Հայոց ցեղասպանություն եզրի օգտագործման համար փակված թուրքական ռադիոկայանը բողոքարկում է որոշումը 

Օմեր Մադրան՝ անկախ ռադիոկայան Acik Radyo-ի համահիմնադիրն ու գլխավոր խմբագիրը, իր գործընկերների հետ` ռադիոկայանի դիմաց Ստամբուլում, Թուրքիա, մամուլի ասուլիսից հետո, 2024 թվականի հոկտեմբերի 16, REUTERS/Murad Sezer

Թուրքիայում Acik Radyo ռադիոկայանի ունկնդիրները բողոքում են այն բանից հետո, երբ կարգավորող մարմինները չեղարկել են Ստամբուլում հիմնված ռադիոկայանի արտոնագիրը: Մոտ 30 տարի Acik-ը ձգտում էր կամուրջ դառնալ երկրի բաժանարար գծերի միջև: Վերլուծաբաններն ասում են, որ դրա դեմ քայլն ընդհանուր կառավարության կողմից մեդիա ճնշումների մաս է կազմում:

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում ունկնդիրները բարձրաձայնում են իրենց բողոքը՝ Acik Radyo ռադիոկայանին հեռարձակումից զրկելու կապակցությամբ: Ռադիոկայանը բաց հարթակ էր և բազմակարծության կարևոր կենտրոն, որն էլ, ըստ բողոքողների, անկախ ռադիոկայանին բացառիկ դեր էր տալիս Թուրքիայի մեդիա դաշտում: Էլիֆ Ունալն ու Մեթե Աթաթուրը ռադիոկայանի երկու ունկնդիրներից են, որոնք միացել էին շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ցույցին։

Your browser doesn’t support HTML5

«Հայոց ցեղասպանություն» եզրի կիրառման համար փակված Ստամբուլի ռադիոկայանը շարունակում է պայքարել վերաբացման համար

«Acik Radyo-ն կարևոր է, քանի որ այն մշակութային կենտրոն է քաղաքական աջակից բազմաթիվ կազմակերպությունների, ՀԿ-ների, ակտիվիստների համար»,- ասում է Acik Radyo-ի ունկնդիր Էլիֆ Ունալը:

«Մի կողմից, իհարկե, սա շոկային է, մյուս կողմից, զարմանալի չէ՝ հաշվի առնելով, ինչ ուղղությամբ է ընթանում ողջ երկիրը: Կարծում եմ՝ կա ավելի քիչ ազատ խոսք, և ավելի շատ ճնշում»,- շում է Acik Radyo-ի ունկնդիր Մեթե Աթաթուրը:

Թուրքիայի մեդիա կարգավորող մարմինը՝ RTUK-ը, չեղարկել է ռադիոկայանի լիցենզիան՝ պնդելով, որ այն չի ենթարկվել ավելի վաղ տուգանքի և կասեցման որոշմանը:

Այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ մի հյուր 1915 թ.-ին Օսմանյան կայսրության տարածքում հայերի ցեղասպանության մասին խոսելիս կիրառել է «ցեղասպանություն» եզրը: RTUK-ը նշել է, որ այդ մեկնաբանությունը հանրային ատելություն էր տարածում:

Մինչ Acik Radyo-ն վճարում էր տուգանքը, այն չէր դադարեցրել իր հեռարձակումները՝ նշելով, որ իրենք վիճարկում են նախնական որոշումը դատարանում:

Վերլուծաբանները համարում են կարգավորիչ մարմնի անցած ամսվա որոշումը որպես ավելի լայն միտման մաս:

«Այս որոշումը հատկապես մտահոգիչ է մեդիա բազմակարծության վերացման և մնացած փոքրամասնությունների ձայների թուլացման առումով և նպատակ ունի հասարակությանը պարտադրել մեկ պաշտոնական տեսակետ»,- ասում է Էրոլ Օնդերօղլուն՝ «Լրագրողներ առանց սահմանների» Թուրքիայի ներկայացուցիչը:

1995 թ. իր մեկնարկից ի վեր Acik Radyo-ն ձգտում է կամուրջ դառնալ Թուրքիայի խորը սոցիալական և քաղաքական բաժանարար գծերի միջև՝ կամավորների միջոցով ստեղծելով ու ներկայացնելով սոցիալական և մշակութային հաղորդումներ, որոնք ներկայացնում են երկրի բազմազանությունը, ներառյալ փոքրամասնություններին:

«Ռադիո Աղոս»-ի հաղորդավար Յետվարտ Դանցիկյանը նշում է, որ ռադիոկայանը հարթակ էր Թուրքիայի հայկական փոքրամասնության համար:

«Մենք փորձել ենք լսելի դարձնել ոչ միայն հայկական համայնքի, այլև բոլոր մյուս փոքրամասնությունների՝ հունական, հրեական և ասորական համայնքների ձայները: Acik Radyo-ն արդեն իսկ բաց է բազմաթիվ ձայների համար, սակայն մենք փորձում էինք մեր հաղորդման մեջ ներկայացնել նույնիսկ ավելի անհայտ ձայներ»,- նշում է «Ռադիո Աղոս»-ի հաղորդավար Յետվարտ Դանցիկյանը:

Ռադիոկայանի լայն տարածումը տեսնելով՝ ունկնդիրներն ու աջակիցները հավաքվել են բողոքելու լիցենզիայի չեղարկման դեմ:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները աջակցում են ռադիոկայանին, և շատերը սա համարում են կառավարության՝ մեդիայի վրա վերահսկողությունը խստացնելու հերթական քայլ: Acik Radyo-ն որոշել է պայքարել:

Ռադիոկայանի համահիմնադիր Օմեր Մադրան ասում է. «Թուրքիայում ընդհանուր մթնոլորտը գնալով ավելի ճնշող է դառնում: Սակայն մենք վճռական ենք շարունակելու մեր պայքարը, և մենք ստացանք մեծ աջակցություն երկրի բոլոր շրջաններից»,- պնդում է Acik Radyo-ի համահիմնադիր Օմեր Մադրան:

Acik Radyo-ն վիճարկում է իր արգելքը դատարանում և ձգտում շարունակել օնլայն հեռարձակումը: Սակայն դրա համար նույնպես լիցենզիա է պահանջվում: