Թրամփի ու Հարիսի նախընտրական թիմերը պատրաստվում են հնարավոր դատական գործընթացներին՝ ընտրություններից հետո

ԱՄՆ նախագահական ընտրություններ

Երեքշաբթի ամերիկացիները քվեարկությամբ որոշելու են, թե ով է լինելու Սպիտակ տան ղելավարը հաջորդ չորս տարիներին: Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի միջև ընտրապայքարը հասել է գագաթնակետին, և մրցակիցների թիմերը պատրաստվում են նաև հնարավոր դատական գործընթացներին, որոնք կարող են ի հայտ գալ ընտրություններից հետո

Այս տարի՝ ավելի վաղ, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը լրատվամիջոցներին հայտարարել էր, որ եթե նոյեմբերի 5-ի նախագահական ընտրությունների արդյունքները, նրա բնորոշմամբ, լինեն «ազնիվ, արդար և ազատ», ինքը կընդունի դրանք:

Ընտրական հանձնաժողովների ներկայացուիցչները վստահ են՝ քվեարկության գործընթացը կլինի արդար, ազատ և թափանցիկ:

Սակայն նախկին նախագահն չի թաքցնում իր անհանգստությունը, թե իր քաղաքական հակառակորդները կարող են դիմել խարդախության:

«Եթե կարողանանք խարդախությունների դեմն առնել, որովհետև դրանք լինելու են, ապա կունենանք մեծ հաղթանակ»,- հայտարարել է Թրամփը։

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ում նախագահական սուր ընտրապայքարին կարող են հաջորդել դատական գործընթացներ

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը NBC-ի հետ զրույցում արձագանքել էր, որ իր թիմը պատրաստ է, եթե Թրամփը պարտվի ու փորձի չեղարկել ընտրությունների արդյունքները:

«Մենք կզբաղվենք այդ հարցերով, եթե դրանք ծագեն՝ ընտրությունների գիշերը կամ հաջորդող օրերին: Ունենք համապատասխան ներուժ և փորձառություն՝ այդ ուղղությամբ գործելու»,- ասել է Հարիսը։

Հանրապետականների Ազգային կոմիտեն տատանվող նահանգներում նախաձեռնել է «Ընտրական բարեխղճության ծրագիրը»: Կազմակերպության իրավաբանները ավելի քան հարյուր դատական գործեր են հարուցել ընտրական կանոնների խախտման կասկածանքով, սակայն շատերը դատարաններում ձախողվել են:

Դեմոկրատները նույնպես ձեռնարկել են իրավական քայլեր, ներառյալ՝ կանխելու Ջորջիա նահանգում ընտրությունների արդյունքների հաստատման հնարավոր հետաձգումը:

Դիտորդների խոսքով՝ նման սուր նախագահական ընտրապայքարում իրավական գործընթացները սպասելի են, և հավելում են՝ մեծ մասը տեղի կունենան տատանվող նահանգներում:

«Ընտրատեղամասերում հաճախ հանդիպում ենք վիճելի հարցերի, թե արդյոք քվեաթերթիկները պատշաճ են հաշվարկվել: Ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում... կարող են լինել վիճելի հարցեր, թե արդյոք որոշ ընտրողներ իրավունք ունեին ընտրել և արդյոք նրանց քվեաթերթիկները պետք է հաշվարկվեն»,- նշում է Երկկուսակցական քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Մայքլ Թորնինգը:

Սակայն յուրաքանչյուր ոք, ով կբարձրաձայնի խարդախության մասին, պետք է ապացույցներ ներկայացնի՝ ընդգծում են իրավաբանները։

«Փաստաբաններ՝ զգույշ արտահատվեք։ Համոզվե՛ք, որ կարող եք ապացուցել ձեր պնդումները, հակառակ դեպքում կարող եք ենթարկվել պատժի, ինչպես տեսանք 2020 թվականին»,- նշում է «Պահպանեք մեր հանրապետությունը» կազմակերպության անդամ Ռոբերտ Գրասին։

Օրինակ՝ Թրամփի նախկին փաստաբան Ռուդի Ջուլիանին զրկվեց փաստաբանական գործունեություն ծավալելու իրավունքից, քանի որ տարածել էր անհիմն պնդումներ, թե 2020 թվականի ընտրությունները կեղծված են:

Իրավական գործընթացները կարող են դանդաղեցնել նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը: Բայց եթե երեքշաբթի երեկոյան արդյունքները լինեն ակնհայտորեն որևէ թեկնածուի օգտին, ըստ դիտորների, մյուս կողմին դժվար կլինի վիճարկել այն: