Ի սկզբանե տարօրինակ թվաց, որ այս թեման տեղ է գտել գլխավորապես տեղական նորություններին անդրադարձող ամերիկյան կայքում։ Նման հրատարակությունները, սովորաբար, խուսափում են միջազգային թեմաներից։
Իրականում, ինչպես պարզվեց, «Հիտլերի շքերթային ավտոմեքենան ձեռք է բերել Ուկրաինայի նախագահ Զելենսկին» վերտառությամբ նյութը ռուսական քարոզչության կողմից տարածվող հերթական ֆեյքն է։
Մյուս կողմից, պարզվեց Seattle Tribune անվանումով լրատվամիջոց գոյություն չունի։ Գոյություն ունի կայք, որը փորձում է հանդես գալ որպես լրատվամիջոց, իսկ Ուկրաինայի մասին հերթական հրապարակումը դասվում է ռուսական ապատեղեկատվական ցանցի կողմից առաջ մղվող պատումների շարքին՝ ի թիվս Ուկրաինայում տիրող «նացիզմի», «կոռուպցիայի» և թե ինչպես է «Կիևը վատնում ամերիկյան օգնությունը»։
Your browser doesn’t support HTML5
Ըստ հրապարակման՝ Զելենսկուն, իբր, «նկատել են» Կիևում Mercedes-Benz 770K Grosser Offener Tourenwagen-ից դուրս գալիս, որը Ադոլֆ Հիտլերի շքերթային մեքենան է, և Ուկրաինայի նախագահին, իբր, նկատել են այդ մեքենայի հետ նրա՝ Վաշինգտոնից վերադառնալուց մի քանի օր անց, որտեղ ամերիկյան իշխանությունները բազմամիլիարդանոց օգնության նոր փաթեթ հատկացրեցին Կիևին։
Նյութում հրապարակված է «Реальна Війна» ուկրաինական տելեգրամյան ալիքի գրառման սքրինշոթը՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի շենքի դիմաց իբր կայանված ավտոմեքենայի լուսանկարով։
Ի՞նչ ցույց տվեց հրապարկման ուսումնասիրությունը
Նախ՝ պարզվեց, որ «Реальна Війна»-ն նման գրառում չի կատարել, որը ներկայացված էր սքրինշոթի տեսքով։ Պարզվեց նաև՝ ավտոմեքենայի լուսանկարը տարբեր պատկերներից կազմված մոնտաժ է։ Մասնավորապես, Tourenwagen-ի պատկերը գողացված է համացանցում տարածված լուսանկարից, որը թվային խմբագրման միջոցով արտապատկերվել է նախագահի աշխատակազմի շենքի լուսանկարին։
«Ամերիկայի ձայնը» պարզել է, որ համացանցում լայնորեն տարածված այդ լուսանկարի ռակուրսը, մեքենայի դռան տակ ասֆալտի վրայի սև բիծը, դիմապակու ու մեքենայի առաջնամասի վրա առկա այդ թվում ծառերի արտացոլանքը լիովին համապատասխանում են «Հիտլերի մեքենան Կիևում» ֆեյք լուսանկարին։
Հաջորդը՝ հայտնի դարձավ, որ Seattle Tribune կայքը գրանցվել է այս տարվա հոկտեմբերի 3-ին՝ կեղծ նյութի հրապարակումից ընդամենը օրեր առաջ, և գրանցվել է մեկ տարով։
Seattle Tribune-ը, ըստ երևույթին, պատկանում է ապատեղեկատվական կայքերի ցանցին, որը վերահսկվում է Ռուսաստանում բնակվող ամերիկացի Ջոն Մարկ Դուգանի կողմից։ Այս մասին X սոցցանցում գրել է BBC Verify-ի լրագրող Շայան Սարդարիզադեն, որը զբաղվում է տեղեկատվության ստուգմամբ և ֆեյքերի հերքմամբ։ Սարդարիզադեի խոսքով՝ տեղական լրատվական կեղծ կայքերի ստեղծումը Դուգանի ստանդարտ մոտեցումն է։
Քրեական հետապնդումից խույս տալու համար՝ Դուգանը ԱՄՆ-ից փախել է Ռուսաստան, որտեղ քաղաքական ապաստան է ստացել։ NewsGuard մեդիա կազմակերպության 2024 թվականի մայիսին հրապարակած հետաքննության համաձայն՝ Դուգանը վերահսկում է առնվազն 167 ապատեղեկատվական կայքերից բաղկացած ցանց։
Ավելի վաղ նրա կայքերը կեղծիք էին տարածել այն մասին, թե ինչպես է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայան իբր ձեռք բերել Bugatti սուպերքար՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ, որտեղ մեկնել էր հարգանքի տուրք մատուցելու 1944 թվականին Նորմանդիայում ափհանմանը մասնակցած հակահիտլերյան կոալիցիայի զորքերի հիշատակին։ Այդ հոդվածը, ըստ երևույթին, նախատեսված էր արևմտյան լսարանի համար։ Մինչդեռ, այս մեկը՝ հիմնականում տարածվում է ռուսական տեղեկատվական դաշտում։
Դուգանը «Ամերիկայի ձայնին» հայտնել է, որ տեղյակ չէ Seattle Tribune կայքի մասին։ «Երբեք չեմ լսել դրա մասին։ Բայց փնտրեցի և իմացա, որ այնտեղ շատ օգտակար տեղեկություններ կան։ Լրագրողական ազնվության իսկական հենասյուն է՝ NYT թերթի և CNN ու MSNBC հեռուստաալիքների հետ հավասար»,- գրել է նա։
Ինչպես հաճախ լինում է «որակյալ» ֆեյքերի պարագայում, Զելենսկու կողմից Հիտլերի մեքենան ձեռք բերելու կեղծիքը մեկտեղվել է ԱՄՆ-ում նմանատիպ մեքենայի վաճառքի մասին իրական պատմության հետ։
Տեղեկատվությունը վերցված է Seattle Times (ոչ թե Tribune) ամերիկյան իրական պարբերականից։ Սիեթլ քաղաքում գոծող այդ լրատվամիջոցը դեռ 2018 թվականի փետրվարին հաղորդել էր, որ մեքենան աճուրդի է հանվել Արիզոնայի Սքոթսդեյլ քաղաքում։ Այն ժամանակ այն չի հաջողվել վաճառել, սակայն որոշ ժամանակ անց ավտոմեքենան, այնուամենայնիվ, գտել է իր գնորդին։
Դրանից հետո «Հիտլերի մեքենան» կարճ ժամանակով հայտնվել էր Սիեթլի՝ մեծահարուստների Մեդինա արվարձանում, որտեղ այն գրավել էր տեղի բնակիչներից մեկի ուշադրությունը, ով մեքենայի մասին պատմել էր Seattle Times-ին։ Ավելի ուշ մեքենան, հավանաբար, բարձել են բեռնատարի վրա ու տարել։
Seattle Times-ի հարցմանն ի պատասխան՝ աճուրդը կազմակերպող Worldwide Auctioneers ընկերության տնօրեն Ռոդ Էգանը (նրա անունը հիշատակվում է նաև Seattle Tribune կայքի ֆեյք հոդվածում) հրաժարվել է բացահայտել մեքենայի գնորդի անունը՝ հղում անելով տեղեկատվության գաղտնիության և չբացահայտման մասին համաձայնագրին։
Այնուամենայնիվ, Էգանը նշել է, որ մեքենայի առաքման վերջնական նպատակակետը «շատ, շատ հեռու» էր՝ ԱՄՆ սահմաններից դուրս։
Ի դեպ, Seattle Times-ի հոդվածում մեջբերվում է նաև հնաոճ մեքենաների գերմանացի վաճառողի խոսքն այն մասին, որ 2009 թվականին նմանատիպ վեց մեքենա է ձեռք բերվել ռուս միլիարդատիրոջ կողմից։ Դրանց թվում է եղել նաև կեղծ նյութում հիշատակված ավտոմեքենան։