Պատճառը՝ կիրակի կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության՝ նախորդ 15 տարիների համեմատ գրանցած վատագույն ցուցանիշն է, ինչի արդյունքում ծագող արևի երկիրը 1955 թվականից գրեթե շարունակաբար կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և նրա կրտսեր կոալիցիոն գործընկեր Կոմեյտո կուսակցությունը կորցրեցին մեծամասնությունը Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատում։
Երկու կուսակցությունները նվաճել են 465 տեղանոց պալատի 215 աթոռները, մինչդեռ կառավարություն կազմելու համար իրենց հարկավոր է առնվազն 233 պատգամավորական մանդատ, ինչը նշանակում է, որ ըստ կարգի առաջիկա 30 օրերի ընթացքում կառավարություն ձևավորելու համար՝ երկու ուժերին հարկավոր են այլ կուսակցությունների խորհրդարանական քվեներ:
Վարչապետ Շիգերու Իշիբան հայտնվել է ճնշման ներքո, ինչը կարող է հանգեցնել նրա հրաժարականին:
Իշիբան վարչապետ դարձավ ընդամենը անցած ամիս և հույս ուներ, որ համերկրային ընտրությունները կամրապնդեն իր դիրքերը՝ իշխող կուսակցությանը հարվածած քաղաքական, ֆինանսական սկանդալների և երկրում չմարող գնաճի ֆոնին։ Սակայն արդյունքը ճի՛շտ հակառակն է։
Your browser doesn’t support HTML5
Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության համար նախորդ վատ ընտրությունը 2009 թվականին էր, երբ այն կորցրեց իշխանությունը չորս տարով:
«Ճապոնական քաղաքական համակարգն թևակոխում է նոր, անորոշ ժամանակաշրջան»,- ասում է Japan Foresight խորհրդատվական ընկերության հիմնադիր Թոբիաս Հարիսը:
Բոլոր ճանապարհներն այլևս դժվար են լինելու
Մեկ այլ խնդիր է ընդդիմադիր դաշտում առկա իրավիճակը, ուր կոմունիստներից մինչև ծայրահեղ աջեր, իրականում, պառակտված են և անկարող կառավարություն ձևավորելու համար: Ընդդիմադիր շատ կուսակցություններ բացառել են լիբերալ-դեմոկրատների և Կոմեյտոյի հետ կոալիցիա ձևավորելը, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը:
Դիտորդների մի մասի կարծիքով՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և Կոմեյտոն կարող են փորձել ձևավորել, այսպես կոչված, փոքրամասնության կառավարություն՝ հենվելով փոքր, աջ կենտրոնամետ կուսակցությունների վրա, ինչպիսիք են Ժողովրդի դեմոկրատական կուսակցությունը և Նորարարական կուսակցությունը:
Բայց շատ հաճախ նման պայմանավորվածությունները կայուն չեն լինում:
Պակաս ուշագրավ հարց չէ, թե ինչ քաղաքական ապագա է սպասվում Իշիբային։ Կրկնենք՝ շաբաթներ առաջ էր, ինչ նա հաղթանակած դուրս եկավ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում ընթացող պայքարից՝ զբաղեցնելով քաղաքական ուժի ղեկավարի և երկրի վարչապետի աթոռները՝ առաջ անցելով հանգուցյալ վարչապետ Սինձո Աբեի կողմնակիցներից:
Սակայն ընտրությունների արդյունքները թուլացրել են ինչպես Իշիբային, այնպես էլ կուսակցության ներսում նրա հակառակորդներին:
Թեև Իշիբան պատրաստակամություն է հայտնել ձևավորել նոր կառավարություն, բայց դիտորդները թերահավատ են, որ նրան կհաջողվի երկար մնալ ղեկավարի աթոռին, նաև այն պատճառով, որ գալիք տարվա հուլիսին երկրի խորհրդարանի վերին պալատի ընտրություններն են:
Արտաքին քաղաքական մարտահրավերները
Չնայած ներքին քաղաքական նման իրավիճակին, Ճապոնիայի արտաքին քաղաքականությունում լուրջ փոփոխություններ չեն սպասվում, թեև որոշ առաջնահերթություններ կարող են նահանջել:
Պաշտպանության նախկին նախարար Իշիբան առաջ է տանում Ճապոնիայում մի ստվար զնագվածի համար վիճահարույց գաղափարներ՝ ՆԱՏՕ-ի ասիական տարբերակի ձևավորումը և ԱՄՆ հետ միջուկային համագործակցությունը:
Բայց նրա թուլացած քաղաքական դիրքը նշանակում է, որ այդ ծրագրերն այլևս դժվար կլինի առաջ մղել:
«Արտաքին քաղաքականության մեջ մեծ փոփոխություն չի լինի. Բայց ակնհայտ է, որ այս ընտրությունների արդյունքում արտաքին քաղաքականությունը կկորցնի իր նշանակությունը նոր կառավարության համար»,- ասում է Չիբա քաղաքի Մեյկայ համալսարանի գլոբալ հետազոտությունների ամբիոնի պրոֆեսոր Տեցուո Կոտանին:
Դիտորդների խոսքով՝ նման զարգացումը կարող է խնդիրներ ստեղծել Տոկիոյի համար, քանի որ Ճապոնիայի առջև են Հյուսիսային Կորեայից ու Չինաստանից եկող սպառնալիքները և ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ կապված անորոշությունը:
Աբեի նախկին խորհրդական Տոմոհիկո Տանիգուչիի կարծիքով՝ թեև ԱՄՆ հետ դաշինքը առաջնահերթ է Ճապոնիայի համար, սակայն ընդդիմադիր շատ կուսակցություններ սակավ են հետաքրքրված երկրի ռազմական հնարավորությունների ընդլայնմամբ:
«Նրանք այնքան էլ շահագրգռված չեն հարկային եկամուտների ավելացմամբ՝ գումարները ուղղելու երկրի վերազինմանը»,- ասում է Տանիգուչին:
Մյուս կողմից՝ քաղաքական առումով թուլացած Ճապոնիայի վարչապետը կարող է դժվարությունների բախվել, օրինակ, Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ, եթե, իհարկե, հանրապետական, գործիչը հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ հավելում է Տանիգուչին:
«Պարոն Թրամփի հետ խոսելու համար պետք է ուժեղ լինեք, պետք է լավ քաղաքական կապիտալ ունենաք, իսկ Իշիբան դժվար ունենա նման բան»,- եզրափակեց Տոմոհիկո Տանիգուչին: