդիմությանը», այդ թվում՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը արգելելու համար։

«Վրացական երազանքն» ու կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Սաակաշվիլու կուսակցությանը մեղադրում են 2008 թվականի ռուս-վրացական պատերազմին հանգեցրած քաղաքականության համար։ Իվանիշվիլին բազմիցս հայտարարել է, թե «պետք է վերացվեն այն ուժերը, որոնք երկրի և ժողովրդի թշնամիներն են»։

«Սկզբում սահմանադրական մակարդակով կարգելենք «Միացյալ ազգային շարժումը», ինչպես նաև նրա արբանյակ կամ ժառանգորդ կուսակցությունները՝ ճանապարհ բացելով նոր, առողջ քաղաքական ուժերի համար։ Այնուհետև, ռազմական հանցագործությունների պատճառով, յուրաքանչյուր դավաճան կպատժվի օրենքի ողջ խստությամբ»,– հայտարարել էր Իվանիշվիլին այս հոկտեմբերի սկզբին ընտրողների հետ հանդիպմանը։

Այդուհանդերձ, պաշտոնական արդյունքների համաձայն, «Վրացական երազանք» կուսակցությունը ընտրությունների արդյունքում ստացավ 150 տեղանոց խորհրդարանի 89 աթոռը, մինչդեռ սահմանադրական մեծամասնության համար անհրաժեշտ է 113 մանդատ: Նոր խորհրդարանում ընդդիմությանը պատկանում է 61 աթոռ, սակայն նրանք չեն ընդունում հոկտեմբերի 26-ի քվեարկության արդյունքները՝ պնդելով, թե ընտրությունները կեղծելով «Վրացական երազանքը» «գողացել է վրացի ժողովրդի ձայները»:

Իշխող ուժը ընդդիմության գործողությունները գնահատում է «ոչ կառուցողական»։ Վարչապետ Կոբախիձեի խոսքով՝ «ընդդիմությունն այսօր այնքան է թուլացել», որ այս փուլում լուրջ վտանգ չի ներկայացնում, թեև, ըստ նրա, ընդհանուր առմամբ, ընդդիմության վերացումը «լավ կլինի երկրի երկարաժամկետ կայուն զարգացման համար»։

Ընդդիմությունում, սակայն, վստահ են՝ նույնիսկ իշխող կուսակցության վերահսկողության տակ գտնվող դատարանի պայմաններում «Վրացական երազանքը» դժվար թե կարողանա հիմնավորել որևէ քաղաքական ուժի լուծարումը, և նման քայլով Բիձինա Իվանիշվիլու կուսակցությունը սոսկ փորձում է ճնշում գործադրել ընդդիմության նկատմամբ՝ ստիպելով ճանաչել նոր խորհրդարանի լեգիտիմությունը։

Հիշեցնենք, ԱՄՆ-ն ու Եվրամիությունը դեռ օգոստոսին արտահայտել էին իրենց «խորը մտահոգությունը»՝ կապված ընտրություններից հետո ընդդիմադիր կուսակցություններն արգելելու «Վրացական երազանքի» սպառնալիքի հետ։

«Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, դադարեցնել քննադատներին թիրախավորելը կամ այլ կարծիք ունեցողներին սահմանափակելը, և վերադառնալ ժողովրդավարության ու եվրատլանտյան ինտեգրման ուղի»,- հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Ի պատասխան՝ «Վրացական երազանքը» շարունակեց մեղադրել Արևմուտքին «երկակի ստանդարտների» մեջ՝ պնդելով, թե Ուկրաինայում, Մոլդովայում և հենց Եվրամիության երկրներում արգելվում են ընդդիմադիր կուսակցություններ, սակայն դա «նրանցից հեշտությամբ ներվում է»: «Վրացական երազանքը», անշուշտ, չէր մանրամասնել, որ բոլոր այդ երկներում քաղաքական ուժերը արգելվել էին օրենքնեը խախտելու համար։

Ուշագրավ էր Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի նոյեմբերի 14-ի ելույթը, երբ գործիչը մեջբերեց Ավետարանը՝ հայտարարելով, որ Արևմուտքը «ուրիշի աչքում փուշն է տեսնում, իսկ իր աչքում գերանը չի նկատում»։ Պապուաշվիլին նման կերպ մեկնաբանեց օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդագրությունները, ըստ որոնց՝ Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի որոշ պատգամավորներ պահանջել են արգելել ծայրահեղ աջ «Գերմանիայի այլընտրանք» կուսակցությունը, իսկ Փարիզի դատախազությունը առաջարկել ՝ հինգ տարով ազատազրկել Ֆրանսիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին՝ Եվրոպական խորհրդարանի միջոցները ոչ նպատակային օգտագործելու գործով։

Վրացական ընդդիմության բողոքի ակցիան երկրի խորհրդարանի շենքի առջև։ Թբիլիսի, հոկտեմբերի 28, 2024թ․։

«Վրացական երազանք» կուսակցությունը մեղադրում է Արևմուտքին իր նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի և ընդդիմությանը աջակցելու մեջ։ Կուսակցության նախընտրական քարոզարշավը հիմնված էր իշխող ուժի տարածած կեղծ պատումի՝ նարատիվի վրա, թե արտերկրից (ներառյալ ԱՄՆ-ից) ինչ-որ խորհրդավոր ուժեր իբր «ցանկանում են Վրաստանի մղել պատերազմելու Ռուսաստանի դեմ», և վրացական իշխանությունը՝ ի տարբերություն ընդդիմության, հրաժարվում է երկիրը տանել դեպի արյունահեղություն՝ «Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ»։ Ուստի, «պատերազմի կուսակցությունը» փորձում է ընդդիմության և ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով իշխանությունից հեռացնել «Վրացական երազանքին»։

ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները բազմիցս հերքել են այս մեղադրանքները՝ դրանք անվանելով սուտ։

Վրաստանի իշխող ուժի նման մոտեցումը հանգեցրեց Արևմուտքի հետ հարաբերությունների սրացմանը։ Վաշինգտոնը հայտարարեց երկկողմ հարաբերությունների վերանայման մասին, պատժամիջոցներ սահմանեց ավելի քան 90 վրաց պաշտոնյաների նկատմամբ և կասեցրեց ֆինանսական օգնությունը վրացական իշխանություններին։

Բացի այդ, ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգեց ամենամյա «Արժանի գործընկեր» զորավարժությունների անցկացումը Վրաստանում։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը նույնպես քննադատում է «Վրացական երազանքին», հայտարարեց, թե ամերիկյան կողմի նման արձագանքը սպասելի էր՝ հաշվի առնելով վրաց կառավարության քայլերը։

Ինչևէ, «Վրացական երազանքի» ներկայացուցիչները չեն թաքցնում, թե հույս ունեն բարելավել ԱՄՆ հետ հարաբերությունները նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման օրոք։ Վրաստանի վարչապետը, շնորհավորելով Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ «նախագահ Թրամփի առաջնորդությունը կօգնի աշխարհում և մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և կապահովի ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների վերականգնումը»։