Ի՞նչ ներգաղթի քաղաքականություն է վարելու Թրամփի վարչակազմը

ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նոյեմբերի 5, 2024թ․։

ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական օրակարգում ներգաղթին վերաբերող հարցերն առանցքային տեղ էին զբաղեցնում։

Հանրապետականների թեկնածուն խոստանում էր իր պաշտոնավարման առաջին օրն իսկ «աննախադեպ կարգուկանոն» հաստատել ԱՄՆ հարավային սահմանին ու ձեռնամուխ լինել ապօրինի ներգաղթյալների զանգվածային արտաքսմանը:

Ընտրություններին նախորդած ամիսներին Թրամփը՝ ԱՄՆ-ում ներգաղթի առնչությամբ ստեղծված իրավիճակն անվանում էր «ճգնաժամ»՝ նշելով, թե շտապ քայլեր է ձեռնարկելու այդ ուղղությամբ:

«Պատրաստվում ենք կարգի բերել մեր սահմանները։ Ցանկանում ենք, որ մարդիկ ժամանեն, բայց մե՛նք պետք է թույլ տանք, որ նրանք ժամանեն: Նրանք պետք է օրինակա՛ն կերպով ժամանեն»,- այս երեքշաբթի՝ ընտրություններից հետո Ֆլորիդայում ունեցած ելույթում նշել է Դոնալդ Թրամփը:

Հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս է իրականացնելու իր «զանգվածային արտաքսումը» ԱՄՆ նոր նախագահը, քանի որ միլիոնավոր մարդկանց վտարումը ահռելի իրավական ջանքեր ու նյութատեխնիկական ռեսուրսներ է պահանջում:

Your browser doesn’t support HTML5

Ի՞նչ ներգաղթի քաղաքականություն է վարելու Թրամփի վարչակազմը

«Առկա է պատկերացում, որ մարդիկ պետք է հերթ կանգնեն: Հաճախ նման հերթ գոյություն չունի»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Հրեա ներգաղթյալներին օգնության ցուցաբերման միության (Hebrew Immigrant Aid Society) գործադիր տնօրեն Մարկ Հեթֆիլդը:

Միգրացիոն քաղաքականության ինստիտուտի զեկույցում նշված է նույն խնդրի մասին, թե առկա են տարատեսակ վիզաներ, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է որոշակի ժամանակահատված և ունի իր հերթը:

ԱՄՆ կառավարության հաստատած ներգաթյալների տարեկան սահմանաչափերի և երկրներին հատկացված քվոտաների պատճառով շարունակ ձգձգումներ ու հերթեր են, ընդ որում որոշ դիմորդներ սպասում են տասնամյակներ:

Բացի այդ, ԱՄՆ ներգաղթել ցանկացող բազմաթիվ մարդիկ ուղղակի կարող են դուրս մնալ հերթերից, քանի որ սահմանափակումներ կան՝ ներգաղթի վիզա ստանալու նպատակով կրկին դիմելու համար:

1996 թվականին ընդունված անօրինական ներգաղթի բարեփոխման և ներգաղթյալների պատասխանատվության մասին օրենքը արգելում է ԱՄՆ-ում «ապօրինի ներկայության» պատմություն ունեցող ներգաղթյալների մուտքը, եթե նրանք լքում են երկիրը, բայց ցանկանում են կրկին՝ օրինական ճանապարհով մուտք գործել Միացյալ Նահանգներ։ 180 օրից մինչև մեկ տարի ԱՄՆ-ում ապօրինի մնացած ներգաղթյալների համար գործում է 3 տարվա արգելք, իսկ մեկ տարուց ավելիի դեպքում՝ 10 տարվա արգելք։

Ապօրինի ներկայություն նշանակում է ԱՄՆ-ում մնալ թույլատրված ժամկետից ավելի կամ ԱՄՆ մուտք գործել առանց սահմանային ստուգման։


Արդյո՞ք մեզ սպասում է ԱՄՆ պատմության ընթացքում արտաքսման ամենամեծ արշավը

Թրամփը խոստացել է ավելի շատ մարդ արտաքսել ԱՄՆ-ից, քան անգամ իր պաշտոնավարման առաջին ժամկետում էր։

Անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու, երկրից նրանց վտարելու համար ԱՄՆ Ազգային գվարդիան օգտագործելու ծրագրի մասին Թրամփն ասել է, թե կարող է հիմնվել դեռ 18-րդ դարում ընդունված՝ «Օտար թշնամիների մասին» օրենքի վրա, որը թույլ է տալիս նախագահին արտաքսել Միացյալ Նահանգների քաղաքացի չհանդիսացող և այն երկրների քաղաքացիներին, որոնք թշնամաբար են տրամադրված ԱՄՆ նկատմամբ:

ԱՄՆ-Մեքսիկա սահման։ Օգոստոսի 29, 2023թ․։

Ըստ հայտարարությունների՝ Թրամփը նպատակ ունի կտրուկ կրճատել փաստաթղթեր չունեցող մարդկանց թիվը, ինչը նրա կողմնակիցները համարում են կարգուկանոնի վերականգնմանն ուղղված քայլ, թեև հակառակորդները պնդում են, որ այն կհանգեցնի դատական բազմաթիվ գործընթացների և կպահանջի նյութատեխնիկական հսկայական ռեսուրսներ:

