Եվրոպայում մտահոգված են` Թրամփի հնարավոր վերադարձի կապակցությամբ

ԵՄ անդամ երկրների առաջնորդներ

Եվրոպան պատրաստվում է Սպիտակ տուն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր վերադարձին, չնայած ընտրապայքարոմ տակավին անորոշություն է: Բազմաթիվ եվրոպացիներ կարծում են, որ ամերիկյան այս ընտրությունների արդյունքում կարող է շատ բան վտանգվել

Բազմաթիվ եվրոպացիներ բացասաբար են հիշում Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակը:

Օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և նրա ամերիկացի գործընկերոջ միջև սկզբնական շրջանում հաստատված բարեկամական հարաբերությունները շուտով սառեցին: Լարվածությունն աճեց առևտրի, Իրանի, կլիմայի փոփոխության և ՆԱՏՕ-ի նկատմամբ Թրամփի մոտեցման պատճառով:

Դոնալդ Թրամփը խոստանում է իշխանության վերադառնալու դեպքում կտրուկ ավելացնել մաքսատուրքերը Եվրոպայի համար, բանակցային ճանապարհով վերջ տալ ուկրաինական պատերազմին, դադարեցնել Կիևին ցուցաբերվող աջակցությունը, և այս ամենը, հասկանալի է, եվրոպացի առաջնորդները չեն կարող ողջունել:

Your browser doesn’t support HTML5

Հունգարիայի վարչապետ Օրբանը խոստացել է շամպայնով տոնել Թրամփի հաղթանակը ընտրություններում

«Առկա է ընկալում, որ նա ավելի արմատական է ու վտանգավոր: Իհարկե, գոյություն ունի Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի ապագայի հարցը, պաշտպանության, համերաշխության խնդիրը, Ռուսաստանի հարցը»,- ասում է ֆրանսիացի քաղաքական վերլուծաբան Նիկոլ Բախարանը:

Ըստ տեղեկությունների՝ Եվրամիության առաջնորդները անգործ նստած չեն և նախապատրաստվում են Թրամփի հնարավոր երկրորդ նախագահության օրոք Եվրոպայի համար բացասական ազդեցության մեղմացմանը:

Բայց Հին աշխարհում պարզ մարդիկ անհանգստացած են:

«Թրամփը վախեցնում է մեզ, քանզի տարածում է ատելություն, ստում է, և զգում ենք, որ բռնապետի հակում ունի»,- անկեղծանում է ֆրանսիացի թոշակառու Հերվե Վիլլեմոնտը:

Ըստ դիտորդների՝ եվրոպացիները հիմնականում աջակցում են դեմոկրատ թեկնածու, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին՝ հույս տածելով, որ նա կշարունակի նախագահ Ջո Բայդենի՝ անդրատլանտյան կապերը խորացնելու քաղաքականությունը: Բայց մյուս կողմից, չի բացառվում, որ այդ կապերը կարող են թուլանալ՝ անկախ նրանից, թե ով կընտրվի ԱՄՆ հաջորդ նախագահ, քանի որ ամերիկյան առաջնահերթությունները փոխվում են:

«Կարծում եմ՝ Հարիսի հաղթանակը թեթևություն կբերի Եվրոպային։ Նկատել ենք նաև, որ Հարիսի քարոզարշավի ընթացքում լրջորեն անդրադարձ չի կատարվում [ԱՄՆ] արտաքին քաղաքական հարցերին, ուստի նա որոշ առումով անհայտ գործիչ է բազմաթիվ եվրոպացիների համար»,- նկատում է German Marshall Fund-ի վերլուծաբան Գեսինե Վեբերը։

Իր նկատմամբ քննադատաբար տրամադրված եվրոպացիների կողքին՝ Թրամփը, սակայն, ունի նաև աջակիցներ՝ ավտորիտար հակումներ ունեցող գործիչներ: Օրինակ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, թե ընտրություններում Թրամփի հաղթանակը տոնելու է շամպայնով։

Եվրոպայի պոպուլիստական, աջակողմյան քաղաքական շրջանակներում դրական արձագանք են ստանում Թրամփի ազգայնական, ներգաղթի հարցում կոշտ մոտեցումները:

«Ինձ անհանգստացնում է ժողովրդավարության հարցը, քանզի եթե Թրամփը հաղթի այս ընտրություններում, այն դոմինոյի էֆեկտ կունենա ողջ Եվրոպայում»,- նշում է Փարիզում բնակվող պորտուգալուհի Քարոլինա Սանտոն:

Որոշ դիտորդներ հակված են կարծել, որ Թրամփի հերթական նախագահությունը կարող է, իրականում, սթափեցնել Եվրոպային՝ հարկադրելով ամրապնդել սեփական ռազմական և տնտեսական կարողությունները, մի բան, որը քննադատների խոսքով, Եվրամիությունը պետք է աներ տարիներ առաջ: