Փորձագետների գնահատմամբ՝ իրանական նշված օբյեկտներից մեկը կապված է Թեհրանի միջուկային, մյուսը՝ բալիստիկ հրթիռների ծրագրերի հետ: Վնասված շենքերից մի քանիսը իրանական «Փարչին» ռազմաբազայում են, որտեղ ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ), նախկինում Իրանն իրականացրել է հզոր պայթուցիկ նյութերի փորձարկումներ, որոնք կարող են կիրառվել միջուկային զենքի արտադրությունում:
Այստեղ հիշեցնենք, որ Իրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, այնինչ՝ ԱԷՄԳ-ն, արևմտյան հետախուզական ծառայություններն այն կարծիքին են, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծելու ծրագիր է ունեցել առնվազն մինչև 2003 թվականը:
Իսրայելական հարվածը նաև ուղղված էր «Խոջիր» ռազմաբազային, ուր, դարձյալ, ըստ փորձագետների, կառուցված են ստորգետնյա թունելային համակարգ և հրթիռների արտադրամասեր:
Your browser doesn’t support HTML5
Իրանական կողմը տակավին անարձագանք է թողել այս հաղորդագրությունը՝ «Փարչին» ու «Խոջիր» ռազմակայաններին հասցված իսրայելական հարվածների մասին, թեև խոստովանել է, որ գրոհի հետևանքով զոհվել են իր հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների չորս զինվորականներ:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կիրակի հայտարարեց, թե Իսրայելի հարձակումը «չպետք է չափազանցվի կամ նսեմացվի»։ Ուշադրություն է գրավել, որ Խամենեին չի խոսել անհապաղ պատասխան հարված հասցնելու մասին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույն օրը հայտարարել է, թե իսրայելական հարվածները «լուրջ վնաս են հասցրել» Իրանին, և «հասել են իրենց բոլոր նպատակներին»։
Այսքանով հանդերձ՝ տակավին պարզ չէ, թե, ընդհանուր առմամբ, քանի տեղ է թիրախավորվել իսրայելական հարձակման ժամանակ: Այս առումով ևս իրանական կողմը լուռ է:
Իրանցի պաշտոնյաները նշել են, որ թիրախավորվել են Իլամի, Խուզեստանի և Թեհրանի նահանգները: Շաբաթ օրը հրապարակված Planet Labs PBC-ի արբանյակային լուսանկարներում երևում է Իրանի Իլամ նահանգում գտնվող «Տանգե Բիջար» բնական գազի արդյունահանման տեղամասի վնասված հատվածը, թեև հաստատապես պարզ չէ՝ արդյո՞ք այն իսրայելական հարձակման հետևանք է: Իլամ նահանգը գտնվում է Իրանի արևմուտքում՝ Իրաքի սահմանին:
Նույն՝ Planet Labs-ի արբանյակային լուսանկարների համաձայն՝ համեմատաբար լրջորեն վնասվել են Թեհրանից մոտ 40 կիլոմետր հարավ-արևելք գտնվող «Փարչինում» առկա կառույցները՝ մեկը ավերվել է, մյուսները՝ վնասված տեսք ունեն:
«Խոջիրում», որը գտնվում է Թեհրանից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա, վնասվել են առնվազն երկու կառույցներ:
Վիրջինիայում գործող CNA վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Դեքեր Էվելեթը, Վաշինգտոնում գործող Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի աշխատակից Ջո Թրուզմանը և սպառազինության գծով ՄԱԿ-ի նախկին տեսուչ Դեյվիդ Օլբրայթը նշում են, AP-ի կողմից ձեռք բերված տեսանյութերը, ուր պատկերված է, թե իրանական հակաօդային պաշտպանության ուժերը ինչպես են կրակ վարում շաբաթ վաղ առավոտյան, ցույց են տալիս՝ ինչ է կատարվել վերը նշված երկու ռազմաբազաներում։
Օլբրայթի անվան գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի ներկայացմամբ, մասնավորապես, «Փարչինում» վնասվել է «Թալեղան-2» անվամբ կառույցը, ուր, ըստ իսրայելական տվյալների, սարքավորումներ էին, որոնք պետքական են պայթուցիկների փորձարկումների համար:
«Այնտեղ կարող է փորձարկվել հզոր պայթուցիկ նյութերի միջոցով բնական ուրանի միջուկի սեղմումը, որը նմանակում է միջուկային պայթունի մեկնարկը»,- ասված է ինստիտուտի՝ դեռ 2018 թվականին հրապարակված զեկույցում:
Կիրակի վաղ առավոտյան X սոցհարթակում արված հաղորդագրությամբ ինստիտուտը հավելել է, թե «հստակ չէ՝ արդյո՞ք «Թալեղան 2» օբյեկտում Թեհրանն իրականացնում է աշխատանքներ՝ կապված ուրանի հետ»:
Ուշագրավ է, որ իսրայելական գրոհի ժամանակ հարվածներ չեն հասցվել Իրանի նավթարդյունաբերությանը, ուրանի հարստացման օբյեկտներին և Բուշերի ատոմակայանին:
ԱԷՄԳ ղեկավցար Ռաֆայել Մարիանո Գրոսսին X-ում գրել է, որ «Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել»:
«Փարչինում» ու «Խոջիրում» ավերված մյուս շենքերը, հավանաբար, իրենցից ներկայացնում են պահեստներ և այլ նշանակության շենքեր, որոնք իրանական կողմը, ըստ երևույթին, օգտագործում է բալիստիկ հրթիռների համար անհրաժեշտ կոշտ վառելիք ստանալու համար՝ ասում է Դեքեր Էվելեթը:
Շաբաթ օրը տեղի ունեցած հարձակումից անմիջապես հետո հրապարակված հայտարարությամբ իսրայելական զինվորականները նշել են, թե թիրախավորել են «հրթիռների արտադրության օբյեկտները, որոնք օգտագործվում են այն հրթիռների արտադրության համար, որոնք Իրանը արձակել էր Իսրայելի ուղղությամբ անցնող տարվա ընթացքում»:
Փորձագետների կարծիքով՝ նման օբյեկտների ոչնչացումը կարող է սահմանափակել բալիստիկ հրթիռներ արտադրելու Իրանի կարողությունը։
2022 թվականին ԱՄՆ զինուժի Կենտրոնական հրամանատարության այն ժամանակվա հրամանատար, գեներալ Քենեթ ՄըքՔենզիի կողմից Միացյալ Նահանգների Սենատում արված հայտարարության համաձայն՝ Իրանի բալիստիկ հրթիռների ընդհանուր զինանոցը, որը բաղկացած է նաև կարճ հեռահարության հրթիռներից և որոնք չեն կարող հասնել Իսրայելին, կազմում է ավելի քան 3 հազար միավոր։ Հիշեցնենք՝ այս տարվա ընթացքում Իսրայելի դեմ երկու հարձակումների ժամանակ Իրանը արձակել է հարյուրավոր հրթիռներ:
Հատկանշական է, որ իսրայելական հարձակումից հետո որևէ տեսանյութ կամ լուսանկար չի հրապարակվել, որը կվկայի քաղաքացիական նշանակության օբյեկտին հասցված վնասի մասին, ինչը խոսում է ավիացիայի կիրառմամբ իսրայելական գրոհի ճշգրտության վերաբերյալ։
Բացառություն է կազմում Թեհրանից հարավ՝ Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ գտնվող Շամսաբադ արդյունաբերական քաղաքում տեղակայված
շենքը, որը պատկերող տեսանյութերի ուսումասիրության համաձայն, ըստ ամենայնի, թիրախավորվել է TIECO ընկերությունը, որը սարքավորումներ է արտադրում Իրանի նավթա-գազային արդյունաբերության համար: Ընկերությունը դեռ չի արձագանքել հարցմանը: