Չինաստանի նախագահ Սի Ծինփինը անցած տարի առաջարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին փոխել Վաշինգտոնի մոտեցումներն ու ԱՄՆ արտաքին քաղաքական ձևակերպումները Թայվանի հարցում:
Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ, որոնք ծանոթ են զրույցի բովանդակությանը:
Անցած տարվա նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում Բայդենի և Ծինփինի հանդիպմանը Չինաստանի ղեկավարը և իր օգնականները խնդրել են Սպիտակ տան ղեկավարին ու նրա վարչակազմի փոխել ԱՄՆ պաշտոնական հայտարարությունների բովանդակությունը Թայվանի վերաբերյալ։
Պեկինը ցանկանում էր, որպեսզի Վաշինգտոնը հայտարարի, թե դեմ է Թայվանի անկախությանը՝ հրաժարվելով ներկայիս ձևակերպումից, ըստ որի ԱՄՆ-ն «չի աջակցում» Թայվանի անկախությանը:
Հետագա ամիսներին Ծինփինի օգնականները բազմիցս կրկնել են առաջարկը, սակայն ամերիկյան կողմը մերժել է այն:
Reuters-ի հրապարակման առնչությամբ Սպիտակ տունն արձագանքել է հայտարարությամբ՝ կրկնելով, որ Վաշինգտոնը չի աջակցում Թայվանի անկախությանը:
«Բայդեն-Հարրիս վարչակազմը հետևողականորեն սատարում է [ԱՄՆ] երկարամյա՝ «մեկ Չինաստան» քաղաքականությունը»,- ընդգծված է հայտարարությունում:
Արձագանքել է նաև Չինաստանի արտգործնախախրությունը՝ խորհուրդ տալով «հարցն ուղղել ԱՄՆ կառավարությանը» և ընդգծելով, թե «Չինաստանի դիրքորոշումը Թայվանի հարցում հստակ է և հետևողական»։
Թայվանի արտգործնախարարությունը հրաժարվել է մեկնաբանությունից:
Թայվանի հարցը շարունակում է մնալ ամենազգայուն խնդիրը ամերիկա-չինական հարաբերություններում: 1979 թվականին ԱՄՆ-ն խզել է պաշտոնական դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ, բայց ամերիկյան օրենքի համաձայն՝ պարտավոր է աջակցել Թայվանի ինքնապաշտպանությանը:
Պեկինը կղզի-պետությունը համարում է կոմունիստական Չինաստանի մաս:
Տակավին պարզ չէ, թե նախագահ Սի Ծինփինը ինչու էր որոշել բարձրացնել այդ հարցը Բայդենի հետ հանդիպմանը, սակայն հայտնի է, որ նրա օրոք Պեկինի դիրքորոշումը Թայվանի հարցում կոշտացել է:
Ըստ Reuters-ի, Պեկինից եկած այդ առաջարկի մասին Վաշինգտոնը տեղեկացրել էր Թայվանին: