Ինչո՞ւ է Փհենյանը զորախումբ ուղարկել Ռուսաստան

Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ընը Փհենյանում։ Հունիսի 19, 2024թ․։

Փորձագետներն անդրադաձել են ուկրաինական պատերազմում հյուսիսկորեական զորախմբի հնարավոր մասնակցությանը և թե ինչ հետևանքներ կարող է ունենալ նման զարգացումը Կրեմլի համար։

Սեուլը մտադիր է հատուկ թիմ գործուղել Ուկրաինա՝ դիտարկելու և վերլուծելու ռուսական կողմում հյուսիսկորեական զորախմբի շարժերը՝ ըստ Reuters-ի չորեքշաբթի ասել է Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի անանուն ներկայացուցիչը։

Ըստ պաշտոնյայի՝ Հարավային Կորեայի ու դաշնակիցների գնահատմամբ՝ առնվազն 11 հազար հյուսիսկորեացի զինվորական է տեղակայվել Ռուսաստանում, որոնցից ավելի քան 3 հազարը այժմ գտնվում են ուկրաինական ռազմաճակատին մոտ:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեքշաբթի հայտարարել է, թե իրադարձությունների նման ընթացքը ընդլայնում է հակամարտության շրջանակը։

«Եզրակացությունը մեկն է՝ այս պատերազմը միջազգայնացվում և դուրս է գալիս երկու երկրների՝ [Ուկրաինայի ու Ռուսաստանի] սահմաններից»,- գրել է Զելենսկին Telegram-յան իր ալիքում։

Հարավային Կորեան, որի սերտ կապերը ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ հանրահայտ են, անցած շաբաթ նախազգուշացրեց, թե կսկսի սպառազինության մատակարարումը Ուկրաինա՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի գործողությունների:

Երեքշաբթի Պենտագոնը հայտնեց, թե հյուսիսկորեական փոքրաթիվ զորախումբ է տեղակայվել Ռուսաստանի Կուրսկի մարզում, և այն, ամենայն հավանականությամբ, ուղղվելու է ուկրաինական զինուժի դեմ:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երեքշաբթի հանդիպել է Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին՝ քննարկելու իրավիճակը հյուսիսկորեական զորախմբի առնչությամբ։

Ըստ Associated Press-ի՝ հանդիպման թեմաներից է եղել Կիևին ամերիկյան սպառազինության առաջիկա մատակարարումները՝ ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով։

Your browser doesn’t support HTML5

Ինչո՞ւ է Փհենյանը զորախումբ ուղարկել Ռուսաստան

Ալեքսանդր Ռազումկովի անվան տնտեսական և քաղաքական հետազոտությունների ուկրաինական կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսեյ Մելնիկը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Ռուսաստանում հյուսիսկորեական զորքերի հայտնվելուն Արևմուտքի արձագանքն բավականաչափ խիսը չի համարել։

«Ենթադրում եմ՝ Պուտինը մի քանի նպատակ է հետապնդում։ Եթե խոսենք ռազմական բաղադրիչի մասին, ապա նույնիսկ մի քանի հազար պատրաստված զինվորները լավ օգնություն են ռազմաճակատում, հատկապես՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանն ակնհայտ խնդիրներ ունի պայմանագրային զինծառայողների հավաքագրման հարցում։ Բացի այդ, հնարավոր է, որ հետագայում Հյուսիսային Կորեայից զինվորականների ուղարկումը կանոնավոր դառնա»,- ասում է Մելնիկը։

Սակայն մեր զրուցակցի խոսքով, միևնույն ժամանակ, Պուտինը նաև ավելի գլոբալ խնդիրներ է լուծում. «Դրանցից մեկը Արևմուտքի արձագանքը ստուգելն է։ Սա նոր քայլ է հակամարտության սրացման և միջազգայնացման ուղղությամբ։ Սկզբում Հյուսիսային Կորեայի զինվորականները, ամենայն հավանականությամբ, կներգրավվեն Կուրսկի մարզում ընթացող ռազմական գործողություններին, և դա կլինի, այսպես ասած, փորձարկում»։

Եթե Արևմուտքը «կուլ տա» Կուրսկի մարզի մարտերում հյուսիսկորեական զորախմբի մասնակցությունը, ապա Մոսկվայի և Փհենյանի հաջորդ քայլը կարող է լինել հյուսիսկորեացիներին Ուկրաինայի օկուպացված տարածքներում տեղակայելը՝ կարծում է փորձագետը։

«Հյուսիսային Կորեայից կենդանի ուժի կանոնավոր մատակարարումները կախված են նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Եթե, օրինակ, հաջողվի ոչնչացնել նրանց մեծամասնությանը, կամ տեղի ունենան դասալքության, գերի հանձնվելու զանգվածային դեպքեր, ապա այդ ծրագիրը կձախղվի»,- ամփոփել է Ալեքսեյ Մելնիկը։

Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ընը Փհենյանում։ Հունիսի 19, 2024թ․։

Ռազմական փորձագետ Յան Մատվեևի համար տակավին անորոշ է՝ արդյո՞ք հյուսիսկորեական զորախումբը լիարժեք մասնակցելու է ուկրաիանական պատերազմին՝ հիմք դառնալով, որ Փհենյանը ընդլայնի Կրեմլին ցուցաբերվող նմանատիպ աջակցությունը։

«Չե բացառում, որ Հյուսիսային Կորեայից սկսվի մեծաքանակ զորախմբերի ու տեխնիկայի կանոնավոր հոսք դեպի Ռուսաստան։ Պուտինը ձեռք կբերի մարդուժի լրացուցիչ ռեսուրենր։ Բայց նման մասշտաբի պարագայում ռազմաճակատաում ռուսական կողմի համար կարող են խնդիրներ ծագել, քանի որ կարող են առաջանալ լեզվական ու այլ կարգի խոչընդոտներ»,- ասում է Մատվեևը՝ հավելելով, որ նման զարգացման դեպքում Հարավային Կորեան, Ճապոնիան և ԱՄՆ-ն կընդլայնեն Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը։

Անցած շաբաթ Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) փորձագետները քննարկեցին ռուս-հյուսիսկորեական հարաբերություններում նկատվող նոր միտումները, Հյուսիսային Կորեայի նոր սահմանադրությունը և մի շարք այլ հարցեր:

Քննարկմանը նաև մասնակցում էին կենտրոնի Կորեայի բաժնի ավագ խորհրդական Սիդնեյ Սեյլերը և Նոր ամերիկյան անվտանգության ինստիտուտի (CNAS) ավագ գիտաշխատող Դույեոն Քիմը:

Վերջինիս դիտարկմամբ՝ եթե հյուսիսկորեացի զինվորականները մասնակցեն ուկրաինական պատերազմին՝ նման հակամարտությանը ներգրավելով ավելի քան յոթանասուն տարի առաջ տեղի ունեցած Կորեական պատերազմից հետո առաջին անգամ, ապա փորձ ձեռք կբերեն և առավելություն կստանան հարավկորեացի զինվորականների նկատմամբ, որոնք նման փորձաեություն չունեն։

«Կարծում եմ՝ սա կարևոր դաս է Հյուսիսային Կորեայի համար»,- նշել է Քիմը։

Սեյլերի գնահատմամբ՝ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը տերություններ են, որոնք ձգտում են փոխել միջազգային կարգը՝ խստացնելով իրենց մոտ առկա ավտորիտարիզմը և ուժ կիրառելով ռազմավարական նպատակներին հասնելու համար։ Այդ ուղղությամբ Հյուսիսային Կորեան ակտիվություն է ցուցաբերում և ցանկանում է միանալ «ակումբին», իր զորքերն ուղարկելով Ռուսաստան՝ հաստատում է իր նվիրվածությունը «ընդհանուր գործին»։

«Հյուսիսային Կորեայի գոյության հենց սկզբից այն միշտ եղել է Ռուսաստանի կրտսեր գործընկերը և ամեն ինչի համար Մոսկվայի թույլտվության կարիքն ուներ, նույնիսկ Հարավային Կորեա ներխուժելու համար: Հիմա ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել, և ավագ եղբայրը օգնություն է խնդրում, ուստի դժվար է նույնիսկ պատկերացնել, թե այս ամենը որքան է փոխում Կիմ Չեն Ընի ինքնագնահատականը»,- ասում է Դույեոն Քիմը։

Երկու փորձագետներն էլ համաձայն էին, որ Ռուսաստանի հետ համագործակցությամբ Փհենյանը լրջորեն անհանգստացրել է Սեուլին, ուր մտահոգություն է առաջացել, թե Կրեմլը կարող է նորագույն ռազմական տեխնոլոգիաներ փոխանցել հյուսիսային հարևանին։ Հարավային Կորեայի պաշտոնյաներն այժմ քննարկում են ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ համագործակցությունը, ինչը, ի վերջո, նաև կարող է ազդել Ուկրաինայի պատերազմի ընթացքի վրա։

Մյուս կողմից, ըստ Քիմի, Չինաստանն իրեն «հարմարավետ չի զգում» ձևավորվող իրավիճակում՝ մտավախություն ունենալով, որ ուկրաինական պատերազմում Հյուսիսային Կորեայի զորքերի մասնակցությունը կարող է զգալիորեն բարդացնել իրավիճակը Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

«Չեմ ակնկալում, որ Չինաստանը հրապարակային հայտարարություններ կանի, բայց չեմ բացառում, որ կարող է անաղմուկ ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ»,- նշում է Քիմը:

Սեյլերը կարծիքով՝ Չինաստանը կարող է նաև մտահոգված լինել Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի ազդեցության աճով, և Փհենյանի «անկանխատեսելիությունը» կարող է բացասաբար ընկալվել Պեկինում։

«[Չինացիները] զգում են, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ իրենց սահմանափակ լծակները թուլանում են, որովհետև այժմ Մոսկվան զարգացնում է իր կապերը Փհենյանի հետ»,- ասում է Սիդնեյ Սեյլերը։

«Հյուսիսային Կորեայի հարաբերությունները Չինաստանի հետ, իրականում, այնքան սերտ չեն, որքան կարծում ենք։ Դրանք իրենց ցածրագույն կետին են նախորդ 10 տարիների հետ համեմատած։ Ռուսաստանի տեսանկյունից ընդամենը պրագմատիկ հարաբերություններ են»,- եզրափակեց Դույեոն Քիմը։