Z սերնդի՝ ամենից երիտասարդ ընտրողները ակտիվանում են

ԱՄՆ նախագահական ընտրություններ 2024

ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցող ամենաերիտասարդ ընտրողները Z սերնդի ներկայացուցիչներին են՝ 18-ից 27 տարեկանները։ Նրանցից շատերն ակտիվորեն ներգրավված են քարոզարշավներում՝ լսելի դարձնելով իրենց ձայնը:

Մերիլենդ նահանգի Ռոքվիլ քաղաքի Մոնտգոմերի քոլեջի ուսանողական առաջնորդները վերջերս ստեղծել են փորձնական քվեախցիկ՝ քվեաթերթիկների նմուշներով, և ընտրողների ուսուցման համար հրավիրել են ընտրական հանձնաժողովների պաշտոնյաներին:

Նպատակն է, որպեսզի ուսանողները պատրաստ լինեն քվեարկել նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին:

«Այսօրվա միջոցառումը վերաբերում էր ընտրողների կրթությանը և [նպատակն էր] մարդկանց հնարավորություն ընձեռել ծանոթանալ ընտրատեղամասերին»,- ասում է ուսուցողական ծրագրի կազմակերպիչ Բրիթնի Գրինը:

Մասնակիցներին փորձառությունը դուր է եկել:

«Պարզապես ուզում էի տեսնել, թե ինչ բան է առաջին անգամ քվեարկելը: Առաջին անգամ եմ քվեարկելու նախագահական ընտրություններին, և ուզում էի տեսնել ընթացակարգը»,- ասում է ծրագրի մասնակից Ախյան Դամանգը:

Երիտասարդ ընտրողները հետաքրքրասեր էին, հարցեր էին բարձրացնում

«Երկրի պարտքի հետ կապված ֆինանսական խնդիրներ. Շատ բան չեմ հասկանում, բայց եթե նայեմ, թվում է, թե մեծ թիվ է: Չեմ հասկանում, թե ինչու է այդքան բարձր թիվ առաջացել»,- ասում է մասնակիցներից Ննամդի Իֆեջուկան:

«Կասեի, որ կլիմայի փոփոխությունը կարևոր է, նաև վերարտադրողական իրավունքները»,- ասում է կազմակերպիչներից Լիբի ՄըքՔլեյթոնը:

«Կարծում եմ՝ շատերի համար Ամերիկայի դերն աշխարհում շատ կարևոր հարց է, հատկապես՝ երիտասարդ ընտրողների համար»,- ասում է կազմակերպիչներից Մհամբի Մուսոնդան:

Շատերը անորոշ էին թողնում՝ քվեարկելու են հանրապետական Դոնալդ Թրամփի՞, թե՞ Քամալա Հարիսի օգտին:

Չնայած ԱՄՆ Մերիլենդ նահանգը, որը համարվում է դեմոկրատական, թերևս, մեծամասամբ իր ձանը կտա Հարիսին:

Ջորջիայի երիտասարդ հանրապետականների միության ղեկավար Ժակլին Հարնի կարծիքով՝ բազմաթիվ երիտասարդների համար տնտեսությանը վերաբերող հարցերն են ամենից կարևոր:

«Բնակարանի, մթերային ապրանքների, բենզինի գների աճի ժամանակահատվածում ապրելն ու ընտանիք կազմելը դժվար է»,- ասում է նա:

Իսկ ինչպե՞ս պետք է ընթանան քարոզարշավները՝ երիտասարդ ընտրողների համար ընկալելի դառնալու համար:

Վիրջինիա նահանգի Հերնդոն քաղաքում Քամալա Հարիսի աջակից Կամիլա Ալֆոնզո Մեզան անցնում է տնետուն՝ փորձելով հորդորել մարդկանց քվեարկել դեմոկրատ թեկնածուի օգտին: Միշտ չէ, որ բացում են դուռը, բայց նա անհողդողդ է:

Ասում է՝ նախագահական մրցավազքում նախագահ Ջո Բայդենին փոխարինած Հարիսը աշխուժություն առաջացրեց երիտասարդ դեմոկրատների շրջանում:

«Տեսել եմ էներգիայի և ոգևորության մեծ ալիք այն պահից, երբ փոխնախագահը դարձավ թեկնածու»,- ասում է նա:

Ալֆոնզո Մեզան կարծում է, որ Z սերնդի ընըտորղների թիվը կազմում է ավելի քան 40 միլիոն, որոնք կարող են ազդել ընտրությունների ելքի վրա: