Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել Ռուսաստան․ ԱՄՆ


Տղամարդն անցնում է 2024 թվականի հոկտեմբերի 21-ին Սեուլի հանրության համար փողոցում ցուցադրված թերթի կողքով, որտեղ լուսաբանվում է Ուկրաինայի առաջնագիծ զինվորներ տեղակայելու Հյուսիսային Կորեայի որոշումը:
Տղամարդն անցնում է 2024 թվականի հոկտեմբերի 21-ին Սեուլի հանրության համար փողոցում ցուցադրված թերթի կողքով, որտեղ լուսաբանվում է Ուկրաինայի առաջնագիծ զինվորներ տեղակայելու Հյուսիսային Կորեայի որոշումը:

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ապացույցներ ունի Ռուսաստանում հյուսիսկորեական զորքերի գտնվելու մասին։ Վաշինգտոնի հայտարարությունից մեկ օր առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էր նշել, թե Կիևը պարզել է, որ Հյուսիսային Կորեայի ռազմուժի երկու զորամաս վերպատրաստում են անցնում Ռուսաստանում:

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ պարզ չէ, թե երբ կարող են հյուսիսկորեական զորամիավորումները Ռուսաստանի կողմից մասնակցել Ուկրաինայում ընթացող պատերազմին:

«Թե կոնկրետ ի՞նչ են անում, սպասենք և կտեսնենք»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

Ուկրաիանական ռազմաճակատներում հյուսիսկորեական մի քանի հազարանոց զորախմբի ներկայությունը դժվար թե լուրջ ազդեցություն ունենա, սակայն դիտորդները նշում են նման քայլի քաղաքական կողմը:

«Հյուսիսային Կորեայի հարաբերությունները Ռուսաստանի հետ, կարծես, անցում են կատարում ռազմավարական գործընկերությունից, որի շրջանակում [Փհենյանը] զենք էր տրամադրում Ռուսաստանին, բայց չէր մասնակցում մարտական գործողություններին, դեպի գործընկերային հարաբերություններ, որոնց ներքո [Հյուսիսային Կորեան] հանդես է գալիս որպես պատերազմող կողմ: Այս ամենը երկու երկրների հարաբերությունները մոտեցնում է դաշինքին»,- ասում է ամերիկյան Արտաքին հարաբերությունների խորհրդի ներկայացուցիչ Չարլզ Կուպչանը:

Չորեքշաբթի Սպիտակ տունը հայտնեց իր մտահոգությունը՝ Մոսկվայի ու Փհենյանի հարաբերոություններն անվանելոով «անխոհեմ և վտանգավոր»:

«Անհանգստությունը վերաբերում է ոչ միայն Ուկրաինայում պատերազմի վրա [այդ քայլի] ազդեցությանը, այլև [հետևանքներին] Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- նշել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:

Քիրբին հավելել է, թե Վաշինգտոնը կխոսի Պեկինի հետ՝ հասկանալու Չինաստանի արձագանքը նման զարգացմանը։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը նաև զգուշացրել է Փհենյանին․ «Եթե հյուսիսկորեացի զինվորները որոշեն միանալ Ուկրաինայի դեմ պատերազմին, կդառնան օրինական ռազմական թիրախ»:

Ջոն Քիրբին նաև ընդգծել է՝ Կրեմլին Հյուսիսային Կորեայի կողմից ցուցաբերվող նման աջակցությունը նշանակում է, թե որքան հուսահատ վիճակում է հայտնվել Ռուսաստանը։

«Կարծում եմ՝ սա վկայում է, թե որքան անորոշ և անկայուն իրավիճակ է Ռուսաստանում»,- նշել է Քիրբին:

Այս ամենի ֆոնին՝ Միացյալ Նահանգները խոստացել է առաջիկա օրերին նոր պատժամիջոցներ կիրառել ռազմական հարցերում Կրեմլին սատարող երկրների նկատմամբ:

XS
SM
MD
LG