Ներգաղթյալ ԱՄՆ քաղաքացիների դերը նախագահի ընտրություններում

ԱՄՆ այս նախագահական ընտրություններ

Ներգաղթյալները կազմում են ԱՄՆ այս նախագահական ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող ամերիկացիների տասներորդ մասը: «Ամերիկայի ձայնը» փորձել է պարզել՝ ի՞նչ ազդեցություն նրանք կարող են ունենալ ընտրությունների ելքի վրա:

Ներգաղթի թեման 2024 թվականի նախագահական ընտրությունների օրակարգի հիմնական կետերից է։ Ըստ տարբեր սոցհարցումների՝ ամերիկացիների մոտ մեկ երրորդը այն համարել է երկրի առջև ծառացած առաջնային խնդիր: Սակայն ներգաղթին առնչվող աճող մտահոգությանը զուգահեռ՝ ԱՄՆ-ում ռեկորդային թվով ընտրողներ հենց ներգաղթյալներ են:

2022 թվականի դրությամբ Միացյալ Նահանգների բնակիչներից 46 միլիոնը կամ ընդհանուրի շուրջ 14%-ը ծնվել էին օտար երկրներում, և այս թվերը ամենից մեծն են 1920 թվականից ի վեր:

Pew Research Center-ի համաձայն՝ նրանցից մոտ 23 միլիոնն իրավունք ունի քվեարկել՝ կազմելով ընտրելու իրավունք ունեցող ամերիկացիների մոտ տասներորդ մասը:

Your browser doesn’t support HTML5

Ներգաղթյալ ԱՄՆ քաղաքացիների դերը նախագահի ընտրություններում

Միգրանտները ժամանում են ողջ աշխարհից: Առաջինը Մեքսիկան է, որտեղից ժամանածները կազմում են մոտ 3,5 միլիոն կամ ընդհանուր ներգաղթածների 16%,-ը որին հաջորդում են Ֆիլիպինները, Հնդկաստանը, Չինաստանը և Վիետնամը, որտեղից, ընդհանուր առմամբ, ԱՄՆ է տեղափոխվել 4,6 միլիոն մարդ:

Բայց եթե ասիացի և իսպանախոս ներգաղթյալները կազմում են ընտրելու իրավունք ունեցող ներգաղթյալների մոտ մեկ երրորդը, ընտրելու իրավունք ունեցող իսպանախոսների միայն մեկ քառորդն է ծնվել ԱՄՆ-ից դուրս, մինչդեռ քվեարկելու իրավունք ունեցող ասիական ծագմամբ ամերիկացիների ավելի քան երկու երրորդն է ծնվել արտերկրում:

Սպիտակ ներգաղթյալների տեսակարար կշիռը ժամանակի ընթացքում նվազել է, չնայած 2022 թվականի վիճակագրությունը դեռ չի արտացոլում Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանողների աճը: Միևնույն ժամանակ, սևամորթ ներգաղթյալների համամասնությունը փոքր-ինչ աճել է՝ կազմելով ընտրելու իրավունք ունեցող ներգաղթյալների 10%-ը, որոնց մեծ մասը եկել են Ճամայկայից, Հայիթիից ու Նիգերիայից:

Քաղաքացիություն ստանալու տեմպերը նույնպես շատ են տարբերվում՝ ըստ տարբեր խմբերի։ Ամենաբարձր ցուցանիշը Ասիայից և Մերձավոր Արևելքից ներգաղթյալների շրջանում է: Մեքսիկայից և Կենտրոնական Ամերիկայից ներգաղթյալների պարագայում

քաղաքացիություն ստանալու ամենից ցածր թվերն են, քանի որ նրանց շրջանում տարածված են լեզվական ու կրթական խնդիրները: Բացի այդ Լատինական Ամերիկայից ժամանած ներգաղթյալները ավելի սերտ կապեր են պահպանում հայրենի երկրների հետ, ինչի արդյունքում նրանց շրջանում նվազում է ԱՄՆ քաղաքացիություն ստանալու մոտիվացիան:

Ինչևէ, թեև ներգաղթյալների պարագայում մասնակցությունը ընտրություններին համեմատաբար ցածր է, սակայն ասիացի ու իսպանախոս ներգաղթյալների դեպքում, որոնք ստանում են ԱՄՆ քաղաքացիություն, արագ տեմպերով աճում են քվեարկողների թվերը:

Ներգաղթյալ ԱՄՆ քաղաքացիների թվերն ամենաբարձրն են Միացյալ Նահանգների չորս ամենից բնակեցված նահանգներում՝ Կալիֆոռնիա, Նյու Յորք, Ֆլորիդա և Տեխաս, որտեղ բնակվում է քվեարկելու իրավունք ունեցող ներգաղթյալների կեսից ավելին:

Նշված նահանգներից յուրաքանչյուրում գերակշռում են ներգաղթյալների որոշակի խմբեր։ Օրինակ՝ մեքսիկացիները Կալիֆորնիայում և Տեխասում, դոմինիկացիները՝ Նյու Յորքում, կուբացիները՝ Ֆլորիդայում և հնդիկները՝ Նյու Ջերսիում: Սակայն այլ նահագներում ևս առկա են զգալի քանակությամբ ներգաղթյալ ընտրողներ, ներառյալ՝ կարևոր համարվող տատանվող նահանգներում՝ Ջորջիա, Արիզոնա, Նևադա, Փենսիլվանիա և Վիսկոնսին:

Չնայած աճող թվին, ԱՄՆ քաղաքացիություն ունեցող ներգաղթյալների ազդեցությունը ընտրությունների վրա դժվար է չափել՝ գլխավորապես այն պատճառով, որ նրանք միասնաբար չեն քվեարկում, չեն սահմանում ընդհանուր առաջնահերթություններ։

Ներգաղթյալ տարբեր համայնքներ պատմականորեն տարբեր քաղաքական առաջնահերթություններ են ունեցել: Իռլանդացի ներգաղթյալները 20-րդ դարի մեծ մասի ընթացքում հզոր ուժ էին Դեմոկրատական կուսակցության ներսում, մինչդեռ Ֆլորիդայի կուբայական համայնքը մի քանի տասնամյակ շարունակ եղել է հակակոմունիստական քաղաքականության ամրոցը, որն աջակցում էր Հանրապետական կուսակցությանը:

Չնայած իսպանացի ընտրողները հիմնականում թեքվել են դեմոկրատների կողմը, սակայն Դոնալդ Թրամփին նախկինում հաջողվել է հանրապետականների համար աննախադեպ մակարդակով շահել նրանց աջակցությունը:

Նույնիսկ բուն ներգաղթի հետ կապված հարցերում ներգաղթյալ ընտրողների մոտեցումները հաճախ իրարամերժ են: Մեծամասնությունը պաշտպանում է բժշկական ապահովագրության տրամադրումը փաստաթուղթ չունեցող ներգաղթյալներին:

Վերջապես՝ թեև դեմոկրատներին սատարող ներգաղթյալ ընտրողները գրեթե երկու անգամ շատ են, քան հանրապետականներին համակրողները, բայց շատերն էլ տակավին չեն կողմնորոշվել, թե ում են ձայն տալու։