Ամերիկյան ներգաղթի խորհրդի (American Immigration Council) գործադիր տնօրեն Ջերեմի Ռոբինսը «Ամերիկայի ձայնին» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ եթե ԱՄՆ նախագահները ընտրեն զանգվածային արտաքսման ճանապարհը, այն լրացուցիչ ահռելի ծախսեր կստեղծի պետբյուջեի համար՝ վնաս հասցնելով նաև երկրի տնտեսությանը:

«Կարևոր է, որ քաղաքականություն մշակողները և ամերիկյան հասարակությունը հասկանան, թե ինչ է այդ նշանակում՝ հարկատուների տասնյակ միլիարդավոր դոլարների [վատնում], հարված արդյունաբերությանը [քանի որ զրկվում ենք աշխատուժից], միլիոնավոր մարդիկ կհայտնվեն կալանքի տակ, կլինեն քայքայված հազարավոր ընտանիքներ, ինչը կառաջացնի քաոս ողջ երկրում»,- ընդգծել է Ռոբինսը։


Ճամփորդության արգելք և ծննդյան իրավունքով քաղաքացիությունից զրկում

Ակնկալվում է, որ «Մնա Մեքսիկայում» ծրագիրը (Remain in Mexico Program), որը սկիզբ էր դրվել Թրամփի առաջին նախագահության օրոք, կթարմացվի: Ծրագրի համաձայն՝ ապաստան փնտրող միգրանտները պետք է սպասեն Մեքսիկայում, մինչ իրենց գործերը կքննվեն: Ակնկալվում է նաև, որ կարդիականացվեն միգրանտներին ԱՄՆ-ից արագացված կարգով վտարելու և ամերիկա-մեքսիկական սահմանին ապօրինի ներգաղթյալների հոսքը զսպելու միջոցառումները:

Այս տարվա նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփը նաև խոստացել էր հետ կանչել Բայդենի վարչակազմի օրոք ի հայտ եկած այն նախաձեռնությունները, որոնք թույլ են տալիս միգրանտների որոշակի խմբերի օրինական մուտք գործել ԱՄՆ: Նախագահ Ջո Բայդենի օրոք թույլատրված էր չորս երկրներից՝ Կուբայից, Հաիթիից, Նիկարագուայից և Վենեսուելայից, ամսական մինչև 30 հազար միգրանտների ժամանել ԱՄՆ, եթե նրանք բավարարում են որոշակի պայմաններ: Թրամփը խոստացել է վերջ դնել այս տարբերակին։

Նպատակ ունենալով ընդլայնել ԱՄՆ մուտք գործողների նկատմամբ վերահսկողությունը՝ Թրամփը խոստացել է երկարաձգել ճամփորդական արգելքները և ընդլայնել այդ արգելքի ներքո ընկած երկրների ցանկը, բացի այդ կիրառել «գաղափարական զննում»՝ արգելելու այն անձանց, ում Դոնալդ Թրամփն անվանում է «վտանգավոր խելագարներ ու մոլագարներ»։

ԱՄՆ ընտրյալ նախագահի նախընտրական թիմի ներկայացմամբ՝ նման քայլերը կամրապնդեն ԱՄՆ ազգային անվտանգությունը, թեև մտահոգություն է առաջանում խտրական վերաբերմունքի և քաղաքացիական ազատությունների առնչությամբ:

Թրամփը նաև ասել է, թե ծրագրում է դադարեցնել ԱՄՆ-ում ապօրինի կերպով գտնվող ծնողներից ծնված երեխաներին ծննդյան իրավունքով տրված քաղաքացիությունը, ինչը նշանակում է առնվազն վերաիմաստավորել ԱՄՆ սահմանադրության 14-րդ փոփոխությունը, ըստ որը Միացյալ Նահանգներում ծնված որևէ մեկը ստանում է ԱՄՆ քաղաքացիություն։ Նման քայլը, դիտորդների խոսքով, կհանգեցնի դատական բազմաթիվ գործընթացների։

Թեև ներգաղթի հարցում Դոնալդ Թրամփի ծրագրերն ունեն մեծաքանակ աջակիցներ, սակայն փաստաբանական բազմաթիվ խմբեր և իրավական հարցերով փորձագետներ պնդում են, որ զանգվածային արտաքսումները և ճանապարհորդելու արգելքները կարող են հանգեցնել մարդու իրավունքների խախտումների և առաջացնել դատական մեծաքանակ գործեր:

Մարկ Հեթֆիլդը հավելում է, թե մտահոգ են նաև՝ ի՞նչ քաղաքականություն է որդեգրելու Թրամփի նոր վարչակազմը օրինական ներգաղթի հարցում:

«Մենք, ամենայն հավանականությամբ, կդիմենք դատարան, եթե նա փորձի փակել [փախստականների] ծրագիրը և ձեռնարկել ավելորդ քայլեր: … Բայց նախագահը մեծ լիազորություններ ունի, երբ խոսքը վերաբերում է փախստականների ծրագրին»,- նշում է Հեթֆիլդը:

ԱՄՆ-ում ներգաղթյալ երիտասարդներին միավորող ամենից մեծ կազմակերպության՝ United We Dream-ի, քաղաքական հարցերով տնօրեն Միշել Մինգը վճռական է՝ իրենք պատրաստ են պաշտպանել ներգաղթյալ ընտանիքներին, նրանց հիշեցնել իրենց իրավունքների մասին։

«Երբ Թրամփը ստանձնի պաշտոնը, պատրաստվում ենք նրան հիշեցնել, որ մենք այստեղ ենք՝ պայքարելու ցանկացած տեսակի քաղաքականության դեմ, որը նա փորձում է իրականացնել՝ վնասելու մեր համայնքները»,- ասել է Մինգը: